HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը

Արցախցիներին մինչև հոգու խորքը ցնցեց Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ինքնաբացահայտումը և նրա օտար տերերի զավթողական քայլերը պատահական չեն ժամանակի և իրավիճակի առումներով: Նրանց թվում է, թե հետպատերազմյան քսան տարիների ընթացքում Հայաստանում (Արցախը ներառյալ) վարված ազգակործան քաղաքականության շնորհիվ հաջողվել է այն աստիճան մոլորեցնել ու կամազրկել մեր ժողովրդին, որ արդեն կարող են սպանել նրա հաղթանակը և խլել Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը:

Մինչդեռ մեր ժողովուրդը շատ պարզ կերպով գիտակցում է, որ այդ հաղթանակը ոչ միայն Արցախի ազատագրումն է և նրա փաստացի միավորումը Հայաստանին, այլև այն շրջադարձային կետը, որի շնորհիվ փոխվեց մեր պատմության վերջին հարյուրամյակների կորստաբեր ընթացքը և նախադրյալներ ստեղծվեցին մեր ինքնիշխան գոյության ու Հայրենիքը քայլ առ քայլ ազատագրելու համար:

Հայաստանյան վարչախումբը մեր երկիրը, Եվրասիական տնտեսական միության քաղաքական զնդանը մտցնելով, մեզ վերադարձնում նշված շրջադարձային կետից ավելի ետ ընկած ժամանակաշրջանի՝ մինչ 1988-ի ազատագրական պայքարին նախորդած կորստաբեր ընթացքի մեջ:

Նման ընթացքի պարագայում Արցախը և նրա հետ միասին՝ նաև ամբողջ Հայաստանը, հայտնվելու են ռուս-թյուրքական կամքի տիրույթում, ինչը  աղետալի կլինի Արցախի և ամբողջ Հայաստանի ու հայության համար:

Այսպիսի զարգացումների հետևանքով Արցախը և ամբողջ Հայաստանն ու հայությունը զրկվելու են իրենց ճակատագիրը տնօրինելու կամքից ու հնարավորությունից և մանրադրամ են դառնալու տարածաշրջանում տեղի ունենալիք հերթական աշխարհաքաղաքական առևտրի մեջ: Եվ, ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն եղել է մեր պատմության ընթացքում, հանուն ռուս-թյուրքական բարեկամության մենք նախ կորցնելու ենք Արցախը, ապա՝ նաև Հայաստանն ամբողջությամբ:

Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է: 

Մենք հայտարարում ենք, որ վճռական ենք և մեր այդ պատկերացումներին համապատասխան ստեղծում ենք «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտե՝ ինչպես նշված, այնպես էլ հնարավոր այլ սցենարներով պայմանավորված վտանգների պարագայում մեր ժողովրդին ոտքի հանելու, Արցախը ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանելու ու նաև իրավաբանորեն Հայաստանի մաս դարձնելու նպատակով: 

Որպես մեր նախաձեռնությունը կյանքի կոչելու մեկնարկ, «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն նախատեսում է առաջիկա օրերին հանրահավաք անցկացնել Ստեփանակերտում և ժողովրդին իրազեկել մեր հետագա քայլերի մասին: 

Մխիթար Ավետիսյան

Քերոբ Ղազարյան

Վահան Բադասյան

Գրիշա Հայրապետյան

Արթուր Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter