Քննարկվեցին խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում իրականացվող եւ նախատեսվելիք ծրագրերը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:
Քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գերմանական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կենցաղային կոշտ թափոնների կառավարում եւ այլն:
Կողմերն առանձնահատուկ անդրադարձան խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում իրականացվող եւ նախատեսվելիք ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց KfW բանկի աջակցությամբ խմելու ջրի համակարգի վերականգնմանն ու բարելավմանն ուղղված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը», որի շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Վանաձորում եւ շրջակա համայնքներում:
Քննարկվեցին նաեւ Կապսի ջրամբարի շինարարության ծրագրին առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատեցին ծրագիրը կյանքի կոչելու իրենց պատրաստակամությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ջրամբարի շինարարության ֆինանսավորման, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարման ծրագրի աջակցության հարցերը կընդգրկվեն առաջիկայում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների օրակարգում:
Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնությանհետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել