HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ մուտք` տարբեր ելքերով

Նունե Հախվերդյան

«Շքամուտք» նոր գեղարվեստական ֆիլմի համար դրամատուրգիական հիմք է դարձել 1990-ականների սկիզբը` Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիները, որոնք որքան էլ դրամատիկ (մութ էր, ցուրտ, պատերազմ), այնքան էլ ոգեշնչող էին (հույս կար):

«Շքամուտքը» ֆիլմ-խճանկար է՝ բաղկացած նույն շենքում ապրող բնակիչների մեծ ու փոքր պատմություններից, որոնք կամ ծիծաղելի կամ ողբերգական հետք են թողել մարդկային ճակատագրերի վրա: Կամ էլ, ավելի ճիշտ` երկուսը միասին: Հինգ պատմություններ, մեկ շենք, դիմակայման ընդհանուր տարածք ու ընդհանուր մոդել. թերեւս, այսպես կարելի է բնութագրել ֆիլմի թեման:

Ռեժիսոր Լուսինե Սարգսյանն իր դեբյուտային ֆիլմով փորձել է ընդգծել, որ մեր օրերի խնդիրներն ու քսան տարի առաջ կատարվածը շղթա են կազմում: Եվ այդ շղթայի ցանկացած օղակի ամուր կամ թույլ լինելը պայմանավորված է ոչ այնքան պատմական վայրիվերումներով, որքան անհատական որակով ու վերաիմաստավորմանը պատրաստ լինելով:

«Շքամուտքի» հինգ նովելներից յուրաքանչյուրն իր սցենարիստը, հերոսներներն ու տոնայնությունն ունի: Կան շատ հաջողված եւ ոչ այնքան հաջողված նովելներ (նույնիսկ` պարզապես անհաջող), սակայն ֆիլմն ինքնին ամբողջական է: Այն դիտելը հետաքրքիր գործ է ոչ միայն ճանաչելի իրավիճակների, այլեւ սյուժետային գծերի մշակված լինելու շնորհիվ:

Առաջին նովելը դասական կանոններով զարգացող իրավիճակների կոմեդիա է, որի գործող անձիք ակամայից հայտնվում են անհարմարավետ ու անհեթեթ գործողությունների կիզակետում: Մի հարեւանը մյուսին թույլ է տալիս հեռախոսով «Շտապօգնություն» զանգահարել, հետո հարկ է լինում բժշկին դիմավորել, հետո՝ բժշկին հյուրասիրել, հետո` մյուս հարեւանների հախուռն ներկայությունը հիմնավորել, կարդիոգրամման հեռախոսով կենտրոն փոխանցել…

Մեկ էլ` պարզվում է, որ միայնությանն ընտելացած տունդ լիքն է սերիալ նայող ծանոթ-անծանոթներով, երեխաներով, եփվող ճաշի կաթսայով, աղմկով ու շնորհակալական խոսքերով: Եվ այն պահին, երբ աբսուրդը խտանալով անկառավարելի է դառնում, ծագում է ջերմությունը: Ի՞նչ կարող է մի մարդը տալ մյուսին մի կաթիլ ջերմությունից բացի: Մեծ հաշվով` ոչինչ: Բայց դրանից ավելի թանկ բան դժվար է պատկերացնել: Այո, հարեւանները վզիդ են նստում, բայց եթե վիզդ նստելու ցանկություն չի առաջացնում, երեւի թե ինքդ էլ ոչ մեկին պետք չես:

Մյուս նովելներից մեկը (սցենարի հեղինակ՝ Գնել Նալբանդյան) նոր ծագող կապիտալիստական-բարտերային հարաբերությունների ֆոնին է ծավալվում: Սյուժեի խթանը պարտքի դիմաց կոստյում վերցնելն է: Չարաբաստիկ կոստյումը Նովոսիբիրսկի տղամարդկանց երգաչխմբի մենակատարների ավտոբուսից է գողացվել ու ծուռումուռ ճանապարհով եկել-հասել իր ճիշտ հասցեատիրոջը: Շատերս լավ հիշում ենք ազատ առեւտրի պայմաններում անցկացրած մեր կյանքի առաջին տարիները, մեր շվարած վիճակն ու ճարպիկ դառնալու փորձերը (մեծամասնության համար՝ ապարդյուն): Առուծախի ընթացքում փորձության էին ենթարկվում ընկերությունն ու զգացմունքները, պրոֆեսիոնալիզմն ու խիղճը: Հինը փլուզվում էր, իսկ նորը հենց մեր աչքի առջեւ ու մեր ձեռքերով էր կառուցվում: Բայց կարեւորն այն էր, որ կառուցվում էր: «Շքամուտքի» այս նովելի հերոսները Բաբկեն Չոբանյանի ու Արշավիր Փանոսյանի կատարմամբ շատ լավն են: Ընդհանրապես, այս երկու նովելների բոլոր պերսոնաժները շատ հյութալի ու ճանաչելի են: Իսկ միջավայրը (իր նորմալ կյանքը շարունակել ջանող բնակարանը, դպրոցի ավերակ մարզադահլիճը, մեկ այլ դպրոցում օֆիսի վերածված դասասենյակը) այնքան գունեղ է վերստեղծված, որ տրագիկոմիկ էֆեկտն ինքնաբերաբար է ի հայտ գալիս:

«Շքամուտքը» այն ֆիլմերից է, որը շատ լավ ցույց է տալիս մեր կինոյի գլխավոր թերությունները. նախեւառաջ՝ պիտի խաղալու բան լինի, հետո` դա խաղալ կարողացող դերասաններ: Դերասաններ Ռուբինա Ռուբենի ու Աշոտ Դիզակի հերոսների կիսառոմանտիկ, կիսափլուզված հարաբերությունները համոզիչ չեն այն պատճառով, որ սցենարը դատարկություններ ունի (սցենարի հեղինակ՝ Հովհաննես Թեքգյոզյան), իսկ դերասաններն էլ չեն կարողանում իրենցով լցնել այդ դատարկությունները: Կամ էլ (ինչպես Կարինե Խոդիկյանի գրված նովելում) ստիպված են լինում հայրենասիրական երանգով բավականին վերացական տեքստեր ասել (սեւ ժապավենները կփոխարինվեն սպիտակով, իսկ նորածինը նոր շունչ կտա մրսող հանրապետությանը):

Բնական է, որ «Շքամուտքում» հաճախ է հիշատակվում Արցախի ազատամարտը, հերոսներից շատերը ռազմաճակատում են, նրանց սպասում են, հրաժեշտ տալիս ու երկյուղով սպասում նորությունների: Պատերազմը բոլորինն է, բայց ոմանց համար պատերազմն ամեն ինչ է (եւ՛ տալիս է, եւ՛ խլում):

Ֆիլմի ամենաազդեցիկ նովելը (սցենարի հեղինակ՝ Հարություն Հարությունյան) շարժասայլակին գամված ազատամարտիկի ու գիշերային ակումբում պարող նրա հարեւանուհու սիրային պատմությունն է: Երեխայի պես խոցելի ու միաժամանակ սարերի պես ամուր ազատամարտիկն այնքան կիսատոներ ու թաքնված խոհեր ունի, որ ֆիլմի ցանկացած դիտող նրա մեջ ինքն իրեն կարող է տեսնել: Կամ էլ առնվազն ափսոսալ, որ երկու տասնամյակ անց արդեն չի տեսնում: Գորիսի թատրոնի դերասան Շանթ Հովհաննիսյանի ճշգրիտ դերասանական աշխատանքի շնորհիվ (խոսում է այնպես, ինչպես շնչում է) պատմության մի մեծ շերտ է դուրս հանվում ու վերաիմաստավորում այսօրվա դիրքերից: Մարդկային արժանապատվության (ձվածեղ կարող եմ սարքել, ուրեմն դա էլ կուտեմ, եւ այն էլ` մեծ հաճույքով), ոչ մեկին չկշտամբելու ուժի (բա ո՞վ պիտի գնար պատերազմ, եթե ոչ ես), կախվածություն ձեռք բերելու վախի (թույլ չտամ, որ սիրտս սիրուց հալչի, եթե ոտքերս չեն շարժվում) եւ էլի շատ բանի մասին է ակնարկում այս նովելը: Երբեմն քեզ չկորցնելու համար հարկ է լինում ընդհատակ անցնել, փոքր, բայց ազնիվ գործով ապրել ու օգնությունն էլ ընդունել միայն նրանցից, ում իսկապես սիրում ես ու ում հետ խրամատներում ես եղել: Եվ ամենակարեւորը՝ ապրելու երջանկությունը չպայմանավորել բախտով կամ դժբախտությամբ: Պարզապես ապրել… Պարզապես սիրել… Ու թեւ այս նովելն իր ժանրով տարբերվում է մնացած պատմություններից (կատակերգականը բացակայում է), սակայն լավ տեղավորվում է մեկ շքամուտքից ամեն օր ներս մտնող ու դուրս եկող մարդկային ճակատագրերի շարանում: Սա այն նովելն է, որը հաստատ ամենաշատը կհիշատակվի ու կսիրվի:

Հերոսի գաղափարը բավականին խեղաթյուրվել ու փոշոտվել է, իսկ Շանթ Հովհաննիսյանի կատարմամբ բոլորովին նոր երանգներ է ստանում: Նաեւ՝ նրա խաղընկերունիների`նյարդային (լավ իմաստով) ու շատ գեղեցիկ (մի տեսակ` ազնվական) դերասանուհիներ Լիլի Վարդանյանի ու Սաթենիկ Հախնազարյանի աշխատանքով:

«Շքամուտքը» անկախ կինոարտադրանք է, որը նկարահանվել է փոքր բյուջեով, եւ ինչպես ասում է ռեժիսոր Լուսինե Սարգսյանը` ընկերական աջակցությամբ: Սա «Արեմակ» կինոստուդիայի արդեն երկրորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է: Այն արդեն ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես նաեւ՝ ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: 

Մեկնաբանություններ (1)

hamobeknazarov
Bravo, Nouné!!! C'est bizarre: malgré que maintenant nous n'avons pas, hélàs, le cinéma arménienne, mais par contre nous avons une critique de cinéma très forte. Encore une fois bravo!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter