Աշխարհի առաջնությունն ավելի հետաքրքիր է դառնում. որոշվում են փլեյ-օֆի մասնակիցները
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց երկրորդ տուրը: F խմբում դրամատիկ պայքարում անցավ Արգենտինա-Իրան հանդիպումը: Աշխարհի նախկին կրկնակի չեմպիոններին միայն խաղին ավելացված առաջին րոպեին հաջողվեց գոլ խփել, որը եւ հաղթական եղավ: Աչքի ընկավ Մեսին: Նշենք, սակայն, որը Իրանը ամբողջ հանդիպման ընթացքում գրագետ պաշտպանվում էր ու փորձում էր հակագրոհներով առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Կեյրուշի սաները ցավալիորեն զիջեցին խաղավարտին:
Խաղի դիտարժան պահերը՝ այստեղ:
Խմբի մյուս խաղն անցավ բավականին տաղտուկ: Նիգերիա-Բոսնիա եւ Հերցեգովինա մրցավեճում ներզելանդական մրցավարական բրիգադն ուղղակի խայտառակ սխալ գործեց. եզրայինը խաղից դուրս իրավիճակ գրանցեց այն դեպքում, երբ Ջեկոն միանգայն մաքուր գոլ էր խփել: Դա շատ բան փոխեց, որովհետեւ Նիգերիան 29-րդ րոպեին աչքի ընկավ Օդեմվինգիեի շնորհիվ, եւ այդ գոլն էլ նրանց հաղթանակ պարգեւեց: Այնինչ իրականում պետք է ոչ-ոքի լիներ: Մանրամասները՝ այստեղ:
Այսպիսով՝ Արգենտինան վերջին տուրից առաջ ունի 6 միավոր եւ խմբի միանձնյա առաջատարն է, Նիգերիան 4 միավորով երկրորդն է, Իրանը ունի 1 միավոր, իսկ բոսնիացիները՝ 0: Վերջիններս այլեւս դուրս են մնացել պայքարից, եւ Իրանի հետ հանդիպումն ուղղակի հեղինակության խաղ է լինելու բալկանցիների համար: Նիգերիան էլ ձգտելու է գոնե ոչ-ոքի ավարտել խաղը արգենտինացիների հետ՝ Իրանի հետապնդումից խուսափելու համար:
G խմբի առաջատար Գերմանիային իսկական ճակատամարտ տվեցին գանացիները, որոնցից երեւի քչերն էին նման բան սպասում: Նրանք շարունակ գրոհում էին Նոյերի դարպասը, բայց գերմանացին անառիկ էր պահում այն: Արդյունքում 51-րդ րոպեին եզրից եկած փոխանցումը ծնկով եզրափակեց Մարիո Գյոտցեն՝ առաջ մղելով բունդեսթիմին: Սակայն 3 րոպե անց Անդրե Այուն խփեց առաջնությունում իր երկրորդ գոլը՝ ուրախություն պարգեւելով աֆրիկացիների երկրպագուներին: 63-րդ րոպեին գեղեցիկ ու շեշտակի հարվածով թիմի ավագ Ասամոա Գյանը առաջ մղեց Գանային՝ 1-2: 71-րդ րոպեին, այդուհանդերձ, Գերմանիան կարողացավ խուսափել պարտությունից: Ազգային թիմում իր 70-րդ (69-րդը խփվել էր Հայաստանի դարպասը) եւ աշխարհի առաջնություններում 15-րդ գոլը խփեց Միրոսլավ Քլոզեն: Գերմանիա-Գանա՝ 2-2:
Լեհական ծագումով գերմանացին կրկնեց աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի գլխավոր ռմբարկուի՝ բրազիլացի Ռոնալդոյի արդյունքը: Բայց եթե Ֆենոմենը կամ Մեծատամը 15 գոլերը խփել է հիմնականում ստեղծագործական խաղի արդյունքում, ապա Քլոզեն աչքի է ընկնում որիշ որակներով՝ հերթապահել մրցակցի տուգանայինում ու մի հպումով եզրափակել փոխանցումը: 1994-ի ու 2002-ի աշխարհի չեմպիոն Ռոնալդոն իր 15 գոլերը խփել է 3 առաջնությունում (1998-4, 2002-8, 2006-3), իսկ Քլոզեն՝ 4 (2002-5, 2006-5, 2010-4, 2014-1): Վերջինս կարող է նաեւ բարելավել ռեկորդը եւ դառնալ միանձնյա ռմբարկու:
Ավելի ուշ ավարտվեց նաեւ ԱՄՆ-Պորտուգալիա մրցավեճը: Չնայած 5-րդ րոպեին Նանին բացեց խաղի հաշիվը, 64-րդ եւ 81-րդ րոպեներին Ջոնսն ու Դեմփսին իրենց գոլերով տխրեցրին պորտուգալացներին, սակայն խաղին ավելացված 5-րդ րոպեին Վարելան նվազագույն հնարավորություն տվեց Պորտուգալիային, այլապես թիմը դուրս էր մնում հետագա պայքարից. ԱՄՆ-Պորտուգալիա՝ 2-2:
G խմբում հետաքրքիր իրավիճակ է. գերմանացիներն ու ամերիկացիներն ունեն 4-ական միավոր, իսկ Պորտուգալիան ու Գանան՝ 1-ական: Վերջին փուլում նրանք խաղալու են միմյանց հետ. ստացվում է, որ Գերմանիան ու ԱՄՆ-ը կարող են ուղղակի ոչ-ոքի ավարտել հանդիպումը՝ չնեղացնելով իրար, ինչը, սակայն, այնքան էլ արդար խաղի սկզբունքներից չի բխի: Այդուհանդերձ, չմոռանանք, որ նման դեպքերում սովորաբար այդպես էլ լինում է. թիմերը ոչ-ոքի են ավարտում խաղը ու երկուսով դուրս գալիս հաջորդ փուլ: Գանան ու Պորտուգալիան իրենց հաղթանակից զատ պետք է հույս ունենան նաեւ, որ առաջին զույգը կպայքարի ոչ թե 1, այլ 3 միավորի համար, չնայած այդ դեպքում էլ վճռորոշ է լինելու գոլերի տարբերությունը, այնպես որ գանացիներն ու պորտուգալացիները պետք է ձգտեն հնարավորինս շատ խոցել իրար: Հետաքրքիր է լինելու:
Վերջին H խմբում Բելգիան միայն 88-րդ րոպեին կարողացավ հաղթել ռուսներին. աչքի ընկավ Օրիգին: Բելգիան ապացուցեց, որ խմբի ֆավորիտն է ու այս պահին ունի 6 միավոր: Խաղի տեսանյութը՝ այստեղ:
Իսկ Ալժիրն իսկական կարուսել էր սարքել կորեացիների հետ խաղում: Հալիլհոջիչի սաներն իսկապես արժանի են այս խմբից դուրս գալուն: Նրանց սրընթաց գրոհները մեկ մյուսի հետեւից ավարտվում էին դարպասի գրավումով: 26-րդ եւ 28-րդ րոպեներին աչքի ընկան Սլիմանին (այս ֆուտբոլիստը գրավել էր նաեւ Հայաստանի հավաքականի դարպասը) ու Հալիշը: 38-րդ րոպեին հաշիվը 0-3 դարձրեց Ջաբուն: 50-րդ րոպեին Սոնը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 67-րդ րոպեին Բրահիմին հաշիվը դարձրեց 1-4: 72-րդ րոպեին էլ Կուն իր թիմին փրկեց խայտառակ լինելուց. Հրվ. Կորեա-Ալժիր՝ 2-4:
3 միավոր ունեցող Ալժիրը վերջին տուրում խաղալու է ռուսների հետ. աֆրիկացիներին կբավարարի ոչ-ոքին, եթե Բելգիան խոշոր հաշվով չպարտվի կորեացիներին, ինչը դժվար թե լինի: Իսկ ռուսներին անպայման հաղթանակ է պետք:
Այսօր կմեկնարկի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը: A խմբում ուղիղ կեսգիշերին դաշտ դուրս կգան Կամերուն-Բրազիլիա եւ Հորվաթիա-Մեքսիկա զույգերը: 4 միավոր ունեցող տանտեր բրազիլացիները կարծես խնդիր չեն ունենա աֆրիկացիների հետ, որոնք միավոր չեն վաստակել: Կատաղի պայքար է սպասվում երկրորդ զույգի պարագայում. մեքսիկացիներն ունեն 4 միավոր, հորվաթները՝ 3, ոչ-ոքին ձեռնտու է առաջիններին, բայց եվրոպացիները հաստատ կռիվ են տալու՝ հաջորդ փուլ դուրս գալու համար:
B խմբում ամեն ինչ պարզ է. 20:00-ին կմեկնարկեն Ավստրալիա-Իսպանիա, Հոլանդիա-Չիլի խաղերը: Առաջին զույգը հեղինակության հանդիպում կանցկացնի. աշխարհի դեռեւս գործող չեմպոին իսպանացիները կփորձեն գոնե 3 միավոր վաստակել: Նույնը կանեն նաեւ ավստրալացիները: Այս երկու թիմերն էլ միավոր չունեն: Իսկ հոլանդացիներն ու չիլիացիները, որոնք 6-ական միավոր են վաստակել, առաջին ուղեգրի հարցն են որոշելու, քանի որ ոչ ոք չի ցանկանա հանդիպել բրազլացիներին (A խմբի հաղթողը հանդիպելու է B2-ին, իսկ B1-ը՝ A2-ին):
Խմբերի խաղերը սկսվում են նույն ժամին՝ պայմանավորվածություններից կամ նման կասկածներից խուսափելու համար:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել