
Պատգամավորները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին կժամանի Հայաստան: Ի տարբերություն իշխող մեծամասնության՝ խորհրդարանական ոչ իշխանական ուժերն առայժմ ՌԴ արտաքին գործերի նախարարի այցի ակնկալիքներից խոսել չեն շտապում՝ նշելով, որ այցի արդյունքների մասին եզրահանգումներ կարելի է կատարել միայն այցից հետո:
«Հետք»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց` քանի որ Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսով է հանդես գալու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինքը կարող է այցին գնահատական տալ միայն ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններից հետո:
Մեր հարցին, թե` հաշվի առնելով այն, որ Լավրովը Բաքվում խոսել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին ու նշել, որ ՀՀ-ն անդամակցելու է առանց Լեռնային Ղարաբաղի, արդյոք Լավրովի այցը անմիջական կապ չունի՞ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ դնելու հնարավորության քննարկման հետ, Աղվան Վարդանյանը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով չխոսել ենթադրությունների լեզվով: «Միջպետական հարաբերություններ են, Լավրովն առաջին անգամ չէ, որ Հայաստան է գալիս, ուստի այցի արդյունքների մասին կարող ենք խոսել միայն այցից հետո»,- հավելեց ՀՅԴ պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ ասաց, թե Լավրովի այցից որևէ ակնկալիք չունի: Նա նշեց, որ կարող է խոսել ակնկալիքներից միայն վերջինիս մամուլի ասուլիսից հետո, երբ «գոնե ինչ-որ բան նրանցից կհասկանանք», հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման դիրքորոշման վերաբերյալ:
«Թող պատասխանեն, թե ինչպե՞ս է, որ իրենք ստանում են նամակներ Ղազախստանի միջոցով Ադրբեջանից ու իրենց ռազմական գործընկերոջը տեղյակ էլ չեն պահում, որ նամակ կա, նման խնդիրներ կան: Թող պատասխանեն, թե ինչպե՞ս է, որ ՌԴ արտգործնախարարն ասում է, որ Ադրբեջանն իրենց համար ռազմական գործընկեր է, որ Ադրբեջանի հետ համագործակցության կոչեր են հնչեցնում: Թող այս ամենին պատասխան տան, հետո կտեսնենք… »,- շեշտեց Պողոսյանը:
Նա հույս հայտնեց, որ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում կհնչեն հարցեր այն մասին, թե արդյոք Ռուսաստանը ընկալո՞ւմ է Հայաստանին որպես ռազմական գործընկեր, հաշվի առնո՞ւմ է ՀՀ շահերը որևէ քաղաքականություն իրականացնելիս, թե՞ արհամարհում է իր գործընկերոջը:
«Իրենց գործողությունները ցույց չեն տալիս, որ Հայաստանին ընդունում են որպես գործընկեր: Իրականում հակառակն է՝ իրենք փորձում են օգտագործել Հայաստանին իրենց համար»,- նկատեց «Ժառանգության» պատգամավորը:
Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ թեպետ ՌԴ ԱԳ նախարարի այցի օրակարգին ու նպատակին ծանոթ չէ, բայց կարծում է, որ այցը Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության շրջանակներում է ու կրելու է «շատ լուրջ, նպատակային» բնույթ:
Հ. Սահակյանը նշեց, որ այցի շրջանակներում կարող են լինել բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու համար: «Կարող են քննարկվել հարցեր, որոնք դեռևս համաձայնեցման կարիք են զգում»,- հավելեց ՀՀԿ պատգամավորը՝ ասելով, որ Հայաստանը պետք է անցնցում մտնի Եվրասիական տնտեսական միություն:
Ըստ նրա՝ Հայաստանի համար անցումային շրջան է, և մենք պետք է առնվազն հինգ տարվա կտրվածքով չունենանք կտրուկ փոփոխություններ մի շարք հարցերում:
Սահակյանն ասաց, թե ինքը չի կարծում, որ Լավրովի այցը կապված է Աստանայից հետո Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի հետ: Հիշեցնենք` Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ընթերցեց Ադրբեջանի Նախագահի նամակը՝ կապված միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի վերաբերյալ: «Ինձ համար, անկեղծորեն, տարօրինակ է, որ նման քննարկումներ կան, որ դրա շուրջ քննարկումներ կան»,- ավելացրեց պատգամավորը:
ՀԱԿ և ԲՀԿ պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանություն տալ այս առնչությամբ՝ նշելով, որ այցի նպատակներին ծանոթ չեն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել