HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում երկրաշարժից 26 տարի անց օծվեցին և տեղադրվեցին վերակառուցված Ամենափրկչի խաչերը

Երանուհի Սողոյան
Մարիամ Խալաթյան

Այսօր Գյումրիում, ձեռամբ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, օծվեցին Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի երկու խաչերը:

Գյումրու Վարդանանց հրապարակի հարեւանությամբ գտնվող Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-73թթ.-ին: Ճարտարապետը Թադեւոս Անտիկյանն էր: Հոյակերտ այս կառույցը բազմաթիվ փորձություններ է անցել՝ դիմացել 1926թ. Լենինականի երկրաշարժին եւ խորհրդային աթեիզմի շրջանում կառույցը քանդել ցանկացողների ավերիչ գործողություններին: 1937թ. Ամենափրկչի գմբեթը պայթեցրել են: Եկեղեցին քանդել ցանկացողները հետագայում ստիպված են եղել այն փակել թիվ 2-րդ դպրոցի շենքով: Երկար տարիներ եկեղեցական կառույցը ծառայել է որպես համերգային դահլիճ: 1988 թ. չդիմանալով ավերիչ երկրաշարժի ցնցումներին՝ Ամենափրկիչը խոնարհվեց: Կանգուն մնացին միայն եկեղեցու արեւելյան հատվածը եւ զանգակատան մի մասը:

Ամենափրկչի վերականգման աշխատանքները սկսվեցին 1996թ. համաժողովրդական հանգանակությամբ: Կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարին հետագայում չինուհի Չինգ Հայը, 1998թ. այցելելով Գյումրի, նվիրաբերեց 100 հազար դոլար: Ստեղծվեց «Ամենափրկիչ» հիմնադրամ: Եկեղեցու վերականգման գործին գումարներ էին նվիրաբերում անհատ անձինք, գործարարներ եւ կազմակերպություններ, ինչպես նաեւ պարբերաբար փոխանցումներ էին կատարվում համայնքային բյուջեից: Ստանձնելով Գյումրու ղեկավարումը՝ տարիների հետ Վարդան Ղուկասյանը սկսեց վերահսկել նաեւ եկեղեցու վերականգնման աշխատանքներն ու հավաքագրվող գումարները: Պաշտոնից հեռանալով՝ նա հայտարարեց, որ շարունակելու է հետեւել Ամենափրկիչ եկեղեցու վերականգման աշխատանքներին՝ հասցնելով այն իր տրամաբանական ավարտին:

Ամենափրկչի վերականգման աշխատանքները ղեկավարած գյումրեցի ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը պնդում է, որ արվել է ամեն ինչ կառույցը նախկին տեսքով ու շքեղությամբ վերականգնելու համար, չեն մոռացել, իհարկե, նաեւ ամրության մասին: Եկեղեցու պահպանված քարերն ու զարդանախշերը նույնությամբ տեղադրվել են՝ պակասող հատվածները լրացվել սրբատաշ քարերով: Նորօրյա վարպետներն իրենք էլ են խոստովանում, որ կդժվարանային կրկնել իրենց նախորդների ստեղծած պատկերներն ու զարդաքանդակները:

Վարդան Ղուկասյանը նախկինում տված հարցազրույցներից մեկի ժամանակ ցանկություն էր հայտնել, որ խաչերի օծումն իրականացնի կաթողիկոսը, սակայն նրա հույսերը չարդարացան:  Հայտնի է, որ Ամենափրկչի վերակառուցմանը Մայր Աթոռը գումարային որեւէ օժանդակություն եւս ցույց չի տվել: Իր ստեղծման օրվանից եւ վերակառուցման սկսման պահից ի վեր Ամենափրկիչը եղավ ու մնաց որպես համաժողովրդական կառույց:

Ավարտելով օծման կարգը՝ թեմի առաջնորդը նշեց, որ այս եկեղեցու կառուցմամբ գյումրեցիները դուրս են գալիս 25-ամյա տառապանքից. «Կառուցվեց Ամենափրկիչը և նշանակում է, կառուցված է այլևս Գյումրին, մնում է մնացած հարցերը լուծել, որպեսզի ոչ մեկի երեսին այլևս տխրություն չլինի»: Առաջնորդը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ վարդան Ղուկասյանին` բարերարության համար և նշեց, որ այս եկեղեցին առիթ հանդիսացավ, որպեսզի ինքն ու նախկին պաշտոնյան հաշտվեն ու շարունակեց. «Ամենափրկիչը դարձավ հաշտության եկեղեցի: Թող այսուհետ այն մարդիկ, ովքեր միմյանց հետ թշնամություն ունեն, դաշնության գան և հաշտություն իրականացնեն»:

Վերակառուցված եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները կատարելու խոստում հնչեցրեց Վարդան Ղուկասյանը: «Սա իմ հոգու պարտքն է: Բոլորիս բաղձանքն է: Աստծո ողորմածությամբ ուզում եմ, որ եկեղեցին պատրաստ լինի Եղեռնի 100 ամյակին: Ամենակարևորը, որ քաղաքներում եկեղեցիներ կառուցվեն, լինեն աղոթքի տներ: Մեր նախնիները կառուցել են նախ իրենց հոգևոր տները, ապա դպրոցները և այսօր՝ քաղաքի այս հնարավորությունների մեջ, մենք իրավունք չունենք չկառուցել Ամենափրկիչը, ես այն կառուցում եմ հավատացյալների աղոթքներով», - լրագրողներին փոխանցեց Վարդան Ղուկասյանը:

Խաչերի տեղադրման արարողությանը խանգարում էր ուժեղ քամին: Մի փոքր ձգձգումից հետո խաչերն ի վերջո բարեհաջող կերպով տեղադրվեցին՝ նոր շուք ու փայլ հաղորդելով կառույցին: Եկեղեցու բակը մարդաշատ էր, հարյուրավոր գյումրեցիներ եկել էին ներկա գտնվելու այդքան սպասված իրադարձությանը: Կատարած աշխատանքի համար հատուկ շնորհակալության արժանացավ եկեղեցու վերականգնման աշխատանքները ղեկավարող ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter