HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ճանապարհներին տարեցտարի ավելի շատ երեխա է մահանում

Հայաստանում արագաչափ սարքերի և խաչմերուկներում երթևեկությունը վերահսկող տեսախցիկների գաղափարը պաշտպանելիս ոստիկանության ներկայացուցիչները չեն զլանում հիշեցնել, որ իրենց սուրբ պարտքն է մահացության վիճակագրության դեմ պայքարը` բերելով «հաջողված» օրինակների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Սակայն ցավալին այն է, որ ընդհանուր թվի սղաճին զուգահեռ տարեցտարի ավելանում է վթարների ու վրաերթների հետևանքով մահացած անչափահասների թիվը:

Այսպիսով, համաձայն ՀՀ ոստիկանությունից տրամադրված տեղեկությունների՝ 2012 թվականին վրաերթի հետևանքով մահացել է անչափահաս (իսկ ավելի ճիշտ` 16 տարին չլրացած) 6 երեխա-հետիոտն, իսկ վթարի հետևանքով` ևս 8 երեխա-ուղևոր:  2013 թվականին այս թվերը աճել են` կազմելով համապատասխանաբար 7 և 12:

Այսինքն, 2013 թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանի ճանապարհներին մահացած երեխաների թիվը աճել է 36 տոկոսով:

Դպրոց

Կարիք չկա երկար պատմելու, որ հայկական դպրոցները երեխաներին ռեալ գիտելիքներ չեն տալիս ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության մասին: Խնդիրը լուրջ է և, իրականում, շատ ավեի լայն է` ներառելով նաև քաղպաշտպանության ոլորտը:

Հարկ է ընդգծել, որ մեր երկրում ճանապարհներին մահացող հետիոտների կեսից ավելին վրաերթի է ենթարկվում արգելված վայրում փողոցը հատելիս, ինչը, որպես կանոն, համապատասխան գիտելիքների ու մշակույթի բացակայության արդյունք է: Եվ եթե մշակույթի ձևավորման համար հարկավոր է ժամանակ, ապա գիտելիքներն այդ ոլորտում պետք է դասավանդվեն դպրոցում: Պետք է ամեն օր երեխաներին սովորեցնել ու վարժեցնել ճիշտ տեղում փողոց անցնել: Եվ, համոզված եղեք, վիճակագրությունը կփոխվի:

Դպրոցական ծրագրից բացակայող այս և բազմաթիվ այլ խնդիրներին մենք կանդրադառնանք առաջիկայում:

Մանկական նստատեղ

Մեկ անգամ չէ, որ գրել ենք, թե որքանով կպակասեր ճանապարհներին մահացության դեպքերը, եթե երթևեկեն ամրակապված ամրագոտիներով: Պարզապես նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն մահացած վարորդների և ուղևորների շուրջ կեսը չէր մահանա, եթե լիներ ամրակապված (ընդ որում, խոսքը նաև հետևի նստատեղի ուղևորների մասին է):

Սակայն ցանկացած մեքենայի ցանկացած նստատեղ (դրա ամրագոտու հետ) նախատեսված է չափահաս մարդու չափսերի ուղևորի համար: Որպեսզի ամրագոտին նույնքան արդյունավետ լինի նաև երեխաների համար, դեռևս տասնամյակներ առաջ ստեղծվեցին մանկական ավտոմոբիլային նստատեղերը:

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ բոլոր զարգացած երկրներում 150 սմ-ից ցածրահասակ և 12 տարին չլրացած ուղևորները կարող են երթևեկել միայն հատուկ մանկական նստատեղով: ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը վկայում է, որ մանկական նստատեղը (պարզապես ամրագոտիի համեմատ) 43 տոկոսով պակասեցնում է երեխաների մահացության ցուցանիշը, իսկ ծանր մարմնական վնասվածքների ցուցանիշը նվազում է շուրջ 4 անգամ (75 տոկոսով):

Թեև մանկական նստատեղերը արդեն պարտադիր են նաև ոչ միայն Եվրոպայում, այլև հետխորհրդային Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում ու Բալթյան երկրներում, դրանց մասին Հայաստանում դեռ չեն խոսում: Դե, խոսքը մի երկրի մասին է, ուր վարորդներն ամրագոտու փոխարեն սև ժապավեն են գցում ՃՈ-ին խաբելու համար, իսկ հետևի նստատեղի ամրագոտիները ապամոնտաժում են:

Ավելին, այժմ շատերը կհակաճառեն, որ մանկական նստատեղի գինը սկսվում է 15-20 հազար դրամից և այս ազգի սոցիալական վիճակում այն պարտադիր դարձնելը կարող է բողոք առաջացնել: Սակայն եթե ծնողը, ով մեքենայի համար փող ունի, բայց 15-20 հազար դրամ խնայելով՝ վտանգում է իր երեխայի կյանքը, պետությունը պետք է «խելք սովորեցնի»:

Ճանապարհային ոստիկանությունը պետք է իրականացնի իրական բարեփոխումներ, ինչպիսիքն են տեխզննության ինստիտուտի վերականգնումը (ինչի  մասին մենք խոսել ենք), վտանգավոր ռեցեդիվ ունեցող վարորդներին վարորդական իրավունքից զրկումը (դրան էլ ենք անդրադարձել), հանրության իրազեկվածության բարձրացումը, ամրագոտիների նկատմամբ վերաբերմունքի խստացումը և, իհարկե, մանկական նստատեղերի պարտադիր ինստիտուտի ներդրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter