HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պենտակամպեոնները չկարողացան «կոտրել» մեքսիկացիներին

Աշխարհի առաջնության առաջին տուրն ավարտված է: Վերջին՝ G խմբում երեկ Բելգիան 2-1 հաշվով հաղթեց Ալժիրին: Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց աֆրիկացիներից Սոֆիան Ֆեղուլին, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը: 70-րդ րոպեին Ֆելաինին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ. գտնվելով թիկունքով դեպի դարպասը՝ վերջինս հաղթող դուրս եկավ պաշտպանի հետ պայքարում եւ գլխով շեղեց գնդակի ուղղությունը, որն էլ հայտնվեց ցանցում: 80-րդ րոպեին էլ Մերտենսը շեշտակի հարվածով առաջ մղեց իր թիմին: Բելգիա-Ալժիր՝ 2-1:

Հանդիպման տեսանյութը՝ այստեղ

Խմբի մյուս խաղում մրցեցին Ռուսաստանն ու Հարավային Կորեան: 68-րդ րոպեին հաշիվը բացեց Կյուն Հո Լին, որի հեռահար ուժեղ հարվածից հետո դարպասապահ Ակինֆեեւը ձեռքերի միջից բաց թողեց գնդակը՝ յուրօրինակ նվեր անելով մրցակցին: Սակայն Կապելլոյի թիմը չհանձնվեց. 74-րդ րոպեին կորեացիների դարպասի մոտ ստեղծված խառը իրավիճակում առաջինը կողմնորոշվեց Կերժակովը՝ հաշիվը դարձնելով 1-1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:

Խաղի մանրամասները՝ այստեղ:

G խմբի առաջատարը, այսպիսով, Բելգիան է՝ 3 միավորով, ռուսներն ու կորեացիներն ունեն 1-ական միավոր, իսկ Ալժիրն առայժմ ձեռնունայն է:

Երեկ կայացավ նաեւ երկրոր տուրի առաջին խաղը, որում մրցեցին Բրազիլիան ու Մեքսիկան: Չնայած աշխարհի հնգակի չեմպիոններն ամեն կերպ փորձում էին խոցել «ացտեկներին», սակայն դարպասապահ Օչոան հրաշքներ էր գործում՝ անընդհատ հետ մղելով գնդակը: Մյուս կողմից՝ մեքսիկացիներն էլ ձեռքերը ծալած չէին նստել, նրանք շեշտը դրել էին հեռվից ուժեղ հարվածների վրա, որոնք, սակայն, ամեն անգամ մի փոքր շեղ էին ստացվում:

Դիտարժան պահերը՝ այստեղ:

Ամերիկա աշխարահամասի երկու ներկայացուցիչներն այս խաղից հետո ունեն 4-ական միավոր, իսկ նախորդ տուրում նրանց պարտված Հորվաթիան ու Կամերունը կմրցեն կեսգիշերն անց՝ 02:00-ին:

Մինչ այդ ասպարեզ դուրս կգան B խմբի թիմերը. 20:00-ին՝ Ավստրալիա-Հոլանդիա, 23:00-ին՝ Իսպանիա-Չիլի: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հոլանդիան 5-1 հաշվով ջախջախեց գործող չեմպիոն իսպանացիներին: Իսկ Չիլին 3-1 հաշվով հաղթեց Ավստրալիային: 

Լուս.-ը՝ Getty Images   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter