HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոստա Ռիկան Անգլիային տուն ուղարկեց՝ առանց նրա հետ խաղալու

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը լի է անակնկալներով: Ֆուտբոլային աշխարհը դեռ ուշքի չէր եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի՝ հետագա պայքարից դուրս մնալու հետեւանքով առաջացած շոկից, երբ պարզ դարձավ, որ պիրենեյցիներին հետեւելու են նաեւ ֆուտբոլի նախահայրերը՝ անգլիացիները, որոնք 1-2 պարտվեցին Ուրուգվային, բայց ամեն դեպքում չնչին հնարավորություններ ունեին դեռ: «Մահվան խմբի» որակում ստացած D խմբի Իտալիա-Կոստա Ռիկա խաղն էլ վճռեց անգլիացիների բախտը, քանի որ մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչներին անհրաժեշտ էր Իտալիայի հաղթանակը: Կարծես ոչ ոք չէր կասկածում, որ իտալացիները, առաջին հերթին իրենց համար հաղթելով, անուղղակիորեն կօգնեն նաեւ Անգլիային: Բայց առաջին փուլում 3-1 հաշվով Ուրուգվային հաղթած Կոստա Ռիկան ապացուցեց, որ դա պատահական հաղթանակ չէր, որովհետեւ աշխարհի առաջնությունում աշխարհի նախկին չեմպիոններին իրար հետեւից հաղթելն այլեւս չի կարող պատահականություն լինել:

Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչները Բուֆոնի դարպասը գրավեցին առաջին կեսի վերջում: 44-րդ րոպեին աչքի ընկավ Բրայան Ռուիսը: Դա այս խաղի միակ գոլն էր, որը Կոստա Ռիկային դուրս բերեց 1/8-րդ եզրափակիչ, իսկ Անգլիային ուղարկեց տուն: Կոստա Ռիկան այս առաջնության իսկական հայտնությունն է:

Խաղի տեսանյութը՝ այստեղ:      

Այսպիսով՝ D խմբում 6 միավոր ունի Կոստա Ռիկան: 3-ական միավոր են վաստակել Իտալիան եւ Ուրուգվայը, որոնք երրորդ տուրում կվիճարկեն փլեյ-օֆի բաղձալի ուղեգիրը: Իսկ Անգլիան, որը միավոր չունի, անկախ Կոստա Ռիկայի հետ վերջին խաղից, դուրս կմնա հաջորդ փուլից:

Կայացան նաեւ E խմբի Շվեյցարիա-Ֆրանսիա եւ Հոնդուրաս-Էկվադոր հանդիպումները: Առաջին խաղում գոլային հրավառություն էր. Շվեյցարիան քաջաբար գրոհում էր, կարծես ոչնչով հետ չէր մնում Ֆրանսիայից, բայց բաց էր թողնում գոլը գոլի հետեւից: Ֆրանսիացիների կատարողական վարպետության ցուցադրությունը սկսվեց 17-րդ րոպեին, երբ Ժիրուն բացեց հաշիվը: Հենց հաջորդ րոպեին շվեյցարացիները երկրորդ հարվածը ստացան. փաստորեն մի րոպեում նրանք երկու գոլ բաց թողեցին: 18-րդ րոպեին աչքի ընկավ Մատյուիդին: 32-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Բենզեման, որի հարվածը հետ մղեց դարպասապահ Բենալյոն: 40-րդ րոպեին Վալբուենան եզրափակեց ֆրանսիացիների կայծակնային հակագրոհը՝ 0-3: 67-րդ րոպեին իր գոլը խփեց Բենզեման, որը 3 գոլով հավասարվեց հոլանդացիներ վան Պերսիին ու Ռոբենին, գերմանացի Մյուլլերին, չնայած վերջինս մեկ խաղում է 3 անգամ աչքի ընկել: 73-րդ րոպեին հաշիվը 0-5 դարձրեց Սիսոկոն: Սրանից հետո Դեշամի սաները կարծես հանդարտվեցին, իսկ Շվեյցարիան չէր հանձնվում: 81-րդ եւ 87-րդ րոպեներին դարպասապահ Լյորիսին տխրեցրին Ջեմայիլին ու Խական: Խաղն ավարտվեց 2-5 հաշվով:    

Հոնդուրաս-Էկվադոր հանդիպումն էլ հետաքրքիր պայքարում անցավ, եթե հաշվի առնենք, որ առաջին տուրում ֆրանսիացներին 0-3 պարտված հոնդուրասցիները բավականին ակտիվ ու համարձակ էին հարավամերիկացիների հետ պայքարում: 31-րդ րոպեին իր թիմակիցներին առաջ մղեց Կառլոս Կոստլին՝ 1-0: Սակայն 3 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Էներ Վալենսիան: Այս նույն խաղացողն էլ 65-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գոլը՝ 1-2: Վալենսիան 3 գոլով հավասարվեց ռմբարկուների խմբին: 

Խաղի լավագույն դրվագները՝ այստեղ

E խմբից Ֆրանսիան, որը վաստակել է 6 միավոր, ըստ էության, առանց դժվարության դուրս կգա հաջորդ փուլ: Լավ հնարավորություններ ունի նաեւ Շվեյցարիան, որն ունի 3 միավոր եւ վերջին փուլում խաղալու է հետնապահ եւ միավոր չվաստակած Հոնդուրասի հետ: Իսկ Էկվադորը պետք է հույսը դնի իր ու Հոնդուրասի վրա. այս թիմը նախ պետք է դրական արդյունքի հասնի Ֆրանսիայի հետ, ապա նաեւ հույս ունենա, որ Հոնդուրասը գոնե չի պարտվի շվեյցարացիներին, իսկ ավելի լավ է, որ հաղթի:

Այսօր 20:00-ին կկայանա F խմբի Արգենտինա-Իրան հանդիպումը, երկրորդ զույգը՝ Նիգերիա-Բոսնիա եւ Հերցեգովինա, դաշտ դուրս կգա 02:00-ին: Իսկ 23:00-ին ուժերը կչափեն G խմբի առաջատար Գերմանիան ու Գանան:  

Լուս.-ը՝ Getty Images   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter