Մոտ 100 համայնքներում կձևավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը 2014թ.-ի հունիսի 20-ին հաստատեց 32,67 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրին: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից տեղեկացնում են, որ ծրագրով նախատեսվում է բարելավել արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում:
Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց եւ տղամարդկանց համար գյուղատնտեսությունը շարունակում է մնալ որպես զբաղվածության ու ապրուստ վաստակելու հիմնական միջոց: Գյուղացիական տնտեսությունների արտադրողականության զարգացումը, այդ թվում նաեւ՝ կոոպերատիվների ու միավորումների միջոցով, եւ գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների ու սննդի վերամշակման ձեռնարկությունների միջեւ կապերի ամրապնդումը, հույժ կարեւոր են: Շուկայի հասանելիության բարելավման, առեւտրայնացման գործընթացներին աջակցելու եւ աշխատանքային հնարավորություններ ստեղծելու եւ դրանց զուգընթաց շրջակա միջավայրը պահպանելու միջոցով:
«Ծրագրային աշխատանքներից հիմնականում կշահեն արոտավայրեր օգտագործողները, ֆերմերային կոոպերատիվները, ինչպես նաեւ սննդի արտադրությամբ զբաղվողները: Ակնկալվում է, որ առնվազն 50,000 ֆերմերներ կմասնակցեն ծրագրին արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներին (ԱՕԿ) անդամակցելու միջոցով»,- հայտնել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Ծրագիրը հնարավորություն է տալիս շարունակելու արոտավայրերի հիմքի վրա արդյունավետ ու ինքնաբավ անասնապահությանն ուղղված միջոցառումները: Մոտ 100 համայնքներում կձեւավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ, որոնք առանցքային դերակատարում կունենան արոտավայրերի, անասնապահության կառավարման ինքնաբավ պլանների մշակման եւ դրամաշնորհային միջոցներն ստանալու հարցում (մոտ 200000 ԱՄՆ դոլար ամեն մի ԱՕԿ-ի մասով): Ֆինանսավորումը կարող է ուղղվել հեռագնա արոտավայրեր հասնելու ու դրանք օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորմանը, սառեցման սարքավորումներով հագեցած կաթի հավաքագրման կետերի ստեղծմանը, կերարտադրության ու անասնակեր հավաքելու համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռք բերմանը եւ համայնքային նշանակության այլ նպատակներին:
Կանանց ու երիտասարդներին աջակցելու նպատակով նախատեսվում է մեծացնել նրանց ընդգրկվածությունը ԱՕԿ-ներում եւ արոտավայրերի կառավարման հետ կապված համայնքային որոշումների կայացման գործընթացում: Աշխատանքներին զուգընթաց, բիզնեսի զարգացմանը նպաստելու ու շուկայի հասանելիությունն ապահովելու համար առանձնակի ուշադրություն կդարձվի ու քայլեր կձեռնարկվեն այնպիսի պետական հաստատությունների կարողությունների մեծացմանը, ինչպիսիք են մարզային անասնաբուժական ծառայությունների կենտրոնները եւ Սննդի անվտանգության պետական ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել