
ՕԵԿ-ը ԵԽԽՎ համազեկուցողների հետ խոսել է ԼՂՀ հարցի, շփման գծում դիպուկահարների կրակոցների մասին
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ քննարկել է Մաքսային միություն անդամագրվելու Հայաստանի դիրքորոշման հարցը: Հանդիպումից հետո Մհեր Շահգելդյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք շեշտել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Մենք ասել ենք, որ ԼՂՀ կողմից ռազմական ուժի կիրառման էսկալացիա է գնում, հաճախակի են դառնում դիպուկահարների կրակոցները, դիվերսիոն խմբերի գործողությունները, որի արդյունքում զոհվում են զինվորներ, ուստի միջազգային կառույցների կողմից ակնկալում ենք համապատասխան արձագանք: Ընդհանուր կոնտեքստում խոսվեց նաև Նախիջևանյան դեպքերի շուրջ»,- ասաց Մ. Շահգելդյանը:
Նա նաև նշեց, որ ՕԵԿ-ը ներկայացրել է իր դիրքորոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի ժողովրդավարացման, մասնավորապես ընտրական համակարգի, 100 տոկոսանոց ընտրական համակարգին անցում կատարելու վերաբերյալ:
«Խոսել ենք կուսակցությունների ֆինանսավորման հիմնահարցերի մասին: Քննարկվեցին նաև տնտեսական դեմոկրատիային վերաբերող հիմնախնդիրներ, մասնավորապես ասվեց, որ լրջագույն խնդիրներ կան տասնյակ հազարավոր մանր ու միջին ձեռնարկատերերի համար, երբ մի հաշվապահի սխալի պատճառով մարդիկ կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Խոսեցինք սեփականության իրավունքի պաշտպանության, մարդու իրավունքների այլ ոլորտների մասին»,- հավելեց պատգամավորը:
Մեկնաբանել