HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տգիտության ազատություն

Նարինե Ղազարյան

Ով սովորել է բուհում խորհրդային ժամանակներում, գիտի՝ դասագրքերի տեսականին միշտ խիստ սահմանափակ էր։ Կարող էր լինել որևէ դասընթաց, որի համար լիներ ընդամենը մեկ հրատարակված դասագիրք կամ խնդրագիրք ամբողջ Խորհրդային Միության համար։ Եվ այդ գիրքը հրատարակում և վերահրատարակում է ինը տասնյակ տարիներ շարունակ։ Սակայն, պետք է խոստովանել, որ այն, իրոք, լինում էր լավագույնը։ Պատահում էր, որ նույնիսկ արտասահմանյան համալսարանները, թողնելով իրենց մեծաքանակ և տարատեսակ դասագրքերը, թարգմանում էին հենց այդ մի սովետական դասագիրքը և օգտագործում որպեստվյալ մասնագիտության հիմնական դասագիրք։

Անկախ Հայաստանում ամեն բան դարձել է անկախ, այդ թվում` բուհական դասագրքերի ընտրությունը։ Արդյունքում գրեթե ցանկացած իրեն հարգող դասախոս մի քանի տարի նույն առարկան կարդալուց հետո իր պարտքն է համարում հրատարակել իր դասախոսությունների հավաքածուն` որպես դասագիրք։ Ընդհանուր առմամբ, դա դրական երևույթ է։ Դասագիրքը հայերեն է, լիովին համապատասխանում է կարդացվող ծրագրին և այդ առումով, իհարկե, հեշտացնում է առարկայի ընկալումը։ Բայց այստեղ թաքնված է մի մեծ ԲԱՅՑ.․․

Դասագրքի որակը և ճշտությունը պրակտիկորեն հեղինակի մասնագիտական մակարդակի և խղճի վրա են։ Անշուշտ, ձեւականորեն այդ գրքերն անցնում են փորձաքննություն, սակայն մի կողմից` հեղինակը հաճախ տվյալ նեղ մասնագիտության լավագույն կամ նույնիսկ միակ մասնագետն է Հայաստանում, մյուս կողմից` գիրքը հայերեն է (հնարավոր չէ դիմել օտարալեզու փորձագետին), այդյունքում գրեթե անհնարին է դառնում անցկացնել իրական փորձաքննություն: 

Ճիշտ է, պետք է խոստովանել, որ նման դասագրքերը մեծամասամբ վատը չեն.այստեղ որպես որակի երաշխիք դասախոսի տարիների փորձն է եւ իրական ցանկությունը` սովորեցնել ուսանողներին։ Ավաղ, նույն բանը չի կարելի ասել ուրիշ` «ավելի թեթև» ուսումնական ձեռնարկների մասին, որոնք հրատարակվում են բուհերում։ Դրանք կարող են լինել տարատեսակ գործնական կամ լաբորատոր պարապմունքների ձեռնարկներ կամայլ նմանատիպ նյութեր։ Սովորաբար, փորձառու մասնագետները չեն բարեհաճում ինքնուրույն գրել նման նյութեր։ Նրանք վերահանձնարարում ենայդ գործը իրենց ասպիրանտներին կամ լաբորանտներին։ Վերջիններն էլ լավագույն դեպքում տիրապետում են մասնագիտական գիտելիքներին, այն էլ` ոչմիշտ, սակայն ծանոթ չեն ուսուցման մեթոդներին և հաճախ նույնիսկ տվյալ դասըթնացի ծրագրին։

Ձեռնարկը գրելու նպատակով սովորաբար ինտերնետից բեռնում են ռուսալեզու մի քանի նման նյութեր, թարգմանում են (հաճախ՝ սխալ), խառնում և միացնում են իրար տարբեր աղբյուրներից վերցված նյութերը (հաճախ` անտեղի), և արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է։ Իսկ ստացվել կարող է միանգամայն տարբեր արդյունք։ Այնուհետև դասախոսը, պատահում է` նույնիսկ առանց կարդալու, այդ տեքստի տակգրում է իր անունը։ Ամբիոնի վարիչն էլ երբեմն, նույնպես առանց կարդալու,միայն հարգելով դասախոսին` տալիս է ամբիոնի կողմից երաշխավորություն։Որոշ դեպքերում այդ ֆորմալ երաշխավորությունը հաստատում է ամբիոնի գիտխորհուրդը։ Նման կերպ «երաշխավորված» ուսումնական ձեռնարկը հասնում է բուհի գիտխորհուրդ, որտեղ, հարգելով ֆակուլտետի մասնագիտական կարծիքը, ձեռնարկն ավտոմատ կերպով երաշխավորվում է և ուղարկվում տպագրության։ Նման գործընթացի հետևանքով պատահում է, որ ուսանողներին հասնում են տպագրական դասընթացներ կամ ձեռնարկներ, որոնք պիտանի չեն ուսման համար։ Լավագույն դեպքում դրանք շարադրված են անհասկանալի, իսկ վատագույն դեպքում ուղղակի պարունակում են սխալներ։ Հարց է ծագում` ով և ինչ ձևով նման  դեպքում պիտի պատասխանատվություն կրի։

Այդ խնդիրը մենք քննարկեցինք Հայաստանի առաջատար բուհի՝ ԵՊՀ-ի գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանի հետ։ Նրա հավաստմամբ` ԵՊՀ-ում բոլոր, նույնիսկ ամենափոքրիկ ուսումնական ձեռնարկները պարտադիր պիտի անցնեն մասնագիտական փորձաքննություն համապատասխան ֆակուլտետներում։ Միայն ֆակուլտետների գիտխորհուրդների երաշխավորությամբ ձեռնարկը կարող է հաստատվել համալսարանի գիտխորհրդի կողմից, տպագրվել և օգտագործվել ուսումնական ծրագրերում։ Այդպիսի պրակտիկան, պարոն Սողոմոնյանի կարծիքով, նվազագույնի է հասցնում անորակ դասագրքի հավանականությունը։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա համալսարանը չունի որևէ նորմատիվ փաստաթուղթ, որը վերաբերում է պատասխանատվությանը հենց տվյալ վրիպումների համար։ Սակայն, պարոն Սողոմոնյանը հավաստիացրեց, որ եթե հայտնաբերվի նման դեպք, ապա ռեկտորատն, անշուշտ, մանրակրկիտ կուսումնասիրի և կհայտնաբերի դրա պատճառները, և բոլոր մեղավորները կկրեն պատասխանատվություն։ Ընդ որում` պատասխանատվության կկանչվեն ինչպես մասնագիտորեն ոչ կոմպետենտ հեղինակները, այնպես էլ ստուգելու իրենց պարտականությունները պատշաճ կերպով չիրականացնող աշխատակիցները։

Իհարկե, եթե խոսքը ԵՊՀ-ի մասին է, ապա համոզված ենք, որ նման ձեռնարկ գրողները կամ դասավանդման համար օգտագործողները խիստ կպատժվեն։ Բայց արդյոք մենք կարո՞ղ ենք համոզված լինել Հայաստանի այլ բազմաթիվ բուհերի պարագայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter