
Մայիսյանի «խոպանչիները» նախապատվությունը տվել են հողագործությանը
Շիրակի մարզի Մայիսյան գյուղի «խոպանչիների» մեծ մասը, աշխատավայրի ընտրության հարցում նախընտրել է վերադառնալ ակունքներին՝ հողագործությանը: Նախկինում 2031 բնակիչ ունեցող գյուղից 150-170 տղամարդ մեկնում էր ՌԴ տարբեր քաղաքներ՝ արտագնա աշխատանքի, բայց արդեն մի քանի տարի է մեծ մասը գերադասում է մնալ գյուղում: Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ նրանք գերադասում են հողը վարել-ցանել եւ աշխատանքի պտուղները սեփական հողից ստանալ:
Երկրից դուրս աշխատանք չփնտրելու գլխավոր պատճառներից մեկը Հակոբ Բաղդասարյանը համարում է ոչ կայուն եկամուտը, խոստացված գումարների ոչ ժամանակին եւ լիարժեք վճարումները եւ, իհարկե, վերջին շրջանում հաճախակի դարձած արտաքսման դեպքերը: Մայիսյանում մշտապես հացահատիկի բարձր բերք են ստացել: Համայնքապետն է խոստովանում, որ դեռեւս խորհրդային տարիներից իրենք ունեցել են եւ հիմա էլ ունեն այսպես կոչված «ոսկե հողեր»: Տարածքներն այդպես են կոչվել բերրիության եւ բարձր բերքատվության համար:
«Այդտեղից 1հա-ից մինչեւ 75 ցենտներ բերք ենք հավաքել,- ասում է Հակոբ Բաղդասարյանը,- հիմա մեր ունեցած վարելահողերի մոտավորապես 55%-ը հացահատիկ է ցանված: Մայիսյանցիները նաեւ կարտոֆիլաբուծությամբ են զբաղվում, սակայն դա մեծ մասշտաբներ չի ընդգրկում: Եթե նախորդ տարիներին մինչեւ 120 հա կարտոֆիլի ցանքատարածություններ ենք ունեցել, այս տարի ընդամենը 30 հա է զբաղեցնում այդ կուլտուրան»:
Հողատարածքները կարկուտից պաշտպանելու նպատակով 2011թ. երկու հակակարկտային կայան տեղադրեցին՝ յուրաքանչյուրը 6 մլն դրամ արժողությամբ: Անցած տարի կանգնեցին երկընտրանքի առաջ՝ կառուցեն խաղահրապարկ նախակրթարանի համար, թե՞ ձեռք բերեն 3-րդ հակակարկտային կայանը: Կշեռքի նժարը թեքվեց դեպի ցանքսերի եւ տարվա ապրուստն ապահովող հողերի ապահովության կողմն ու առանց երկմտելու որոշեցին սեփական բյուջեից 10 մլն դրամ հատկացնել կայան ձեռք բերելու համար:
![]() |
![]() |
Հակոբ Հունանյան | Հակոբ Բաղդասարյան |
«Խաղահրապարակ երեխաների համար անպայման կսարքենք, բայց կայանն ավելի անհրաժեշտ էր: Նախորդների տված դրական արդյունքը տեսել էինք, բայց բավարար չէր: Այդ երկու կայաններն ամեն մեկը ծածկում է մինչեւ 100 հա, իսկ մեր հողերն ավելի շատ են: Վերջին ձեռք բերածն ավելի հզոր է, մոտ 300 հա կարող է պաշտպանել,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Հունանյանը,- բացի դրանից, մեր տեղադրած կայաններից օգտվում են նաեւ հարակից համայնքները»:
Մայիսյան համայնքի սեփական եկամուտներն անցած տարի կազմել է մոտ 10 մլն դրամ, 19 մլն դրամ էլ պետությունը դոտացիա է հատկացրել: Այս տարի պետական աջակցությունն ավելացել է՝ կազմելով 25 մլն դրամ: Համայնքի բյուջեից 3-4 մլն դրամի չափով մուտքեր են լինում նաեւ վարչական տարածքում վարձակալական հիմունքներով գործող կառույցներից՝ հյուրանոց-ռեստորան, գազալցակայան, սեւ տուֆի քարհանք, սննդի օբյեկտ, մեխանիկական գործարան, Հայ-ամերիկյան տնաշինական կոմբինատ եւ մեկ փոքր հէկ: Համայնքի բյուջեն գումարներ է մուտք գործում նաեւ երեք բջջային օպերատորների գյուղի տարածքում տեղադրված անտենաների գործունեությունից:
Փհէկ-ի առկայությունը մի փոքր տարօրինակ էր, որովհետեւ գյուղի տարածքով ոչ գետ, ոչ անգամ առվակ չի անցնում: Համայնքապետի փոխանցմամբ նշված հէկ-ը կառուցվել է մոտ 10 տարի առաջ եւ գործում է բնական աղբյուրների հաշվին:
«Հէկ-ը պատկանում է Ավետիսյան Գուրգենին,- պարզաբանում է համայնքապետը,-նոր չէ, վաղուցվանից է գործում եւ մեր գյուղի խմելու ջրի հետ բացարձակ կապ չունի: Սարերից եկող ջուրն է օգտագործում, ո'չ մեր խողովակաշարի, ո'չ հարեւան Հովունիի խմելու ջրագծին չի խանգարում: Մի պահ եղավ, որ գյուղի խմելու ջրի վիճակը վատացել էր, ժողովուրդը խառնվել էր իրար՝ մտածելով, թե հէկ-ի հետ կապ ունի: Ես անձամբ ջրմուղի աշխատողի հետ գնացել եւ ստուգել եմ, որ մեր գյուղ հասնող ջուրն այլ ուղղություն ունի, հէկ-ի օգտագործածն՝ այլ»:
Մայիսյանի խմելու ջրի ցանցի սպասարկումը հանձնված է «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին: Ընկերությունը 24-ժամյա ջրամատակարարում է ապահովել, սակայն ցանցը նորացնելու կարիք կա: Երեսուն տարվա խողովակներ են, որոնց մասնակի նորոգումները խնդրի լուծում չեն դառնում վթարների ժամանակ: Համայնքապետի հաշվարկով, այդ աշխատանքներն իրականացնելու համար 180 մլն դրամ է անհրաժեշտ:
Հարեւան համայնքների համեմատ առավել բարեկեցիկ պայմաններում գտնվող Մայիսյանը եւս զերծ չէ խնդիրներից: Երկրաշարժից հետո 12 ընտանիք ճանաչվել էին անօթեւան, նրանցից երեքին մերժել է քաղաքաշինության նախարարությունը: Այս պահին անօթեւան է ճանաչվել 7 ընտանիք, իսկ առանձնատան կառուցման պայմանագիր կնքվել է ընդամենը երկու ընտանիքի հետ: Մայիսյանում եւս «Գլենդել հիլզը» որեւէ աշխատանք չի ձեռնարկել:
Տարիներ առաջ գյուղն սպասարկող թիվ 44 համայնքային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը: Ընկերությունը վնասներ էր կրում եւ արդեն երկու տարի է հրաժարվում է սպասարկել Գյումրի-Մայիսյան երթուղին: Մայիսյանցիները հարկ եղած դեպքում օգտվում են Գյումրիից Քեթի եւ Փոքրաշեն ուղեւորվող համայնքային տրանսպորտից, որն անցնում է իրենց գյուղի միջով: «Նաեւ տաքսիներ են աշխատում, որովհետեւ գյուղը շատ մոտ է Գյումրուն, մոտ 2 կմ ենք հեռու, բացի դրանից շատերը սեփական մեքենա ունեն, դրա համար էլ տրանսպորտը վնասով էր աշխատում»,- պարզաբանում է աշխատակազմի քարտուղարը:
Քաղաքին այդքան մոտ գտնվելու պատճառով կրճատվել է նաեւ նախակրթարան հաճախող երեխաների թիվը: Մայիսյանցիների մի մասն իրենց փոքրիկներին տանում են Գյումրու Անի թաղամսում գործող մանկապարտեզներ: Գյուղի նախակրթարան ներկայում հաճախում է 32 երեխա: Համայնքապետն ասում է, որ երկրորդ խումբ բացելու կարիք կա, սակայն տարածք չունեն:
Մայիսյանի համայնքապետարանը մեկ տարի առաջ է տնակներից տեղափոխվել քարաշեն կառույց: Պետբյուջեից հատկացված 240 մլն դրամով կառուցված համայնքային կենտրոնում տեղակայված են համայնքապետարանը, հայփոստը, գրադարանը: Ունեն գեղեցիկ եւ ընդարձակ նիստերի դահլիճ, կահավորված համակարգչային սենյակ: Նոր գույք ձեռք բերելու համար, պետությունից 12 մլն դրամի չափով աջակցություն էին ստացել:
«Մնացած աշխատանքներն անում ենք մեր եկամուտների հաշվին,- հավաստիացնում է Մայիսյանի համայնքապետը,- գյուղամիջյան ճանապարհների հարթեցում, գիշերային լուսավորության ցանցի սպասարկում եւ այլն: Ավագանու որոշմամբ գումար ենք տրամադրում դպրոց հաճախող երեխաների գրքերի վարձավճարների համար, նորածինների ընտանիքներին ենք միանվագ օգնություն տալիս, սոցիալապես անապահովներին ենք աջակցում»:
Մեկնաբանել