
Մաքսիմ Հակոբյանը և եղբայրները Սյունիքում հէկեր են կառուցում
Սյունիքի մարզում՝ Ողջի գետի Բաղացջուր վտակի վրա, «Քաջարան մոնտաժ» ՍՊԸ-ն փոքր հէկ է կառուցում: Այս ընկերության բաժնետերերը պաշտոնապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրների կանայք են՝ Դոնարա Բեգլարյանը և Գայանե Ստեփանյանը:
Դոնարա Բեգլարյանը Մաքսիմ Հակոբյանի եղբայր Մեժլում Հակոբյանի կինն է: Մեժլում Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական գծով տնօրենի տեղակալն է:
Գայանե Ստեփանյանը Հայկ Հակոբյանի կինն է: Վերջինիս տեղացիները ճանաչում են որպես «կոմբինատի հանքավայրի պետ»:
Հայկ և Մեժլում Հակոբյանները, սակայն, 2005-ին եղել են «Քաջարան մոնտաժ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում: 2013թ. մասնակիցների փոփոխություն է եղել, և Հայկ և Մեժլում Հակոբյաններն իրենց բաժնեմասերը գրանցել են կանանց անուններով:
Բացի այս հէկից, Ողջի գետի Գեղի վտակի վրա կառուցված Գեղի ջրամբարի ջրթող խողովակաշարի վրա ևս մեկ հէկ է կառուցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: «Գեղի փհէկ-1» կոչված հէկը 2400 կՎՏ հզորություն է ունենալու:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Քաջարան մոնտաժ» ընկերությանը լիցենզիա է տրամադրել: «Քաջարան մոնտաժ» ՍՊԸ-ն արդեն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Ձագեձոր ՓՀԷԿ-2» փոքր հէկի բանվորական նախագծի բնապահպանական հիմնավորումը:
Հէկը կառուցվելու է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում: Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հէկը կառուցվելու է գյուղի վարչական տարածքում, որը, սակայն, հեռու է բնակելի հատվածից: Շինարարությունը դեռ չի սկսվել: Հէկը նախատեսված է կառուցել կոմբինատի պոչամբարի տարածքի շրջագծում՝ պահպանվող գոտում:
Բաղացջուրը կարճ գետ է, 17 կմ երկարություն ունի: Սկիզբ է առնում Մեղրու լեռների հյուսիսային լանջերից և Կավճուտ գյուղից 2 կմ հեռավորությամբ միախառնվում Ողջի գետին: «Բաղացջուր գետից խմելու և ոռոգման ջուր է գալիս Ձագեձոր գյուղի համար»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ 1415 կՎտ հզորություն է ունենալու այն: 1 մ տրամագիծ ունեցող խողովակաշարի երկարությունը լինելու է շուրջ 2.7 կմ: Այլ կերպ ասած՝ գետի 2.7 կմ-ը կմտնի խողովակների մեջ:
Մեկնաբանել