
Ռուստամյանը՝ քառյակի 12 կետերի մասին. «Օդից չեն եկել այդ պահանջները»
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իշխանությանը հորդորում է քառյակի պահանջներում եղած անիրական կետերը մատնանշել: Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե ոչ իշխանական խորհրդարանական քառյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջների փաստաթուղթը կազմողները մի քիչ շտապողականություն են ցուցաբերել ու որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են թույլ տվել՝ Ռուստամյանը նկատեց. «Քննարկումներն այս կամ այն կետերի հետ կապված իրականացվել են ԱԺ-ում, և օդից չեն եկել այդ պահանջները, դրանք պահանջներ են, որոնք հասարակությունն է ներկայացնում, և, այո, պահանջներ են, որոնք, եթե չեք իրականացնում, ուրեմն գործ ունենք հասարակության անտեսման հետ»:
Դիտարկմանը, թե իշխանությունը համագործակցության կոչ է անում, Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Էտ ենք անում էլի, միասինը ո՞րն է. միասինն այն է, որ նաև մեր առաջարկները լսեն: Մենք այդ առաջարկները ներկայացրել ենք, իրենք բերել են իրենց առաջարկները և այդ առաջարկների վրա շատ հապճեպ ներկայացրել են ԱԺ»։ Անդրադառնալով աշնանը սպասվող հանրահավաքին՝ Ռուստամյանն ասաց. «Հանրահավաքը մենք որոշել ենք, որ պետք է կատարենք, մենք մեր հաստատումներից դուրս չենք գալիս, այսինքն, ինչ որոշել ենք, այդպես էլ կանենք»:
Մեկնաբանել