
Լևոն Զուրաբյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ծանոթացել է ոչ իշխանական խորհրդարանական քառյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջներին՝ նշելով, որ փաստաթուղթը կազմողները մի քիչ շտապողականություն են ցուցաբերել ու որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել: Նա նշեց, որ եթե քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն «պարտադրում ենք», «պահանջում ենք» բառերը:
Այս առնչությամբ «Հետքի» հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց արձագանքը նման հայտարարություններին մեկն է. «Սերժիկ, հեռացիր»:
Մեր հարցին, թե արդյոք քառյակը շտապողականությո՞ւն է դրսևորել ու լեզվաշարադրական սխալներ թույլ տվել, Զուրաբյանը պատասխանեց. «Լեզվաշարադրական, այո, մի սխալ կա, որը ընդունում ենք: Դա այն է, որ չենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց այդ լեզվաշարադրական սխալը մենք կուղղենք»:
Պատասխանելով հարցին, թե երբ կուղղվեն, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կուղղենք, էլի, ժամանակ կա, կուղղենք»:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք համագործակցելու նպատակ Սերժ Սարգսյանի հետ չեն ունեցել ու չեն ունենա: «Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբևիցե համագործակցություն եղե՞լ է: Ոչ մի համագործակցություն այս ռեժիմի հետ չի կարող լինել: Իսկ 12 կետերը պահանջ են իշխանությանը: Պահանջ ներկայացնելը համագործակցությո՞ւն եք համարում… »,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա շեշտեց, որ եթե իշխանությունները բացի պարտադրանքից «ուրիշ լեզու հասկանային», իրենք այլ լեզվով կխոսեին: «Բայց էլի չեն հասկանում… Իրականում միակ լեզուն, որը հասկանում է այս ռեժիմը, բազմամարդ ժողովրդի առկայությունն է Ազատության հրապարակում»,- հավելեց նա:
Մեկնաբանել