HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վարդագույն ակնոցների էֆեկտը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ նոր օրինագծով նախատեսվող սոցիալական վճարը, ըստ էության, նույն պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարն է, խորհուրդ է տվել դրան ուրիշ ակնոցով նայել: Նա հաստատել է, որ 65 հազար քաղաքացու համար սոցիալական նպատակային վճարի փոխանցումը պետական բյուջե լինելու է պարադիր այս տարվանից, իսկ 2017-ից այն պարտադիր է լինելու արդեն բոլորի համար: Այլ կերպ ասած` վարչապետը հաստատել է, որ այս վճարների գանձումը ևս լինելու է պարտադիր, ինչը նշանակում է խոստովանել, որ Կառավարությունը ոչ թե կատարել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչից հրաժարվելու` Սահմանադրական դատարանի որոշումը, այլ պարզապես շրջանցել է այն և դա արել որքան պարզ, նույքան էլ հանճարեղ մի եղանակով. ընդամենը փոխել է «ակնոցը»:

Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, միայն կուտակայինի հարցը չէ, որ լուծում է այս եղանակով: Նա տալիս է ընդհանրապես բոլոր խնդիրները` անկախ մասշտաբներից, խորությունից , ձևից ու բովանդակությունից, լուծելու եղանակը. ընդամենը փոխում ես դրանց նկատմամբ դիտանկյունը և վերջ, բոլոր խնդիրները վերանում են:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու խորհրդարանական մեծամասնությունը շատ արագ յուրացրին խնդիրները լուծելու այս բանաձևը: Ինչպես հայտնի է, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, դեմ լինելով Կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակագում ընդգրկված նախագծերի մի մասին և նկատելով ՀՀԿ պատգամավորների սակավությունը, որոշեցին չգրանցվել, որպեսզի նստաշրջանը սկսելու համար քվորում չապահովվի: Սկզբնական շրջանում դա նրանց հաջողվեց: Սակայն, ի վերջո, «Ժառանգություն» խմբակցությունից դուրս եկած Խաչատուր Քոքոբելյանը գրանցվեց, և մեծամասնությանը հաջողվեց խուսափել արտահերթ նստաշրջանի տապալումից: Եվ ահա դրանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց օգտվել իր լիազորությունից և որոշ ժամանակ մերժել գրանցվելու, այդպիսով օրինագծերի քննարկմանը մասնակցելու հնարավորություն ստանալու՝ ոչ իշխանական ուժերի պատգամավորների ցանկությունը: Սահակյանն այդպիսով իբր պատժում էր ընդդիմությանը` նստաշրջանը հանիրավի տապալելու փորձի համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը մի կերպ փրկվեց խայտառակությունից, Աժ ամբիոնից հայտարարեց, թե եթե Գալուստ Սահակյանի տեղը լիներ, ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին ընդհանրապես չէր գրանցի: Իրականում այն, ինչ փորձում էր անել ԱԺ նախագահը` օգտագործելով գրանցում թույլ չտալու իր իրավունքը, ոչ միայն ընդամենը մանր քինախնդրություն էր, այլև ինչ-որ իմաստով քաղաքական փոքրամասնության իրավունքների սահմանափակում: Քվորում չապահովելու միջոցով օրինագծերի քննարկման և ընդունման տապալումը քաղաքական ակցիա է, դիրքորոշում: Փոքրամասնությունը բացարձակապես մեղավոր չէ, որ ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է սահմանային այնպիսի վիճակում, երբ անգամ քվորում ապահովելու հարցն է դժվարությամբ լուծում: Փաստորեն ՀՀԿ-ն և Աժ նախագահը իրենց ընդդիմախոսներին պատժում են սեփական անկարողության համար:

Բայց հիմնական ինտրիգն, իհարկե, այդտեղ չէ: Ցայտնոտի մեջ ընկած Գալուստ Սահակյանը և ՀՀԿ խմբակցությունը մոռացել էին, թե ինչպես էին տապալում փոքրամասնության նախաձեռնած` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ապա նաև գազամատակարարման ոլորտում ի հայտ եկած իրողությունները և Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի հիմքերը ստուգելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն ուղղված արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությունները: Ոչ իշխանական ուժերն իրենց տրամադրության տակ քոքոբելյաններ չունեին` քվորում ապահովելու խնդիրը լուծելու համար և ոչ էլ՝ մեծամասնության պատգամավորների հետագա գրանցումը մերժելու համապատասխան իրավական լծակներ: Այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեծամասնության պատգամավորներին նման հանդգնության համար պատժելու մասին անգամ չէր էլ մտածում: Որովհետև այն ժամանակ ՀՀԿ-ն բոլորովին այլ ակնոց էր կրում, որի շրջանակներից արտահերթը տապալելու իրենց որոշումը ոչ թե պատժվելու ենթակա հանդգնություն էր երևում, այլ բացառապես քաղաքական իրավունք: Այդ հիմա է, որ նոր ակնոցներով բոլորովին այլ իրականություն է երևում:

Ընդհանրապես, ակնոցային այս նոր փիլիսոփայությունը հնարավորություն է տալիս պետական կառավարման համակարգում առկա շատ երևույթներ հասկանալ: Օրինակ՝ այն, որ պատգամավորների, գեներալների որդիները ոչ թե կրակում են իրար վրա կամ սովորական անմեղ անցորդների ուղղությամբ, այլ մանր-մունր չարաճճիություններ են անում, որոնց համար, իհարկե, որևէ մեկին չես կարող պատժել: Որ խորհրդարանում օլիգարխներ չկան, քանի որ նրանց փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, և որ բոլորն այն աստիճան բարոյական և առաքինի անձնավորություններ են, որ շարքային կիսագրագետ լրագրողներն իրավունք չունեն նրանց հենց այնպես մոտենալ և անհանգստացնել:

Նախկին վարչապետն էլ ոչ թե օֆշորային աֆյորաներ էր համակարգում, այլ ընդամենը դարձել էր մի քանի խորամանկների զոհը, որ պետական ապարատի աշխատողները ոչ թե հարկադրաբար չեն հրաժարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները փոխանցելուց, այլ այդ համակարգի նկատմամբ խորը հավատ ունենալուց: Եվ քանի որ իշխանության այդ ակնոցը անհրաժեշտության դեպքում միշտ վարդագույն է, վարչապետը հիմա բոլորին փորձում է հենց այդպիսի ակնոց հագցնել: Մանիպուլյացիաների միջոցով կառավարելու համար դա ամենահեշտ ճանապարհն է. եթե թագավորը չի տեսնում իր մերկությունը, ուրեմն ոչ ոք այն չի կարող տեսնել: Պետք է պարզապես հավատալ, որ քեզ ոչ թե խաբում են, հարստահարում, այլ հոգ են տանում և մտածում քո բարեկեցությունն ապահովելու մասին: Ոչ թե, օրինակ, ընտրակաշառք են տալիս` ձայներ գնելու և իշխանության վերարտադրման համար, այլ բարեգործություն են անում:

Եվ ահա, առաջնորդվելով այս խիստ հումանիստական նկատառումենով, կառավարությունը տոտալ ակնոցափոխության պրոցես է սկսել: Հասարակության աչքին օպտիկական, անշուք ակնոցը, որի շրջանակից իրականությունը խոշորացված հառնում է իր հուսահատեցնող մանրամասնություններով, այնպիսի գաղջ մթնոլորտ է ստեղծում, որտեղ ոչ ոք շնչել չի կարողանում: Բայց քանի որ այդ կեղտոտ օդը փոխելու ցանկություն չկա, մնում է հավատացնել, որ օդը մաքուր է և խնդիրը մեր մեջ է. հավանաբար շնչել չգիտենք: 

Մեկնաբանություններ (1)

պետո
Նման իրադրություն նկարագրել է իտալացի մանկագիր Ջանի Ռոդարին: Ըստ նրա՝ ծովահենների հիմնած թագավորության մեջ որոշվում է իրերն ու երեւույթները կոչել հակառակ նշանակությամբ, պատշաճություն ապահովելու համար: Ըստ սահմանված օրենքի՝ շներն օրինակ, պարտավոր էին մլավել, իսկ կատուները՝ հաչել: Թագավոր դարձած գլխավոր խաբեբան ու ավազակը, ճաղատ ծովահեն Ջոկոմոնը, ըստ օրենքի, կոչվում էր «Գանգրահեր, Ազնվագույն մարդ»! --- Բայց դե սրանք երեւի մանկուց գրքեր չեն կարդացել!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter