HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն անդրադարձել է Շիրակի մարզում գրանցված մոր և պտղի մահացության դեպքերին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց  Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ:

Առողջապահության նախարարության  գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները:  

Արմեն Մուրադյանը շեշտեց,  որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու:

«Դա շարունակական գործընթաց է, որը միտված է  ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի  նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս  նվազագույնի կհասցվեն  ռիսկի գործոնները»,-ընդգծեց նախարարը:

Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց մշտապես լինել զգոն, ուշադիր և  աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն  ընդգծեց,  որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա:

Նա մարզային ծննդատների տնօրեններին և բուժաշխատողներին հորդորեց որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի  կյանքը փրկելը վայրկյանների հարց է:

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի և Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում և կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը  առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել դեպքերի հետ կապված հանգամանքները:

«Օրենքով սահմանված կարգով, մինչև նախաքննության փուլի և/ կամ քրեական վարույթի ավարտը տվյալների հրապարակումը թույլատրելի չէ»,- հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter