Գետափնյայի համայնքապետը «հեռու» է աճուրդներից, նա ուղիղ վաճառք է իրականացնում
Ամառային արձակուրդներ են. Արարատի մարզի Գետափնյա գյուղի երեխաները շտապում էին գյուղի գրադարան` գիրք ընտրելու համար: Գրադարանի մոտ երեխաներին դիմավորեց ոչ թե գրադարանավարը, այլ՝ համայնքապետ Մկրտիչ Ազատյանը: «Երեխեք, գրադարանավարը տեղում չի, քիչ ուշ եկեք»,- ասաց համայնքապետը:
Գրադարանը տեղավորվել է համայնքապետարանի շենքի մի հատվածում: Առավոտյան գրադարանավարը եկել էր, մուտքի դուռը բացել, սակայն իր հիմնական գործառույթը թողած շրջում էր փողոց առ փողոց աղբի գումար հավաքելու համար: Մկրտիչ Ազատյանն ասաց, թե իրենց գյուղի վրա հարկահավաք «չի գալիս»: Սկզբում մի տղա է աշխատել, հետո թողել է իր գործը ու հեռացել երկրից: Դրանից հետո ոչ ոք չի ցանկացել հարկահավաքի աշխատանքը կատարել, ուստի այդ պարտականությունները կատարում է գրադարանավարը: Համայնքապետի խոսքով՝ յուրաքանչյուր շնչից գանձվում է 50 դրամ աղբի վճար, սակայն դա էլ ժամանակին չեն վճարում, ստիպված գրադարանավարը տնետուն ընկած գումար է հավաքում:
Պարզվեց, որ Գետափնյան նաեւ աշխատակազմի քարտուղար չունի: Մկրտիչ Ազատյանն ասաց, որ քարտուղարի գործերն անում է իր գործավարուհին, իհարկե, հիմնական բեռն իր ուսերին է «մնում»: «Բյուջե չունենք, այդպես գոնե գումար կտնտեսենք»,- բացատրում է համայնքապետը:
Գետափնյան ոչ միայն հավաքարար ու աշխատակազմի քարտուղար չունի, այլեւ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, Երեւանին կապող բարեկարգ ճանապարհ: Համայնքի վարչական շենքը նախկինում եղել է տարրական դպրոց, սակայն տարիներ առաջ այդ դպրոցն էլ փակվեց, եւ այժմ երեխաները հաճախում են հարեւան Ղուկասավան ու Գեղանիստ գյուղերի դպրոցներ: Երեխաները Գեղանիստի դպրոց ոտքով են գնում: Համայնքապետ Ազատյանը չափել է, իրենց տան մոտից մինչեւ դպրոց երկու կիլոմետր ճանապարհ է:
Գետափնյա գյուղն ունի 312 աշակերտ եւ, ըստ համայնքի ղեկավարի` դպրոց կառուցելու բոլոր հիմքերը կան: «Կոմունիստների ժամանակ էլ այնքան գրեցինք, որ գոնե մի դպրոց կառուցեն, այդպես էլ չկառուցեցին: Աշակերտներից մեկը ավտովթարից մահացել է, բայց հարցին լուծում չի տրվել: Նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը խոստացել էր, որ կօգնի դպրոց կառուցելու հարցում, սակայն ազատվեց աշխատանքից: Արամայիս Գրիգորյանին էլ եմ ներկայացրել դպրոցի խնդիրը, սակայն նա էլ փոխվեց, իսկ նոր մարզպետին դեռ չեմ դիմել»,- ասում է Գետափնյայի համայնքապետը:
Արարատում մարզպետները փոխվում են, իսկ Գետափնյայի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում: Գյուղը մայրաքաղաքին միացնելու ամենակարճ ճանապարհը Աէրացիայի ճանապարհն է, սակայն տարիներ շարունակ չեն կարողանում գումար հատկացնել, որ մոտ 250 մ ճանապարհն ասֆալտապատեն: «Ով տեսնում` ասում է այդ ճանապարհի մասին, արդեն ամաչում եմ: Բայց չգիտենք, եթե ասֆալտապատենք էլ Չարբախից ամբողջ սելավաջրերը գալիս են գյուղ, դրան գումարվում է նաեւ կոյուղաջրերի հոսքը, որոշ օրերին գյուղով անցնել չի լինում, խոլերայի բուն է լրիվ»,-նշում է համայնքապետը:
Նրա խոսքը լրացնում է գյուղի հաշվապահ Ալվարդ Աղավելյանը: Նա էլ է տարակուսած ու չգիտի, թե ինչպես է լուծվելու կեղտաջրերի ու դրա հետ արդեն փողկապակցված ասֆալտի հարցը: «2-3 տարի է անընդհատ դիմել ենք ասֆալտի հարցով, քանի որ ջրատարների հարցը չի լուծվում, կասկածի տակ է դրվում նաեւ ճանապարհի վերանորոգումը, որովհետեւ ստացվում է գումարը դնում են ջրի տակ, ու ջուրը գալիս լվանում տանում է: Բայց ուրիշ ելք էլ չունենք»,- նշում է Ա. Աղավելյանը:
Թե’ համայնքապետը, թե’ հաշվապահը միաբերան պնդում էին, որ համայնքի բյուջեով հնարավոր չէ գյուղում ներդրում անել: Հարցին, թե ինչի վրա է ծախսվում 26 մլն դրամը, նրանք սկսեցին հերթով թվարկել, որ այդ գումարով աշխատավարձ են վճարում, կարիքավորներին, հայրենական պատերազմի մասնակիցներին օգնություններ են տալիս, թաղումների ժամանակ 50.000 դրամ միանվագ օգնություն են տալիս նաեւ հանգուցյալի հարազատներին, գումար են հատկացնում աղբահանության, փողոցների լուսավորության համար:
Վերջին տարիների միակ խոշոր ներդրումը եղել է գյուղը ոռոգման ջրով ապահովելը: Մկրտիչ Ազատյանի ասելով՝ Գետափնյան 20 տարի ոռոգման ջուր չի ունեցել, գյուղացիներն իրենց հողերը ոռոգել են Աէրացիայի կոյուղաջրերով: Անցյալ տարի խնդիրը մարզպետարանի օժանդակությամբ լուծվել է, Հրազդան գետից ջուր են վերցնում, սակայն ջուրը գալիս է հողե առվակներով եւ կորուստներ են ունենում: Օրեր առաջ գգյուղացիներն իրենց ուժերով առուն մաքրել են եղեգներից, որ ջուրը գյուղ հասնի: Համայնքապետն այլ ներդրումների մասին չասաց, փոխարենը բոլոր խնդիրները կապում էր նվազ բյուջեի հետ:
Բյուջեն համալրելու միջոցներից մեկն էլ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքն է: Գետափնիայում հունիսի 13-ին 394.2 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողի աճուրդ էր հայտարարված: Մինչ աճուրդն սկսվելը մասնակիցները համայնքապետի աշխատասենյակում էին, թեեւ աճուրդն այլ սենյակում պետք է անցկացվեր: «Մեր գյուղում առաջին անգամ է աճուրդ լինում, 400 մ հող ա, իրա հողի կողքն ա, ըտենց հանել ենք, թե չէ, ինձ պե՞տք է հող վաճառեմ»,- մինչեւ աճուրդն սկսելն ասաց համայնքապետը, անուղղակի հաստատելով, որ աճուրդը ձեւական է լինելու եւ այդ «հողի հարեւանն» էլ գնելու է 394.2 քմ հողատարածքը: Այդպես էլ եղավ:
Աճուրդին մասնակցելու երեք հայտ էր գրանցվել, մեկը չէր եկել: Հողի մեկնարկային գինը սահմանվել էր 490 հազար դրամ, իսկ մեկ քայլի գինը 20 հազար դրամ էր: Երեք քայլից հետո մասնակիցներից Կարեն Ադամյանը «հանձնվեց» եւ հողը 550 հազար դրամով գնեց Մկրտիչ Սանոսյանը: Աճուրդը վարում էր հաշվապահ Ալվարդ Աղավելյանը, ով անմիջապես շնորհավորեց հաղթողին: Համայնքապետը սաստեց նրան` «գրանցումներն արա’, նոր շնորհավորի»:
Մկրտիչ Ազատյանից հետաքրքվեցինք, թե այս տարի այլ աճուրդ ունենալու են, համայնքապետն այսպես պատասխանեց. «Դժվար, ես նման բաներից հեռու եմ, չեմ ուզում: Ով հող ունի` ընկել է կրակը, ուզում է վաճառի: Այսօր հողը եկամուտ չի տալիս, հետաքրքրվող չկա»: Համայնքապետը դարձյալ պնդում էր, որ այսքան ժամանակ ոչ հող է վաճառել, ոչ աճուրդ արել, առաջին դեպքն է, որովհետեւ «որ կողմ թեքվում ենք հող ու տուն են վաճառում»:
Մինչդեռ Գետափնյայի ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հողեր վաճառվել են, բայց ոչ թե աճուրդով, այլ՝ ուղիղ վաճառքով, այն էլ՝ երեւանաբնակներին: Օրինակ, ավագանին հունվարի 14-ի N-4-Ն որոշմամբ թույլատրել է համայնքապետին, որպեսզի վերջինս գյուղի 21-րդ փողոցի վրա գտնվող 25.4քմ գրասենյակը եւ 0,00381 hա «խառը կառուցապատման« հողամասը ուղղակի վաճառքով օտարի Երեւան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչներից մեկին:
Ուղղակի վաճառքով համայնքային սեփականություն օտարվել է նաեւ 2013թ.-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել