Դպրոցի ճամփան երկար է, դժվար
Նանե Պասկևիչյան
Վեց տարի սովորելուց, գիտելիքդ հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո, թվում է, արդեն պատրաստ ես մրցակցության, որին քեզ հրավիրում են «Կրթություն» թերթում զետեղված հայտարարությունները։
Մրցույթը կազմակերպվում է Ուսումնական Հաստատության Ուսուցչի Թափուր Տեղի Համար Անցկացվող օրինակելի կարգով, համաձայն որի երեք օր առաջ ստեղծվում է հինգ հոգանոց հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամներից չորսը դպրոցից են (տնօրեն, տնօրենի ուսումնական գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, ուսուցիչ)։ Մեկ ուսուցիչ հրավիրվում է այլ դպրոցից։
Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ հինգից առնվազն երեքը պետք է կողմ լինեն թեկնածուին։ Գրավոր ու բանավոր փուլերն անցած, հավասար միավորներ հավաքած թեկնածուների միջև ընտրություն կատարում է արդեն ոչ թե հանձնաժողովը` այլ դպրոցի տնօրենը:
Մեր իրականությանը քիչ թե շատ ծանոթ մեկն, ով նաև գիտե, որ կրթության ոլորտն ամենակուսակցականացվածն է, կհասկանա, որ այստեղ կա կոռուպցիոն ռիսկ եւ որ որոշում ընդունելիս տնօրենն իր «հեղինակությամբ» կարող է ճնշել հանձնաժողովի մյուս անդամներին, որոնց գերակշռող մեծամասնությունն իր ուղիղ ենթականերն են։
Կոռուպցիոն ռիսկը մեծացնում են նաեւ օրինակելի կարգի այն դրույթները, համաձայն որոնց մրցույթի անցկացման օրը հանձնաժողովը կարող է ընդունել կամ մերժել հայտերը:
Մրցույթի պայմանները նշված են հայտարարության մեջ։ Օրենքն էլ ասում է, որ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը պետք է ստուգի բոլոր մասնակիցների հայտերը, իսկ անճշտության դեպքում տեղեկացնի, որ նրանք սխալն ուղղելու հնարավորություն ունեն։
Եթե, ըստ օրենքի՝ պատասխանատու անձն է ստուգում փաստաթղթերը, ինչպե՞ս կարող է հանձնաժողովն անճշտություններ հայտնաբերել եւ ինչպ՞ես պետք է հայտատուն մրցույթի ընթացքում ուղղի նկատված անճշտությունները։ Պարզ է, որ չի կարող եւ ուղղակի դուրս կմնա մրցույթից։
Ի՞նչ արգելքի մասին է խոսքը, եթե օրենքն ասում է, որ դիմումի, բուհի դիպլոմի, անձնագրի, աշխատանքային գրքույկի, լուսանկարի, ինքնակենսագրականի, զինվորական գրքույկի, արտասահմանցիների համար՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող թղթի առկայության դեպքում բոլորը կարող են մասնակցել մրցույթին:
Պարզվում է, որ հայտատուն մրցույթին չի կարող մասնակցել, եթե դատական կարգով անգործունակ է ճանաչված, դատական կարգով զրկված է մանկավարժական գործունեությունից, եթե տառապում է մանկավարժի աշխատանքին խոչընդոտող հիվանդությամբ, եթե նրա դատվածությունը մարված չէ եւ նմանատիպ այլ դեպքեր։
Այս ամենը գրված է «Կրթություն» թերթում հրապարակվող հայտարարություններում։ Եւ, բնականաբար, նման խնդիրներ ունեցողը հայտ չի ներկայացնի, իսկ եթե անգամ ներկայացնի, դժվար թե որեւէ մեկը զբաղվի հայտատուի կենսագրության հետազոտմամբ, քանի որ դա ժամանակ եւ լրացուցիչ ջանք է պահանջում։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`գրավոր և բանավոր: Այս նպատակով ԿԳ նախարարությունը մշակել է հարցաշարեր, որոնք նախապես հրապարակվում են «Կրթություն» շաբաթաթերթում։ Յուրաքանչյուր փուլի համար նախատեսված է 100 հարց, որոնք ունեն հնարավոր երեք պատասխան։
Գրավոր և բանավոր հարցաշարերից ոչ մեկը չի ստուգում տվյալ առարկայից՝ հայտ ներկայացնողի ունեցած գիտելիքը: Այսինքն`անգլերենի եւ կենսաբանության մասնագետները պատասխանում են նույն հարցերին։ Օրինակ՝
- Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանումէ…
- Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները անցկացվում են…
- Ո՞վ է համարվում երեխա:
- Իրավական ակտը համարվում է նորմատիվ…
- Ինչպե՞ս է սահմանվում «ուսուցիչ» հասկացությունը:
- Ո՞ր հատկությունն է բնորոշ գրեթե բոլոր դեռահասներին։
Անգլերենի կամ ցանկացած այլ առարկայի համար դիմած հայտատուն պատասխանում է հարցերի, որոնք կապված են սահմանադրության, նորմատիվ ակտերի, օրենքների, դպրոցի կանոնադրության, մի քիչ էլ մանկավարժության հետ: Թեստերից ոչ մեկը չի ստուգում մասնակցի, ասենք՝ անգլերենի քերականության, ուղղագրության, հնչյունաբանության և բառապաշարի գիտելիքը: Չկա նաև հարց այն մասին, թե ինչպես կարելի է ավելի հեշտ երեխաներին բացատրել, օրինակ՝ ներկա կամ անցյալ ժամանակաձևերը:
Հարցաթերթն 90%-ով լրացնողները հաղթահարում են մրցույթի գրավոր փուլը։ Բանավորի մասնակիցը առաջադրանքների հարցաշարից վիճակահանությամբ ընտրում է 5 հարց: Օրինակ`
- Ո՞վ է արձանագրում մանկավարժական խորհրդի նիստերը:
- Ուսումնական հաստատությունում ո՞ր տեղն է համարվում թափուր:
- Հանրակրթական դպրոցներում ե՞րբ է սկսվում ուսումնական տարին։
- Ո՞ր նորմատիվ փաստաթղթով է սահմանվում դասի տևողությունը։
- Որքա՞ն պետք է լինի մոնիտորի էկրանից մինչև համակարգչով աշխատող անձի աչքերի հեռավորությունը:
Այս «քավարանը» բարեհաջող անցնելուց հետո երջանիկ հայտատուն երեք ամիս փորձաշրջանով դպրոց մտնելու հնարավորություն է ստանում։ Իսկ թե ի՞նչ է լինում հետո, կպատմենք հաջորդ հոդվածում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել