Մհեր Ենոքյանի հարցազրույցը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ
Ցմահ բանարկյալ, «Նուբարաշենի» բանտից «Հետքի» թղթակից Մհեր Ենոքյանի հարցազրույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ
-Հայաստանի դատաիրավական համակարգն ամենակատարյալը չէ, և հասկանալի է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ նաև անմեղ մարդիկ են դատական սխալների հետևանքով դատապարտվել մահապատժի: Սակայն մեր երկիրը բացառություն է այն առումով, որ իշխանությունները չեն ցանկանում ընդունել դատական սխալների հնարավորությունը և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այս կարևորագույն խնդրի հետ կապված Դուք տարբեր նախագծերով և առաջարկություններով հանդես եկաք, սակայն Ազգային ժողովում օրենսդիրը չարժանացրեց նույնիսկ քննարկման: Ո՞րն է, ըստ Ձեզ, այս քար անտարբերության պատճառը մարդկանց ճակատագրի նկատմամբ:
-Հիմնական պատճառը, թերևս, օբյեկտիվ դատարանների պակասն է: Դա պայմանավորված է դատաիրավական համակարգում ներքին ճնշումներով և կոռուպցիոն երևույթներով: Դատական համակարգն արդյունավետ կգործի, եթե Արդարադատության խորհուրդն ու դատարանները լինեն թափանցիկ: Դրա համար հարկավոր են ոչ միայն օրենսդրական լուծումներ, այլ գոյություն ունեցող օրենքների ճիշտ կիրառում: Մեր երկրում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության երաշխիք կլինի նաև, եթե համագործակցեն քաղաքացիական հասարակությունը և պետությունը: Այս առումով առաջընթաց, իհարկե, նկատվում է, սակայն որպեսզի ունենանք առավել հուսադրող պատկեր, ժամանակ է պետք:
-Արդեն մոտ 12 ցմահ դատապարտյալ հատել է օրենքով նախատեսված պայմանական վաղաժամկետ ազատման 20 տարվա շեմը, սակայն օրենքը չի գործում այն պատճառով, որ օրենսդիրը նույն շեմն է սահմանել նաև ռեժիմային փոփոխությունների համար: Տրամաբանական կլիներ, որ ռեժիմային փոփոխությունները սկսվեին ոչ թե 20 տարի բանտախցում պահելուց հետո, այլ 15 տարի անց: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս խնդրի հետ կապված:
-Ինձ և իմ աշխատակազմին նույնպես մտահոգում են դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկա իրավական կարգավորումներն ու պրակտիկան: Մեր աշխատակազմն այժմ ուսումնասիրում և գնահատում է այս խնդիրը, մասնավորապես սահմանված չափորոշիչների և ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության տեսանկյունից: Երբ լինեն վերջնական արդյունքները, ես կներկայացնեմ համակարգային բնույթի առաջարկներ:
-Օրենքով սահմանված է տարվա կտրվածքով 1 երկարատև և 3 կարճատև տեսակցություն հարազատների հետ ամբողջ 20 տարիների ընթացքում անփոփոխ: Նման երկարատև, անարդար սահմանափակումը դաժան պատիժ է թե դատապարտյալի, թե նրա հարազատների համար: Օրենքում գրված է, որ ընտանեկան կապերը պետք է խրախուսվեն, դատապարտյալը պետք է նախապատրաստվի ազատություն վերադառնալուն, սակայն 20 տարի շարունակ նման սահմանափակումը հակառակ ազդեցություն է ունենում: Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ եթե անձին մեկուսացնում են հասարակությունից, ինչո՞ւ են մեկուսացնում նաև հարազատներից: Պարոն Անդրեասյան, ըստ Ձեզ, պատժի նպատակի ո՞ր խնդիրների լուծմանն է նպաստում տեսակցությունների նման խիստ սահմանափակումը:
-Արտաքին աշխարհի հետ կապն անհրաժեշտ և կարևոր է առհասարակ բոլոր դատապարտյալների սոցիալական կապերի պահպանման, նրանց հոգեվիճակի կայունության համար: Այս կապերի նշանակությունն ավելի քան կարևոր է, երբ խոսքը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մասին է, քանի որ վերջիններս առավել խոցելի են: Նրանց պարագայում մշտապես կա հոգեկան բարօրության խաթարման վտանգ, քանի որ նրանք ունեն այլևս երբեք ազատության մեջ չլինելու վախ: Դատապարտյալին ուղղելու և նրա ճիշտ վարքագիծը խթանելու համար անհրաժեշտ է, որ պատժի կատարումը ևս տարբերակված և անհատական լինի: Հետևաբար, ըստ յուրաքանչյուր դատապարտյալի վարքագծի և հոգեբանական վիճակի, պետք է որոշվեն տեսակցությունների հնավորություններն ու սահմանափակումները:
-Պետությունը ցմահ դատապարտյալին չի ապահովում ոչ մի աշխատանքով, որպեսզի հնարավոր լինի, ըստ քաղաքացիական հայցերի, դատարանի որոշմամբ հարթել տուժողին պատճառված վնասը: Չվճարելու պատճառով մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել: Ստեղծվում է փակ շղթա: Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից:
-Այս խնդիրն ունեն ինչպես ցմահ, այնպես էլ բոլոր դատապարտյալները: Մենք մշտապես բարձրացրել ենք դատապարտյալներին աշխատանքով ապահովելու հարցը: Պետությանը բազմիցս առաջարկել ենք լուծել կալանավայրերում գտնվող անձանց զբաղվածության խնդիրը, որը կնպաստի ոչ միայն նրանց նյութական կարիքների լուծմանը, այլև կարևոր խթան կդառնա դատապարտյալի ուղղվելու համար:
Օրենքը նույնպես սահմանում է դատապարտյալներին աշխատանքով ապահովելու հնարավորությունը, ավելին՝ մատնանշում է, որ աշխատանքով ապահովելիս առաջնությունը պետք է տրվի այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ նյութական ծանր վիճակում է: Մնում է ստեղծել պայմաններ՝ այս դրույթները կիրառելի դարձնելու համար:
-Ուսումնասիրելով օրենքները՝ չգտա ոչ մի նորմ, որը զրկի մարդուն ազատության իրավունքից: Այո, պետությունը կարող է սահմանված դեպքերում մարդուն զրկել ազատությունից, բայց ոչ ազատության իրավունքից: Ավելի պարզ ասած՝ ոչ մի օրենք չի պարտադրում մարդուն, որ նա ինքն իրեն ազատազրկի: Մի շարք եվրոպական երկրներում կալանավայրից փախուստը չի դիտվում որպես հանցագործություն, և օրենսդիրը չի սահմանել որևէ քրեական պատիժ, եթե բանտի աշխատակիցների նկատմամբ տեղի չի ունեցել բռնություն, քանի որ կալանավայրում պահելը համապատասխան մարմինների պարտավորությունն է և ամենևին էլ ոչ դատապարտյալի: Ճի՞շտ է արդյոք, ըստ Ձեզ, մարդուն պատժել Աստծո կողմից ի ծնե շնորհված ազատության բնական պահանջի համար:
-Ազատության ձգտումը, որը մարդու անքակտելի իրավունքն է, ունի տարբեր սահմաններ և նպատակներ: Միաժամանակ, պետության կողմից անձին ազատությունից զրկելն ունի նրան ուղղելու, հետագայում հասարակությանն ինտեգրելու նպատակ: Այս նպատակի համար պետությունը, ըստ հանցագործության ծանրության աստիճանի, կարող է տարբեր ծավալներով սահմանափակել անձի ազատությունը:
Դատապարտված անձի ազատության ձգտումը կարող է ստանալ ծայրահեղ դրսևորումներ, սակայն այն չպետք է հակասության մեջ մտնի ազատազրկման բուն նպատակի՝ անձի ուղղման հետ: Պատիժը կրելու ընթացքում դատապարտված անձի դրական վարքագիծը, իհարկե, պետք է խրախուսվի՝ անձին ազատության ավելի լայն շրջանակ տալով. օրինակ՝ ավելի խիստ ռեժիմներով ուղղիչ հիմնարկներից տեղափոխում առավել ազատ և բաց ռեժիմներով հիմնարկներ, կամ վաղաժամկետ ազատում, տեսակցությունների ավելացում և այլն:
Ազատության ձգտումը չպետք է հակասության մեջ մտնի պետության կողմից անձին ազատությունից զրկելու հիմնական նպատակների հետ: Մի շարք զարգացած արևմտյան պետություններ արդեն վերանայել են ազատության ձգտման սահմանները՝ դրանք հետզհետե ընդարձակելով և նոր մոտեցումներ ձևավորելով դրանց հանդեպ: Հայաստանի արդարադատության համակարգը ևս պետք է կողմնորոշվի ավելի շատ դեպի մարդու հիմնարար իրավունքներ և ամբողջովին վերանայի ներկա ուղղիչ հիմնարկների՝ բուն նպատակին ծառայելու առաքելությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել