![](/static/articles/55/25/l-o7WM4RfF0M.jpg)
Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. 5 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր լույս գիշեր՝ ժամը 00.20-ին մոտ, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել ավտոպատահար:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փոխանցում է, որ դեպքը պատահել է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ին: Այսպես՝ ՊՆ N զորամասի ենթասպա, 26-ամյա Մհեր Զարոյանի վարած «ՈւԱԶ 452» մակնիշի 35 ԼՏ 972 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Օհանյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 24 ՏԼ 232 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 23-ամյա Ոսկան Բադալյանի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 67 ԼԼ 042 համարանիշի ավտոմեքենային:
«ՈւԱԶ 452»-ի վարորդ Մհեր Զարոյանը և ուղևորները` Ակունք գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ենուկյանը և ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի ավագ, Վարդենիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Իսկ «ՎԱԶ 2106»-ի վարորդ Մհեր Օհանյանը և նրա ուղևորներ, Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Արկադի Թադևոսյանը, 25-ամյա Արա Թադևոսյանը, 45-ամյա Կարեն Բադալյանը տեղում մահացել են: Հիվանդանոցում մահացել է նաեւ «ՈւԱԶ 452»-ի ուղևոր, ՊՆ N զորամասի հրետանային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 27-ամյա Սարգիս Պողոսյանը:
«ԳԱԶ 24»-ի վարորդ, 1988 թ. ծնված Ոսկան Բադալյանը ստացել է թեթեւ վնասվածքներ եւ հրաժարվել է բժշկական օգնությունից: Վիրավորված Ենուկյանի եւ Գասպարյանի վիճակը գնահատվել է բավարար, Զարոյանինը՝ ծանր:
Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ` 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և նույն գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում էին նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ռուբեն Գինոյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայրում էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի մեծ թվով քննիչներ` քննչական բաժանմունքի պետ Խաչիկ Ավոյանի և քննիչ Մարատ Ավետիսյանի գլխավորությամբ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել