Արագ-արագ կրկնում էի նոր անունս, որ անգիր հիշեի՝ ով եմ ես
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Կան բաներ, ինչի մասին չի կարելի գրել-ասել, կան մարդիկ, ում անունները չի կարելի հրապարակել, քանի տարի էլ անցնի: Սակայն այսօր ցանկանում եմ պատմել որոշ դրվագների մասին, որ տեղ չեն գտել իմ երկու գրքերում:
Պատկերացնո՞ւմ եք, երբ հարազատ տունդ չես տեսել մոտ 2 տասնյակ տարի: Եվ ահա հրաշքով հայտնվել ես տանդ կողքին, բայց չես կարող պարզապես մոտենալ և ներս մտնել:
2009 թ. նոյեմբերի 27, 23:10, մութ է, բավական սառը գիշեր, Նոր Նորքի 8-րդ զանգվածի ծայրային շենքերի և մյուս կողմում գտնվող գործարանների արանքով վեր բարձրացող ճանապարհի վերջում եմ կանգնած: Ովքեր գիտեն այս թաղերը, լավ կպատկերացնեն՝ խոսքը Նոր Նորքի 8-րդ զանգվածը 5-րդին միացնող «Լաչին» կոչվող ճանապարհի մասին է: 200-300 մետր հեռավորության վրա պարզ է երևում մեր տունը: 90-ականների սկզբին հայրս 16 հարկանի շենքի 1-ին հարկի տարածքում ստոմատոլոգիական պոլիկլինիկա էր կառուցել: Այժմ այն մեր տունն է դարձել, և դիմացը ծաղիկներով բարձր ցանկապատ է: Նայում եմ ու տեսնում դիմացը լուսավորված պատուհանները: Հայրս և մայրս երևի նստած զրուցում են կամ հեռուստացույց նայում: Տան օջախի ջերմությունն այնքան մոտ է, բայց ես…

Ինչ-որ շարժ եմ նկատում. եղբայրս դուռը բացեց, ներս մտավ: Փոքր տարիքում ամբողջ օրը հեծանիվ էի քշում այդ փողոցներով, շենքերի արանքներով: Տեսնում եմ ֆուտբոլի դաշտը, որտեղ շնչակտուր գնդակի հետևից էինք վազում, որ գոլ խփենք… Հարազատ տուն, հարազատ թաղ, որոշ կառույցներ են ավելացել, բայց շունչը նույնն է:
Հիշողությունների գիրկն ընկա, բայց սթափվել էր պետք: Ոչ շատ հեռու՝ «Նուբարաշենի» բանտում արդեն մի քանի ժամ է՝ իրարանցում է: Բոլոր համապատասխան կառույցներն արդեն տեղեկացված են՝ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը: Ասես ազգի համար վտանգ են ներկայացնում բժշկականի ուսանողն ու Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հետախույզը:

Ժամեր առաջ դուրս պրծնելով դժոխային մահվան տնից, ուղեցույց ունենալով հեռուստաաշտարակի կարմիր լույսերը, ուղիղ գծով շարժվում էի դեպի Նոր Նորք: Երբ շնչակտուր վազում էի ամայի տեղերով, ճահիճների, ծակծկող թփերի միջով, քարերի վրայով, շորերս պատառոտվել էին: Պետք է ինձ կարգի բերեի ու շարժվեի առաջ: Նորից նայեցի հարազատ տան ուղղությամբ և միայն մտովի ներս մտա, համբուրեցի ծնողներիս, եղբորս և շարունակեցի ինձ բախտ ընկած ճանապարհը:
Իմ պատմությունները կարող է ձեզ ֆիլմ թվան, կարող է մտածեք, թե կինո եմ պատմում, այնպես, ինչպես մենք էինք պատանի տարիքում պատկերացնում կոմս Մոտե Քրիստոյի պատմությունը կարդալիս: Մտածում էինք՝ դե՛, հորինվածք է. ինչպե՞ս կարող են մարդուն բանտել չկատարած հանցանքի համար, ինչպե՞ս կարող է նա փախչել բանտից ու վերադառնալ Ողջերի աշխարհ: Բայց այն, ինչ գրում եմ, իրականություն է: Պատմվածքներիցս մեկը վերնագրել եմ հենց այդպես. «Սա կինո չէ»:
Մինչև 1996թ. խայտառակ դատավարությունը մտքովս էլ չէր անցնում փախչել, որովհետև հանցանք չէի գործել: Միայն երբ հասկացա, որ չկա մեր երկրում արդարադատություն և անմեղ լինելով՝ պետք է ամբողջ կյանքս բանտում լինեմ, դիմեցի փախուստի:
Արդեն գիշերվա 1-ի մոտ էր: Մայրուղուց մի փոքր հեռու, ամայի տեղում, փնտրում էի «նշանը»: Ահա գտա. ասես փոքրիկ քարանձավ լինի: Քարը մի կողմ հրեցի ու տեսա սպորտային պայուսակը, բացեցի:
Նայում եմ իմ նոր անձնագրին, նոր անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, նոր ծննդյան թիվ, ամիս, օր: Արագ-արագ կրկնում եմ անունս, որ անգիր հիշեմ, թե ես ով եմ: Ահա և ինքնաթիռի տոմսը, որոշակի գումար առաջին ամիսների համար: Պատառոտված շորերս հանում- շպրտում եմ, հագնում եմ նոր շորեր, վերցնում եմ պայուսակը և…
Աչքերս լցվում են, կարծես ծառն արմատահան են անում, որ տանեն մեկ ուրիշ՝ օտար հողի մեջ տնկեն: Կայացնում եմ ճակատագրական որոշում. ես չեմ հեռանա Հայաստանից: Իսկ միգուցե ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ… Չեմ մտածում ընդհանրապես, ոչ մի միտք, պարզապես ենթարկվում եմ ներսիցս եկող ձայնին: Տրամաբանությունս, միտքս, սիրտս ասում են, որ պետք է մնամ Հայաստանում, փաստեր որոնեմ դատարանին իմ անմեղությունը ապացուցելու համար: Չհասցրեցի…
Դեռ չգիտեմ, որ «գերեզմանոցից» դուրս ապրելու եմ 21 օր (առաջին փախուստի ժամանակ ազատության մեջ մնացի 11 օր): Դեռ չգիտեմ, որ գրելու եմ «21 օր գերեզմանոցից դուրս» իրական պատմությունը: Դեռ չգիտեմ ամենակարևորը՝ սիրտս ինձ Հայաստանում պահեց, որ գտնեմ նրան, ում դարեր եմ փնտրել:
Հաջորդ անգամ կպատմեմ, թե Հայաստանում մնալու որոշումը կայացնելուց հետո, ինչպես ոտքով շարժվեցի դեպի Գառնու տաճար:
Մհեր Ենոքյանի լուսանկարը երկրորդ փախուստի գործով նիստից է՝ արված Վերաքննիչ դատարանում 2010 թ-ի օգոստոսի 30-ին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել