
Սահմանափակ կարողությունների տեր անձանց բանկերը մերժում են վարկ տրամադրել
50-ամյա կնոջ շնչառությունը սկսում է մի տեսակ ծանրանալ, խոսքն ինձ է հասնում ընդհատումներով, այնինչ դեռ երկու հարկ էլ ունենք բարձրանալու:
Վալյա Թաթարյանի` հաշմանդամներից բաղկացած ընտանիքն ապրում է հինգհարկանի շենքի 5-րդ հարկում: Օրվա մեջ մի քանի անգամ հարկ է լինում իջնել-բարձրանալ այս աստիճաններով, սակայն տիկին Վալյային հուսահատեցնողը դա չէ, այլ 1 մլն դրամ պարտքը, որի պատճառով կարող են այս բնակարանից էլ զրկվել:
Վալյա Թաթարյանն ի ծնե տառապում է պարբերական (երեւանյան) հիվանդությամբ: Նրա 3 զավակներն էլ ժառանգել են այդ հիվանդությունը: 15-ամյա Սուրենը տառապում է նաեւ էպիլեպսիայով եւ գիշերամիզությամբ: Տղայի համար ամսական միայն 8-9 հազար դրամի մեծահասակների համար նախատեսված տակդիր են գնում: Մեծ տղան, որ 24 տարեկան է, թեպետ ավարտել է Գյումրիի Անանիա Շիրակացի համալսարանի բժշկական քոլեջը, աշխատանք չունի: Նա եւս տառապում է պարբերական հիվանդությամբ եւ էպիլեպսիայով, նույն խնդիրն ունի նաեւ 13-ամյա աղջիկը:
Դպրոցահասակ երեխաներն ամեն ամիս` կապված հիվանդության սրման հետ, 5-ից 6 օր դպրոց չեն հաճախում: Տարեվերջին 200 ժամ բացակայություն է գրանցվում, ու որպեսզի նրանք դուրս չմնան համակարգից, պարտադիր քննություն են հանձնում որոշ առարկաներից, երեխաների հաշմանդամությունը, հիվանդության տեսակը հաշվի չի առնվում: 14 տարի է՝ Վալյան ու զավակները հետազոտվում, բուժման կուրսն անցնում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում:
Ամուսնու ձեռքն անդամահատված է, 2-րդ կարգի հաշմանդամ է: Տանը որեւէ մեկը չի աշխատում: Ապրում են սկեսրոջ ծերության, երեխաների նպաստի եւ հաշմանդամության համար տրվող ամենամսյա գումարով: Մոտ 100 հազար դրամ կազմող ընտանեկան զամբյուղից 37 հազար դրամն արդեն երկու տարի է՝ տոկոս փակելու համար է առանձնացվում, մի այդքան էլ ծախսվում է դեղորայքի վրա, նորմալ սնվելու կամ հագնվելու համար նիհարիկ բյուջեն չի հերիքում` հացը, կարտոֆիլը եւ սննդի այլ տեսակներ խանութից պարտքով են վերցնում:
Ջերմություն, թուլություն, որովայնի ցավեր, սրտխառնոց, ջրազրկում` ամսվա մեջ մեկ շաբաթ տեւող այս վիճակը տան անդամներից 4-ի մոտ շատ հաճախ ավարտվում է հիվանդանոց տեղափոխումով, երբ արդեն անհնար է դառնում տան պայմաններում որեւէ բան անել: Հատկապես 13-ամյա Նոնան է շատ վատ տանում ի ծնե իրեն բաժին հասած հիվանդությունը:
«Ես 2-րդ խմբի հաշմանդամ եմ, բացի պարբերական հիվանդությունից՝ ունեմ կրծքի ուռուցք, արգանդի միոմա, վաղուց հաշտվել եմ պարբերական կոչվող իմ հիվանդության հետ, որ 50 տարի է՝ տանջում է, բայց դեռ չի սպանել,- տիկին Վալյայի ձայնը դողում է,- բայց ամենաահավորը էս վերջին երեք տարիներին անհասկանալի պատճառով վատանալս է: Տարի ու կես հետազոտվել եմ Երեւանում, երկու հատ համակարգչային տոմոգրաֆ եմ անցել, բիոքիմիական անալիզ եմ տվել, ինչ տեսակի հետազոտություն որ հնարավոր է անցնել՝ անցել եմ, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինձ տանջող էս նոր հիվանդությունն ինչի արդյունք է: Հանկարծակի նոպայի մեջ եմ ընկնում, լինում է՝ 6 ժամ, էս վերջի նոպան տեւեց 13 ժամ, շատ ծանր եմ տանում, անգամ պրոֆեսորները չեն կողմնորոշվում, թե ինչ դիագնոզ տան: Մահն աչքերովս տեսնում եմ»:
Երկու տարի առաջ մասնավոր անձից ամիսը 13 տոկոս տոկոսադրույքով 400 հազար դրամ գումար են վերցրել: Ոսկու գրավադրմամբ գումար են ստացել նաեւ «Ինեկոբանկի» Գյումրիի մասնաճյուղից: Ողջ գումարը Թաթարյանները ծախսել են հիմնականում բուժման նպատակով: «Վեց ամիսը մեկ, երեխաները երկու օրով հետազոտվում են Արաբկիրի հիվանդանոցում, էդ գնալ-գալը, դրանք սաղ ծախս են: Մենք արտոնություններ չունենք ոչ տրանսպորտի, ոչ զեղչեր ունենք գազի կամ լույսի, ոչ մի տեսակի արտոնություն: Որ գոնե դրանք լինեն, մեր ստացած թոշակն էլ կարողանանք սննդին ու հագուստին ծառայեցնենք: Դեղորայքի հիմնական մասն առնովի է: Ան, էլի եսիմ քանի անուն դեղ են գրել, մենակ դեղերիցս մեկը 31 հազար դրամ արժե, հեչ չիդեմ էլ՝ պիտի կրնանա՞մ առնիմ, թե՞ չէ»,- ուսերն է թոթվում Վալյա Թաթարյանը:
Երկու տարվա ընթացքում գոյացած 1 մլն դրամ պարտքը մարելու միակ ելքը տիկին Վալյան տեսնում է վարկ վերցնելու մեջ: Դիմել է մի քանի բանկային կառույցների, սակայն մերժվել է: Պատճառաբանել են, որ աշխատող չի, իսկ թոշակառուներին իրենք չեն վարկավորում: «Անգամ երաշխավոր տարանք «ԱԿԲԱ» բանկ, բայց մեկ է՝ մերժեցին: Տունը գրավ չեն վերցնե, մենակ աշխատավարձ կուզեն, մեր տնից էլ աշխատող չկա, իմ ուզածս էլ փոքր վարկ էր, գոնե մե 500 հազար դրամի չափով: Ես իրանց առաջարկեցի մեր թոշակ-նպաստները տեղափոխեմ իրանց բանկ, տեսնին համոզվին, որ մենք գումար կստանանք, էդտեղից մարում էնեմ, բայց մեկ է՝ մերժին, ըսին՝ մեր կանոնադրության մեջ էդպիսի կետ չկա, որ թոշակառուին վարկ տանք»,- բացատրում է տիկին Վալյան:
Թաթարյանների ընտանիքը մարզպետարանից եւ քաղաքապետարանից դրամական աջակցություն մեկական անգամ ստացել է: Տիկին Վալյան ասում է, որ պարզապես ամաչում է նրանց շատ անհանգստացնել: Փորձել է իր խնդրով հանդիպել ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանին եւ Սամվել Բալասանյանին, սակայն ոչ մի արդյունք, մերժվել են նաեւ վարչապետին ուղղված բոլոր դիմումները: «Անցած տարի դեկտեմբերի 30-ին աղջիկս սիստեմայի տակ հիվանդանոց պառկած էր, գնացի Սամվել Բալասանյանի գրասենյակ, դիմեցի, քարտուղարուհին հանեց 5 հազար դրամ տվեց,- հիշում է Վալյա Թաթարյանը,- ես էլ ճարս կտրած՝ նամակ գրեցի Ազգային ժողով, ասի թող պաշտոնական լինի»:
2011 թ. օգոստոսի 30-ին ուղարկված պաշտոնական դիմումին սեպտեմբերի 19-ին պաշտոնական էլ պատասխան է ստացվել, որտեղ ասվում է, որ դիմումն ուսումնասիրվել է, սակայն օգնել չեն կարող, քանի որ ԱԺ-ի նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը օրենքով վերապահված դրամական օգնություն տրամադրելու լիազորություն չունի: «Սամվել Բալասանյանն էլ անունով մեր ընտրատարածքի պատգամավորն է, բայց հետը շփվել հնարավոր չէ: Քանիմ օր առաջ Գագիկ Ծառուկյանն էր եկել Գյումրի, գնացի, ասի գոնե մոտենամ խնդիրս փոխանցեմ, բայց թողնող չեղավ: Թիկնապահները 5 շարք կանգնած էին, ընպես հրեցին, հեչ հաշվի էլ չառան, թե կին է դիմացը կանգնած: Բալասանյանի գրասենյակ էլ կերթաս, քարտուղարուհուց էն կողմ մարդ չես տեսնի»,- դժգոհում է հուսահատված կինը:
Հաշմանդամ ամուսնու եւ բժշկական քոլեջ ավարտած 24-ամյա տղայի համար Վալյան Գյումրիում աշխատանք է փնտրում ու չի գտնում: «Գոնե պահակ ընդունեին մե տեղմ,- խնդրում է տիկին Վալյան,- ես կհասկնամ, օր հմի առողջ մարդը չի կրնա աշխատանք գտնի, ուր մնաց թե մենք, բայց էդ դեպքում ու՞ր մնացին հավասար հնարավորությունները, մարդու իրավունքները էս երկրի մեջ: Աշխատանք չեն տա, վարկ չեն տա, էգուց մեկել օր պարտքի համար գուկան տունս կծախեն, վեց հոգով կմնանք դուրսը, ու՞ր Էրթանք: Մեղավո՞ր ենք, որ հիվանդ ենք, մեղավո՞ր ենք, որ հաշմանդամ ենք»:
Մեկնաբանել