Բողոքի ցույց Ախալքալաքում. ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն գոհացրել «Ոչխորհրդարանական ընդդիմությանը»
Աղունիկ Այվազյան
Ջավախքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն գոհացրել «Ոչխորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչներին: Նրանք որոշել են բողոքարկել արդյունքները: Այսօր Ախալքալաքի «Ոչխորհրդարանական ընդդիմության» նախընտրական շտաբի դիմաց հավաքված մարդիկ պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները և վերականգնել արդարությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ջավախքում ընտրությունններին մասնակցող կուսակցություններից հիմնական պայքարն ընթացավ «Վրացական Երազանք» և «Ոչխորհրդարանական ընդդիմություն» քաղաքական ուժերի միջև:
Այսօր կայացած բողոքի ակցիային ելույթներով հանդես եկան ընդդիմության որոշ առաջնորդներ: «Մեր հաշվարկներով ձայների 60 տոկոսով կուսակցությունն է հաղթել, իսկ գամգեբելին (շրջանային վարչության նախագահը-հեղ.) բացարձակ հաղթել է: Եթե տոկոսային հարաբերությամբ ասենք, ապա 90/10, չնայած փոխել են իրենց օգտին: Բեժանո, Վաչիան, Կարտիկամ, Ազարվեթ, Արագվա, Դիլիսկա, Կարծախ, Գոման, Դադեշ. բոլոր գյուղերում կիրառել են տարբեր կարգի խախտումներ: Մեր դիտորդներին են տարածքներից դուրս հանել, փող են բաժանել, լցրել են, մեր թերթիկներն անվավեր են համարել, տեղամասեր կան՝ 35 տոկոս քվեաթերթիկներ անվավեր են համարել, արձանագրություննրեն են փոխել, գյուղեր կան, որ մինչև հիմա արձանագրությունները չեն լրացրել, կամ բերել տարածքային ընտրական տեղամաս»,- հայտարարեց Մելիք Ռաիսյանը:
«Ոչխորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչները տարածքային ընտրատեղամասից պահանջում են չեղյալ համարել հունիսի 15-ին անցկացված ընտրությունների արդյունքները կամ քվեաթերթիկների նոր հաշվարկ կատարել: «Երկու դեպքում էլ մեր օգտին է, ես համոզված եմ, որ ձայների ավելի բարձր տոկոս կունենանք»,-նշեց Մելիք Ռաիսյանը:

Իսկ ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանը կոչ արեց ցուցարարներին պայքարել մինչև վերջ: «Մեր պայքարը պիտի շարունակենք ու հասնելու ենք հաղթանակի: Եթե անգամ մի քանի՝ շատ չէ, մի 10 տեղամասում վերահաշվարկ կատարվի, ապա մենք միանշանակ հաղթելու ենք»,- ասաց նա:
Ցուցարարներին միացավ նաև «Ոչխորհրդարանական ընդդիմության» առաջնորդ Կախա Կուկավան: Նա իր ելույթում հայտարարեց, որ Ախալքալաքում մեծ քանակությամբ ու զարմանալի ընտրախախտումներ են կատարվել և պետք է պայքարել, ինչի համար և ինքն այստեղ է: Այնուհետև ցուցարարները ուղևորվեցին դեպի Ախալքալաքի տարածքային ընտրական հանձնաժողովի շենք՝ իրենց բողոքն արտահայտելու: Կախա Կուկավան 10 րոպեանոց հանդիպում ունեցավ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, որից հետո ժողովրդի առաջ հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք եղանք շրջանային ընտրական հանձնաժողովում և կարող եմ ասել, որ դա ավելի շատ նման էր «սիցիլիական բանդայի»` գլխավորությամբ Հասմիկ Մառանգոզյանի: Անպայման, անկախ ամեն ինչից, ինչպես կընթանա և ինչ լուծում կստանան մեր բողոքարկումները, մենք դատական գործ կհարուցենք նրա դեմ: Վաղը՝ ժամը երկուսին, Ախալքալաքում կլինեն եվրոպական կազմակերպությունների, տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ, անկախ դիտորդներ, փորձագետներ և այլք: Դրա համար շատ կարևոր է, որ վաղը՝ 1:30-ին, մենք ավելի շատ մարդկանցով հավաքվենք: Նրանց այս պահին ճնշում են և վերևից, և ներքևից, բայց ժողովուրդը չի հանգստանա: Ժողովուրդը կհանգստանա այն բանից հետո, երբ քաղաքապետի աշխատասենյակ կմտնի այն մարդը, ում ընտրել են: Նա Արտաշես Փալանջյանն է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել