HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շունը որ շուն է, մենք պատսպարվելու համար նրան բուն ենք շինում»

Յուլիա Գրիգորյան

Ջաջուռ գյուղի ձմեռը խստաշունչ է, ամառը` զով՝ շնորհիվ բնակավայրում քամիների մշտական առկայության: Գյուղը գազիֆիկացված չէ: Գարնան եւ ամռան ամիսներին բնակիչները ջեռուցման նպատակով գոմաղբ են կուտակում, բայց անկախ քանակից` այն չի բավականացնում ձմռան 7ամիսներին տները ջեռուցելու համար: Ջաջուռցիները, բացի աթարից, նաեւ վառելափայտ են ձեռք բերում:

Ջաջուռի համայնքապետ Սոկրատ Սուվարյանի խոսքով՝ ջաջուռցիներն ուզում են քաղաքակիրթ ձեւով ապրել եւ օգտվել կապույտ վառելիքից, սակայն գազիֆիկացումը համայնքի սեփական եկամուտների հաշվին հնարավոր չէ իրականացնել, իսկ պետությունը ոչ մի կերպ չի աջակցում: Հիմնական գազատարը գյուղից 800 մ հեռավորության վրա է: Ամբողջ համայնքի գազիֆիկացման համար անհրաժեշտ է առավելագույնը 90 մլն դրամ, համայնքապետի հավաստմամբ՝ 2007-ից նախագիծ-նախահաշիվը պատրաստ է, իրենք պարտավորվում են համաֆինանսավորմամբ պահանջված գումարի 10%-ը հատկացնել, սակայն կառավարությունը մշտապես մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամ է եւ գումարներ չկան:

«Երեւի պետությունը չի ցանկանում այդ ծրագիրն իրականացնել, հակառակ դեպքում, ոնց էլ լիներ, մի տարի այդ գումարը կճարվեր: Նախընտրական շրջանում բոլորը խոստանում են, բայց այդպես էլ ոչինչ չեն անում: Մեր բնակիչներն ընտրել են Արման Սահակյանին, որպես պատգամավոր դիմեցինք նրան` ԱԺ-ում այդ հարցը բարձրացնելու խնդրանքով: Նա բարձրաձայնեց մեր պրոբլեմի մասին, բայց դրանից հետո էլ սայլը տեղից չշարժվեց»,- ասում է համայնքապետը:

Սոկրատ Սուվարյանը նշեց, որ թեեւ համայնքի բյուջեն աղքատիկ է՝ 15 մլն դրամ, որից 11 մլն-ը դոտացիան է, այնուամենայնիվ, ամեն գնով աշխատում են խնայողություն անել՝ գազիֆիկացման համար հնարավորինս շատ գումար տնտեսելով, քանի որ դա համայնքի առաջնահերթ խնդիրն է: 

Համայնքի միջոցներով իրականացվում է ամենամսյա աղբահանություն, ամեն տարի 1 կմ ճանապարհահատվածի վերանորոգում՝ խճապատման կամ հարթեցման տեսքով, ինչպես նաեւ լուսակետերի ավելացում: Նախորդ 3 տարիներին տեղադրվել է 32 լուսակետ, նախատեսված է ավելացնել  եւս 10-ը, իրականացվում են նաեւ 500 մետր սելավատարի մաքրման ամենամյա աշխատանքներ:

Աղետից ի վեր՝ 25 տարի շարունակ, տնակներում է ապրում ջաջուռցի 30 ընտանիք: 80-ամյա Անժիկ Սարգսյանն ապրում է որդու ընտանիքի հետ մի տնակում, որտեղ նրա բնութագրելով՝ վիճակն ահավոր է: «Անձրեւ ժամանակ դուրսը մնանք ավելի լավ է, քան ներսը: Վեդռոներով ցեխաջուրը կլցվի վրեքս, անկողինը թաց, ամեն օր հանում ենք չորացնելու, խոնավության ծանր օդից ինչ հիվանդություն ասես ձեռք բերինք, մի խոսքով, ջրտալաղ կպանք: Չեմ հավատում, որ մի օր տուն կունենանք, ես տնակում էլ կմեռնեմ»,- դժգոհում է Անժիկ Սարգսյանը:

Ս. Սուվարյանը տեղեկացրեց, որ 30 անօթեւաններից 4-ը որպես միայնակ  3 մլն դրամ է ստացել, 2 ընտանիք արտագաղթել է, իսկ մնացած 24 ընտանիքի տանիք ունենալու հարցը մնում է օդում կախված: «Գլենդել Հիլզը» 2013թ. մարտին հասել է նաեւ Ջաջուռ, 6 քաղաքացու հետ պայմանագիր կնքել՝ պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնել, ու հարցը դրանով փակվել է:

«24 մարդու ճակատագիր մնում է առկախ, մնում է միայն հուսալ եւ սպասել, որ երբեւէ պետությունն իր խոստումը եւ պարտքն այս խեղճ մարդկանց հանդեպ կկատարի: Շունը որ շուն է, մենք պատսպարվելու համար նրան բուն ենք շինում, էս ժողովուրդը մի շուն չարժե՞, որ մի փոքր տուն սարքեն: Ամոթ էլ է ասել՝ անօթեւաններն էլ պետության շներն են, կոպիտ եմ ասում, բայց այլ վերաբերմունք չեմ տեսնում: Առողջական խնդիրներ ունեն մարդիկ, վիճակը վատ է, տնակներում սարսափելի ցուրտ է, մանավանդ, որ Ջաջուռին քամի ու սելավ Աստված տվել, չի խնայել»,- անտուններին օգնելու իր անզորությունից զայրացած` ասում է Ջաջուռի համայնքապետը: Վերջինս նշում է, որ կադաստրի սխալ գրանցման պատճառով բնակիչներից 13-ն ընկել են դատական քաշքշուկների մեջ՝ մինչեւ կհաստատեին անօթեւանության կարգավիճակը:

Գյուղում ապրում է 1025 մարդ: Արտագաղթը մեծ է՝ անցած 10-12 տարիների համեմատ բնակչության թիվը նվազել է 175 անձով: Աճը դանդաղ է՝ նախորդ տարի ծնվել է 10 երեխա, այս տարի՝ 9, իսկ մահացության ցուցանիշը մեծ է, այսինքն՝ հակառակ զարգացող երկրի ժողովրդագրության սկզբունքին՝ մահացությունը գերազանցում է ծնելիությանը:

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, գրեթե բոլորն ունեն խոշոր եղջերավորներ, սակայն` քիչ քանակով, որովհետեւ շատ պահելու հնարավորություն չունեն: Համայնքն ունի ընդամենը 400 հա վարելահող, մեծ մասը մշակվում է, բայց չոռոգելու եւ եղանակային տհաճ անակնկալների պատճառով եկամուտը նվազ է:

Երկրաշարժից առաջ համայնքն ունեցել է ակտիվ գործունեության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, սակայն այժմ չունի համայնքային կենտրոն, համայնքապետարանը տեղակայված է երկսենյակ փոքրիկ տնակում, գրադարանը եւս տնակում է, մանկապարտեզի տիպային շենքի անհրաժեշտություն կա:  Նախակրթարանը, որտեղ հաճախում են գյուղի 22 մանուկները, տեղավորված է դպրոցի մի դասասենյակում:

Սոցներդրումների հիմնադրամի կառուցած եւ 2000թ. շահագործման հանձնված երկհարկանի դպրոցը չունի ջեռուցման համակարգ, դասասենյակներում տեղադրված են էլեկտրատաքացուցիչներ, որոնք հազիվ 9-10 աստիճան ջերմություն են ապահովում, համայնքապետի խոսքով` ցուրտը դժվարացնում է դասապրոցեսը: «Ամեն տարի դիմել ենք մարզպետարան, սակայն միայն այս տարի, մեր համառ ջանքերի արդյունքում, մարզպետի անմիջական ցուցումով դպրոցում ջեռուցում անցկացնելն ընդգրկվել է մարզի զարգացման ծրագրում, սակայն աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել»,- տեղեկացրեց համայնքապետը:

Դպրոցը չունի սպորտդահլիճ, 2009-10թթ. պետբյուջեից պետք է 25 մլն դրամ հատկացնեին կառուցելու համար, սակայն այդ գումարն էլ սառեցրին, գուցե Ջաջուռի ցուրտն այնտեղ է հասել, ամեն հարցով պետբյուջեի գումարները հա սառում են»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է համայնքապետը:

Վերջինիս տեղեկացմամբ` հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի` երկրաշարժի ժամանակ քանդված տուն-թանգարանի փոխարեն «Լինսի» հիմնադրամի 2003-05թթ. կառուցած նոր թանգարանը նույնպես չունի ջեռուցման համակարգ, եւ եղած նկարները ձմռանը չփչացնելու համար տեղափոխում են Երեւանի պետական պատկերասրահ, որի ֆինանսավորմամբ էլ գործում է թանգարանը:

Պատմական հուշարձան համարվող 19-րդ դարի եկեղեցին եւս ավերվել է երկրաշարժից: Ջաջուռցիների սիրված ուխտավայրը լքված է, մարդիկ այլեւս չեն այցելում՝ վախենալով քիչ-քիչ փլվող քարերի կամ սյուների զոհ դառնալ: Եկեղեցու պատի տակ հիմա հանգրվանում են միայն շոգից հովանալ ցանկացող գառներն ու ոչխարները: Ս. Սուվարյանի հավաստմամբ՝ մեծ գումարներ են անհրաժեշտ եկեղեցին վերականգնելու համար:

Համայնքի ամենատարեց մարդը՝ 87-ամյա Ժորա Մալխասյանը, չնայած բնօրրանում առկա դժվարություններին, կապված է նրան եւ կյանքը չի պատկերացնում հայրենի գյուղից դուրս: Նա 50 տարի աշխատանքի ուսուցում է դասավանդել տեղի դպրոցում, ներկայում էլ աշխատում է երիտասարդ տարիների ավյունով: Նա տնակին կից ստեղծել է իր արհեստանոց-արվեստանոցը, որտեղ պատրաստում է գյուղատնտեսական գործիքների եւ տեխնիկայի մանրակերտեր: Ժ. Մալխասյանը կարծում է, որ մարդիկ դարձել են ավելի եսակենտրոն, գյուղացիներն էլ ավելի քիչ են իրար օգնում, նեղ պահերին նեցուկ լինում, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նրան մտահոգում է, սակայն հակված չէ մեղքը երկրի ղեկավարի վրա բարդել: «Եթե ղեկավարելը հեշտ բան լիներ, ես էլ կղեկավարեի, եթե երկրի զարգացումն ապահովելն այդքան հեշտ լիներ, ես էլ կապահովեի»,- եզրակացնում է Ժորա պապիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter