HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախալքալաքում անվավեր է ճանաչվել այնքան քվեաթերթիկ, որքան անվավեր է ճանաչվում ամբողջ պետությունում»

Հարցազրույց Վրաստանի «Ոչխորհրդարանական ընդդիմության» առաջնորդ Կախա Կուկավայի հետ

-Ինչպե՞ս կգնահատեք Ախալքալաքում անցկացված ընտրությունները:

-Ես կասեմ Ձեզ, որ  ընտրությունների ընթացքին, խախտումներին հետևելու մեծ փորձ ունեմ: Այն, ինչ հիմա Ախալքալաքում է կատարվում, ես նման բան չեմ տեսել օրինակ 2008 հունվարին, երբ ընտրում էին Սահակաշվիլիի և Կաչեչիլաձեի միջև: Նույնիսկ այդ ժամանակ ես չեմ հիշում, որ, օրինակ, 2000 ձայն անվավեր ճանաչվեր: 2000 ձայն Ախալքալաքում անվավեր են ճանաչել, բոլորը մեր հավաքած ձայներն են, այն մարդկանց ձայնը, ովքեր քվեարկել են առաջին համարի օգտին: Որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ եթե մի ընտրատարածքում 4-5 քվեաթերթիկ է անվավեր համարվում, ապա դա շատ է: Երբ 3000 ձայն անվավեր է ամբողջ Վրաստանով մեկ, դա նորմալ է: Հասկանում եք, երկու օր առաջ Ախալքալաքում անվավեր են ճանաչվել այնքան քվեաթերթիկներ, որքան անվավեր է ճանաչվում ամբողջ պետությունում նորմալ ընտրությունների ժամանակ: Սրանից բացի, նույնիսկ հիմա կարող ենք ստուգել. Վրաստանի ԿԸՀ-ի կայքում տեղեկություններ կան ընտրատեղամասերի վերաբերյալ, նույնիսկ իրար չեն համապատասխանում: Պաշտոնապես ԿԸՀ-ն հաստատում է, որ ինչ-որ ընտրամասում ընտրության են գնացել 300 ընտրող, որից 250 քվեարկել է «Վրացական Երազանք»-ի, 100-ը՝ «Ոչխորհրդարանական ընդդիմության» օգտին, 50-ը՝ ինչ-որ մեկ ուրիշի օգտին և այլն: Այսինքն՝ ստացվում է շատ ավելին, քան ընտրողներն են: Հասկանալի է, որ ինչ-որ մեկը լցոնումներ է արել:

-Կարո՞ղ եք ընտրախախտումների կոնկրետ օրինակներ բերել:

-Կան, այսպես ասած, «Բրեժնևյան ընտրամասեր», այսօր ինձ ասացին, օրինակ, Գոմանի ընտրամասի վերաբերյալ, որտեղ ընտրության է գնացել 400 ընտրող և 400-ն էլ քվեարկել են «Վրացական Երազանքի» օգտին: Հասկանում ենք,  որ ստեղծված իրավիճակը ընտրությունների իրական պատկերը չի արտացոլում: Իհարկե, սա արվել է մի քանի պատճառով: Սա արվել է ընդդեմ Ախալքալաքի տեղի հայ խաղաղ բնակչության, որպեսզի հնարավորություն չտան ընտրելու իրենց վարչության նախագահին, և ընդդեմ մեր բլոկի՝ «Ոչխորհրդարանական ընդդիմության», որովհետև նրանք չեն ուզում, որ մենք կարողանանք հաղթահարել նվազագույն շեմը և մտնել խորհրդարան:Գլխավորն այն է, որ այս ամենից տուժում է Վրաստանի պետականությունը, որովհետև Ջավախքը առանձնահատուկ տարածաշրջան է, նույնիսկ, այսպես ասած, դժվար տարծաշրջան:

-Ի՞նչ ի նկատի ունեք:

-Այստեղ միշտ եղել են խոսակցություններ, որ անջատողականության վտանգ կա: Ի՞նչ է նշանակում անջատողականություն: Դա այն դրությունն է, երբ քաղաքացին չի ենթարկվում պետականությանը, չի ուզում մասնակցել պետության կառույցների գործնեությանը: Հիմա իրավիճակն այդպիսին է: Երբ կենտրոնական իշխանությունը չի թողնում այս մարդկանց, որ ինտեգրվեն: Երբ ընտրության է գնում տեղի 5000 հայ բնակիչ և ուզում է, ոչ թե ինքնավարություն, այլ ուզում է ընտրել իր վարչության նախագահին: Իսկ նրանց ասում են, որ մենք դա ձեզ չենք թողնի, արդեն պարզ է,  թե ով է այս տարածաշրջանում անջատողական տրամադրություն ստեղծում: Ամեն տեղ անջատողական մտքեր են ծնվում այն ժամանակ, երբ մարդիկ մտածում են, որ իրենց համար ամեն ինչ վատ է, որ նրանք ոչ լիարժեք քաղաքացի են, պետությունը իրենց թշնամաբար է վերաբերում և այլն: Մենք միշտ Թբիլիսիում նստած քննադատում էինք այստեղի հայ բնակչությանը, որ միշտ քվեարկում են իշխող կուսակցության օգտին և այլն: Ահա, հայ բնակչությունը այս ընտրությունների ժամանակ շատ կարևոր քայլ է կատարել՝ ի օգուտ Վրաստանի պետության, ոչ թե մեր բլոկի: Մարդիկ հավատացել են, որ կարող են ընտրել գամգեբելի (շրջանի վարչության ղեկավարին-հեղ.): Անցել են Սահակաշվիլու ժամանակները, բայց նրանց խաբել են:

-Ի՞նչ արդյունք եք ակնկալում երեկվա ցույցից:

-Նվազագույնը հասնելու ենք նրան, որ վերահաշվարկ կատարվի և վարչության նախագահը լինի Արտաշես Փալանջյանը, ինչպես նաև նշանակալի կավելանա մեր պատգամավորների ներկայացվածությունը տեղական Շրջանային ժողովում: Եվ գլխավորն այն է, որ սրանից չի շահում կոնկրետ մի կուսակցություն: Ախալքալաքն ի վերջո Վրաստանի կենտրոնը չէ, և այնքան էլ կարևոր չէ կոնկրետ ինչ-որ մի կուսակցության համար, սակայն շատ կարևոր է վրաց պետականության համար: Եթե մենք չկարողանանք հասնեք դրան, ապա դա կլինի Վրաստան պետության ամենամեծ բաց թողնված շանսը: Այսօր, շատ պարզ ու հնչեղ Ջավախքի հայ բնակչությունն ասում է, որ նրանք ուզում են ինտեգրվել, մասնակցել պետության կայացման գործընթացին:

Զրուցեց՝ Աղունիկ Այվազյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter