
ՀՀԿ-ն չի ընդունում, որ քառյակի 12 կետերի հարցում հակասող հայտարարություններ է հնչեցնում
Իշխանությունը չի ընդունում, որ քառյակի 12-կետանոց պահանջների հարցում միմյանց հակասող հայտարարություններով է հանդես գալիս:
Չնայած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քառյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջներից շատերն իր համար ընդունելի են, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, թե իրենք ուրախ են, որ քառյակը առողջ առաջարկներ է ներկայացնում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկան հակառակ դիրքորոշմամբ՝ նշելով, որ Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 պահանջներից և ոչ մեկը, որոնք ընդգրված չեն կուսակցության նախընտրական ծրագրում, չեն ընդունվի:
Ավելին, Ս. Սարգսյանը նաև հեգնեց, որ քառյակը շտապողականություն է դրսևորել ու լեզվաբառապաշարային սխալներ թույլ տվել՝ իրենց ներկայացնելով «պահանջներ»:
«Հետքը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, ինչու ՀՀԿ-ականների դիրքորոշումները հանկարծ կտրուկ փոխվեցին: Սակայն Բաղդասարյանը չընդունեց, որ իրենք հակասող հայտարարություններ են հնչեցնում՝ նշելով, որ «բա իհարկե» իրենք ուրախ են:
«Ես ասում եմ՝ կոնստրուկտիվ առաջարկներ են անում, որոնք մենք կքննարկենք: Ամեն հարցի հետ կապված մենք ունենք մեր կարծիքը, մեր դիրքորոշումը: Ես հարյուր անգամ կրկնել եմ ու նորից եմ կրկնում՝ իմպերատիվ իրենց առաջարկները մենք չենք ընդունում, պետք է քննարկենք»,- նշեց նա:
Մեկնաբանել