«Զարմանալի է, որ սա ես պետք է ասեմ մեկին, ով փաստաբան է»
Աշխեն Պետրոսյան, Վարդան Պետրոսյանի քույր
Հունիսի 16-ին Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրը փաստաբան Ռուբեն Բալոյանն էր: Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա ներկայացրեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի որոշ փաստեր, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, և այդ հորինված փաստերի հիման վրա եկավ այն եզրահանգման, որ ա ) Վ. Պետրոսյանը վթարի պահին խմած է եղել, բ) դուրս է եկել կողնակ գ) իրեն կալանավորել են օրինական կարգով, դ) որ իր բարեկամները կարող է իրեն փախցնեին անտառներով, ե) որ նա բոլորովին չի զղջում կատարվածի համար, և այլն, և այլն……
Ես չեմ ուզում կենտրոնանալ Ռ. Բալոյանի արծարծած բոլոր հարցերին, բայց ուզում եմ անդրադառնալ դրանցից մի քանիսին՝ ներկայացնելով իրականությունը:
1. Ձերբակալություն
Ըստ Ռ. Բալոյանի, Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս է գրվել և գնացել է տուն (հայտնի չէ, թե ուր), և ըստ իր` դատարանում արտահայտած փայլուն ձևակերպման, «մի պահ անհետացել քննիչի տեսադաշտից»:
Իրականում ո՛չ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշման մեջ, ո՛չ էլ նրա կալանավորման մասին դատարանի որոշման մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Եթե կա և դա իր հորինածը չէ, ապա թող Ռ. Բալոյանը իր ՖԲ-ում կամ որևէ լրատվամիջոցով ցույց տա, թե որտեղ է նման բան գրված:
Ըստ Ռ. Բալոյանի, Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը կայացվել է նրա քրոջ (այսինքն՝ իմ) այն հայտարարության հիման վրա, որով ես արգելել եմ քննիչին իմ տուն գալ և ասել «ես դուռը չեմ բացի», ընդ որում, այդ արձանագրությունը քննիչը կազմել է միակողմանի:
Պարոն Բալոյան, նույն հաջողությամբ ես կարող եմ միակողմանի գրություն կազմել՝ որևէ բան ասելով ձեր մասին. արդյո՞ք դա իրավական ուժ կունենա, և արդյո՞ք դուք նույն կերպ կհամաձայնվեք այդ «փաստաթղթի» բովանդակության հետ: Կամ ի՞նչ է նշանակում քույրն ասել է «դուռը չեմ բացի», դրա պատճառով եղբորը ձերբակալել են: Արդյո՞ք դա իրավաբանի կողմից ներկայացրած հիմնավորում է` մարդուն ազատությունից զրկելու համար: Այդ որոշման մեջ քննիչը նշել է նաև, որ ես ասել եմ, որ Վարդանն իմ տանն է: Սակայն քննիչը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, շատ լավ իմանալով, որ Վարդանն իմ տանն է, ներկայացրել է, որ իբրև չգիտեր, թե Վարդան Պետրոսյանը որտեղ է, և, անհանգստացած, որ հայտնի «քրեական հանցագործը» հանկարծ չփախչի «սարերով ու մութ անտառներով», Վարդանին ձերբակալելու որոշում է ընդունել: Իսկ փաստաբան Ռ. Բալոյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով փորձում է քննիչի ապօրինություններն արդարացնել՝ իր հերթին խախտելով փաստաբանի վարքագծի կանոնները:
Իրականությունը հետևյալն է: 2013թ. նոյեմբերի 3-ին Վարդան Պետրոսյանին դուրս գրեցին Էրեբունի հիվանդանոցից շատ տարօրինակ հապճեպությամբ՝ հարցնելով Վարդանին, թե նա տո՞ւն է ուզում գնալ, թե՞ ուզում է տեղափոխվել հիվանդասենյակ: Պարզ է ու բնական, որ հիվանդ և ծանր հոգեվիճակում գտնվող մարդը պիտի գերադասեր իր համար ավելի հարմարավետ պայմաններ, քան հիվանդանոցում մնալը: Հաջորդ օրը՝ երկուշաբթի, նոյեմբերի 4-ին քննիչ Հ. Հակոբյանը զանգահարում է ինձ և հարցնում, թե Վ. Պետրոսյանը հիվանդանոցից դո՞ւրս է գրվել, ինչպե՞ս է իր առողջական վիճակը, և արդյո՞ք իմ տանն է, թե՞ ոչ: Նրան ես պատասխանում եմ, որ այո, հիվանդանոցից դուրս են գրել, իմ տանն է, սակայն առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, շատ թույլ է և վատառողջ: Իմ հարցին, թե ինչո՞ւ է հարցնում. ուզում է գալ մեր տուն Վարդանին հարցաքննելո՞ւ, նա պատասխանում է՝ ոչ, չեմ ուզում: Սա է իրականությունը: Քննիչ Հ. Հակոբյանը գիտեր Վարդանի տեղը, այլապես նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Եղվարդի ոստիկանության պետն ու քննչական բաժնի պետը չէին հայտնվի մեր դռան առջև՝ անձամբ Վարդանին ծանուցագիր բերելով, որ նա ներկայանա Եղվարդի ոստկանություն նոյեմբերի 7-ին ցուցմունք տալու:
Հերթական ակնհայտ և ինքն իրեն հակասող սուտը:
2. Փախուստ
Վարդանի փախուստի մասին: «Ինչ իմանաս, մեր ժամանակներում անտառներով կարելի է փախցնել մարդուն»: Շատ ճիշտ եք, մեր ժամանակներում, ցավոք, ամեն ինչ հնարավոր է, և այդ է պատճառը, որ ապականված ուղեղներին և հանցագործ մտայնությանը սովոր մեկը կարող է թույլ տալ փորձել Վարդան Պետրոսյանին վարկաբեկել հասարակության աչքին՝ ասելով, թե նա կփախչեր, կամ նրան կփախցնեին: Փախչելուն վարժվածների համար թերևս դժվար է պատկերացնել, որ ոմանք փախչող տեսակի չեն պատկանում։ Այդ ո՞ւմից պիտի փախչեր Վարդանը Պետրոսյանը, Հայաստանի՞ց, ուր ամեն տարի վերադառնում է՝ հրաժարվելով իր հսկայական կարիերայից Փարիզում, իր ժողովրդի՞ց, ինքն իրենի՞ց, թե՞ պիտի մի երկրի բանտը գերադասեր մյուսից...
Կա քրեական գործին կից արձանագրություն, որտեղ քննիչը հայտարարում է, որ Վարդանին ձերբակալելու միակ հիմքը Վարդանի ֆրանսիական անձնագիրն է: Ռ. Բալոյանը նույնպես կրկնում է, որ Վարդանին ձերբակալել են այն պատճառով, որ իր մոտ է պահել ֆրանսիական անձնագիրը: Դա նույնպես ճիշտ չէ, քանի որ այդ անձնագիրը մինչև Վարդանին կալանավորելը դատարանում հանձնվել է քննիչին: Ավելին, դեպքից չորս օր հետո` 24.10.2013 թ., Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Ա.Սարգսյանը գրություն է ուղարկել Ոստիկանության բաժնի պետ Ս.Մարտիրոսյանին, որպեսզի նա հանձնարարի համապատասխան աշխատակիցներին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ մինչև քրեական գործի ավարտը Վարդան Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանի հատելը կանխելու ուղղությամբ, իսկ վերջինս 05.11.2013թ. իր գրությամբ տեղեկացրել է Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Ա.Սարգսյանին, որ Վարդան Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից «ՍԷԿՏ» համակարգում արգելանք է դրվել Վարդան Պետրոսյանի կենսագրական տվյալներով, և, անկախ այն բանից, թե վերջինս ինչ անձնագիր կօգտագործեր, չէր կարող հատել պետական սահմանը։ Եվ սա արվել է այն ժամանակ, երբ Վարդան Պետրոսյանը դեռևս գտնվում էր վկայի կարգավիճակում:
3. Մոդելավորում
Ըստ Ռ.Բալոյանի, ավտովթարի 3D մոդելավորման մեջ Վարդանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի հետվթարային դիրքը տարբերվում է լուսանկարում առկա հետվթարային դիրքից: Դրանք՝ բոլոր այդ լուսանկարները, այնքան անգամներ են ցուցադրվել, որ դրանց մասին իրականության հակառակը պնդելը չի կարող այլ նպատակ հետապնդել, քան ունկնդրին հիմարի, հիշողություն չունեցողի տեղ դնելով սեփական հորինվածքները ճշմարտության տեղ անցկացնելու միտում։ Համացանցում առկա են այդ լուսանկարները, և ցանկացող մեկը կարող է դրանք համադրել և տեսնել, որ բացարձակ նույն լուսանկարներն են, որ ոչ մի տարբերություն չկա Վարդան Պետրոսյանի փաստաբանի ու պրն. Բալոյանի ներկայացրած լուսանկարների միջև։
4. Խմածություն
Ռ.Բալոյանը, կախվելով փրփուրներից, արդեն ութ ամիս է՝ կրկնում է, որ Վարդանը եղել է ալհոհոլ օգտագործած վիճակում: Նա հիմնականում վկայակոչում է այն տարբերությունները, որ կան սթափությունն արձանագրած բժշկական ակտի բովանդակության մեջ, սակայն նա մոռանում է նշել, որ երկու ակտում էլ նշված է ՍԹԱՓ բառը. նշված է, որ Վարդանը սթափ է եղել:
Քանի-քանի անգամ և՛ մամուլով և՛ հեռուստատեսությամբ Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է, որ դրանք երկու տարբեր փաստաթղթեր են, և «մեթոդի» հատվածում լրացումը կատարվել է Վարդանի խմածությունը ստուգելուց և սթափ վիճակը արձանագրելուց հետո, երբ ի պատասխան Վ. Պետրոսյանի պաշտպանի հարցման՝ լրացվել է, թե ինչ մեթոդով է կատարվել խմածության ստուգումը:
Ես համոզված եմ, որ Ռ. Բալոյանը գիտի, որ Վարդանը սթափ է եղել, գիտի, թե ակտերի տարբերությունն ինչով է բացատրվում, բայց ամեն անգամ շարունակում է նման վարկաբեկիչ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածել հանրության մեջ՝ անդադար շեշտելով, որ Վարդանը խմած է եղել, քանի որ խմածության առկայության պարագայում «ամբաստանյալ» Պետրոսյանի պատիժն ավելի ծանր է լինելու:
Նույն կերպ էլ ես կասկածում եմ, որ Արթուր Հակոբյանը՝ Նիվայի վարորդը, եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, քանի որ նրա բժշկական տեղեկանքում նույնպես գրված է սթափ: Ինչո՞ւ մի դեպքում փաստաթուղթը արժանահավատ է, մյուսում՝ ոչ…
Գազի բալոնը և այլն
Ռ. Բալոյանը ծաղրի է ենթարկում Վարդան Պետրոսյանի փաստաբանի այն հիմնավորումը, որ վթարի ժամանակ մահերի պատճառը եղել է Նիվա մակնիշի ավտոմեքենայում ապօրինի տեղադրված գազի բալոնը։ Շահարկելով ու գլխիվայր շրջելով բուն փաստարկը՝ պրն. Բալոյանը փորձում է այնպես ներկայացնել, իբրև թե ասվել է, որ վթարի պատճառն է եղել գազի բալոնը։ Ո՛չ, պրն. Բալոյան, վթարը կարող էր առանց նման կորուստների ավարտվել, եթե այդ բալոնը տեղադրված չլիներ մեքենայի մեջ։ Այսինքն, գազի բալոնը ո՛չ թե վթարի, այլ մահվան պատճառն է եղել։
Ես կարող եմ շարունակ թվարկել, թե ինչ այլ սուտ տեղեկություններ են տարածվում փաստաբան Ռ.Բալոյանի միջոցով Վարդան Պետրոսյանին վարկաբեկելու համար, թե ինչպես ամեն անգամ նա խեղաթյուրում է մեր փաստաբանի ներկայացրածը, ձևափոխում ու ձևաչափում ըստ իրեն, բայց, կարծում եմ, ներկայացվածն էլ բավարար է իրականության ճշմարիտ պատկերը ստանալու և հասկանալու համար, թե ինչու է սա արվում:
Ռուբեն Բալոյա՛ն, երեխա չլինե՛նք: Մենք հասկանում եմ, որ դուք կատարում եք հրահանգ: Բայց պարզ չէ՞ միթե, որ եթե մի բան «ապացուցելու» համար մարդ դիմում է ստի ու կեղծիքի, ուրեմն «ապացուցելիքը» նույնպես սուտ է ու կեղծիք։ Նշեք մի տեղ, ուր մենք պնդել ենք ըստ ձեզ, որ Վարդանը ընդդիմություն է: Չկա՛: Եթե մենք նման բան ասեինք, ապա դա այլ կերպ կհնչեր, ինչպես և մեր բոլոր ձևակերպումներն ու պահվածքը այս գործում:
Բոլորն ինձ ասում են, ուշադրություն մի դարձրու Բալոյանի ասածներին: Ես համամիտ եմ. ինձ համար ծիծաղելի են այս ստերն ու մանիպուլյացիաները, բայց, միևնույն ժամանակ, այս անգամ որոշեցի խոսել, որովհետև այս ստերն ու մանիպուլյացիաները հավասարապես հարվածում են երկու կողմերին էլ։
Եթե մի փոքր սիրտ ունենար, և եթե Հակոբյանների գործն իսկապես իրեն հուզեր մարդկայնորեն (ինչպես ինքը նշեց հաղորդման ավարտին), ինքն իրեն այսպես չէր պահի, և այս անզգույշ պատահարի դատավարությունն այլ կերպ կընթանար: Միշտ չէ, որ սուտն ու կեղծիքը պիտի հաղթարշավեն: Վարդան Պետրոսյանն ավելի քան երեսուն տարի իր կյանքը և իր արվեստը անմնացորդ նվիրել է իր ժողովրդին, և բոլորը դա գիտեն՝ դիմություն թե ընդդիմություն: Պետք չէ մարդուն, որ իրեն իր հոգում ցմահ դատապարտել է այն բանի համար, որ անզգույշ պատահականությամբ և կամ ճակատագրի դառը կամքով, ինքն է վթարի պահին այդտեղ հայտնվել, և ոչ մեկ ուրիշը, և հիվանդ ու դեռևս բացարձակ չապաքինված վիճակում բանտարկված է 23 ժամյա մեկուսացման մեջ, առանց մաքուր օդի հնարավորության, պետք չէ ավելի ցավ պատճառել, քան արդեն կա: Բավական՛ է: Սթափվե՛ք։
Հաշտություն
Մենք մի՛շտ եղել ենք անկեղծ Հակոբյանների հետ հաշտության մեր մղումներում, մի՛շտ շեշտել ենք, որ, անկախ այս գործի ընթացքից ու ելքից, մենք ձգտում ենք հաշտության: Բայց հակառակ կողմի անհասկանալի և անկանխատեսելի պահվածքը մեզ կանգնեցրել է անելանելի փակուղու առջև։
Հետգրություն
Եվ, ի միջի այլոց, պարոն Բալոյան, երբ դուք պնդում եք, թե Հակոբյանների հետ մեր հանդիպումների ու խոսակցությունների ցուցակի առկայությունը նշանակում է, թե մենք անկեղծ չենք հաշտվելու մեր ցանկության մեջ, սուտ է ու ծիծաղելի ձեր այդ պնդումը։ Ցուցակի առկայությունը պարզապես հետևանք է այն ստերի, թե մենք հանդիպումներ ու խոսակցություններ չենք ունեցել Հակոբյանների հետ։ Եվ ցուցակը պարզապես նշանակում է, որ մենք ճշգրտորեն ներկայացրել ենք բոլոր հանդիպումներն ու խոսակցությունները, որոնց միշտ ներկա են եղել առնվազն մի քանի հոգի։ Անհիմն հայտարարություններն ու փաստերը բացարձակապես տարբեր բաներ են։ Զարմանալի է, որ սա ե՛ս պետք է ասեմ մեկին, ով փաստաբան է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել