HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի առաջնություն. կտեսնենք Բրազիլիա-Չիլի, Հոլանդիա-Մեքսիկա դիմակայություններ

Աշխարհի առաջնության փլեյ-օֆ փուլի առաջին 2 զույգերը հայտնի են: Երեկ ավարտվեցին A եւ B խմբերի խմբային փուլերը, ու հայտնի դարձան հավաքականների վերջնական դասավորությունները:

A խմբի առաջատար Բրազիլիան Կամերունի հետ խաղում ցույց տվեց այն ամենը, ինչը չկարողացավ անել մեքսիկացիների դեմ: Արդեն 17-րդ րոպեին հարձակման գծի առաջատար Նեյմարն առաջ մղեց իր թիմին: Սակայն 26-րդ րոպեին Ժոել Մատիպը կարողացավ տուգանային հրապարակում առաջինը հասնել գնդակին ու հաշիվը դարձնել 1-1: 35-րդ րոպեին Նեյմարը կրկին ցույց տվեց իր կարգը՝ այս առաջությունում խփելով իր 4-րդ գնդակը եւ դառնալով միանձնյա գլխավոր ռմբարկու: 49-րդ րոպեին էլ Ֆրեդն իր թիմի առավելությունը հասցրեց 2 գնդակի: Իսկ խաղավարտից մի քանի րոպե առաջ՝ 84-րդ րոպեին, փոխարինման մտած Ֆերնանդինյոն ձեւակերպեց վերջնական հաշիվը՝ 1-4: Մանրամասներն՝ այստեղ

Խմբի երկրորդ խաղում ուղեգրի պայքար էին մղում Հորվաթիան ու Մեքսիկան: Երկար ժամանակ թիմերին չէր հաջողվում գոլ խփել, եւ միայն 72-րդ րոպեին «ացտեկների» ավագ Ռաֆայել Մարկեսը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: 3 րոպե անց արդեն Գուարդադոն աչքի ընկավ, ինչը նշանակում էր, որ մեքսիկացիների հաջորդ փուլ դուրս գալն առավել քան իրատեսական է: Բոլոր հարցերն օրակարգից հանեց Չիչարիտոն՝ Խավիեր Հեռնանդեսը, որն 82-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գոլը: Դրանից 5 րոպե անց էլ Իվան Պերիշիչը խփեց հեղինակությանը գոլը, որն ընդամենը սփոփանք էր բալկանցիների համար: Հորվաթիա-Մեքսիկա՝ 1-3:

A խումբը ստացավ հետեւյալ տեսքը.

1.Բրազիլիա- 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 7-2, վաստակած միավորները՝ 7
2.Մեքսիկա- 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 4-1, վաստակած միավորները՝ 7
3.Հորվաթիա- 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 6-6, վաստակած միավորները՝ 3
4.Կամերուն- 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն, գոլերը՝ 1-9, վաստակած միավորները՝ 0

B խմբում աշխարհի դեռեւս գործող չեմպիոն իսպանացիները 3-0 հաշվով հաղթեցին ավստրալացիներին եւ ինչ-որ չափով ուրախացրին իրենց երկրպագուներին: 36-րդ րոպեին կրնկով գեղեցիկ գոլ խփեց Վիլյան, 69-րդ րոպեին Տորեսը կրկնապատկեց հաշիվը, իսկ 82-րդին Մատան երրորդ գոլը խփեց: Ավստրալիա-Իսպանիա՝ 0-3

Առավել հետաքրքիր էր առաջատարներ Հոլանդիայի ու Չիլիի խաղը, որն անցավ անհաշտ պայքարում: Միայն 77-րդ րոպեին նարնջագույնները կարողացան կոտրել հարավամերիկացիների ամուր պաշտպանությունը: Օդային յուրօրինակ ճախրանքով գլխով գեղեցիկ գոլ խփեց փոխարինման մտած Լերոյ Ֆերը: Լուի վան Գալի կատարած փոխարինումներն իսկապես հրաշալի ստացվեցին, քանզի խաղին ավելացված 2-րդ րոպեին հաշիվը 2-0 դարձրեց նույնպես փոխարինման մտած Մեմֆիս Դեպայը: Հոլանդիա-Չիլի՝ 2-0:  

B խմբի եզրափակիչ աղյուսակն այսպիսին է.

1.Հոլանդիա- 3 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 10-3, վաստակած միավորները՝ 9
2.Չիլի- 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 5-3, վաստակած միավորները՝ 6
3.Իսպանիա- 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 4-7, վաստակած միավորները՝ 3
4.Ավստրալիա- 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն, գոլերը՝ 3-9, վաստակած միավորները՝ 0

Այսպիսով՝ փլեյ-օֆ փուլում՝ 1/8-րդ եզրափակիչում, կխաղան Բրազիլիա-Չիլի, Հոլանդիա-Մեքսիկա զույգերը:

Այսօր կկայանան C եւ D խմբերի վերջին խաղերը: 20:00-ին դաշտ դուրս կգան D խմբի Կոստա Ռիկա-Անգլիա, Իտալիա-Ուրուգվայ զույգերը: 6 միավոր վաստակած Կոստա Ռիկան ապահովել է տեղը փլեյ-օֆում, իսկ երկրորդ զույգը, որի մասնակիցները ունեն 3-ական միավոր, պետք է կռիվ տա մյուս ուղեգրի համար. իտալացիներին ձեռնտու կլինի նաեւ ոչ-ոքին, քանի որ գնդակների հարաբերակցությունը նրանց մոտ ավելի լավն է: Աշխարհի նախկին չեմպիոններ Իտալիայի եւ Ուրուգվայի հանդիպումը օրվա կենտրոնականն է:

Ուղիղ կեսգիշերին էլ կմեկնարկեն C խմբի Հունաստան-Կոտ դ՛Իվուար, Ճապոնիա-Կոլումբիա հանդիպումները: Կոլումբիան, որն ունի 6 միավոր, ուղեգիր արդեն ձեռք է բերել, լավ հնարավորություններ ունի նաեւ 3 միավոր վաստակած Կոտ դ՛Իվուարը, որին թերեւս կբավարարի ոչ-ոքին, իսկ չապոնացիներն ու հույները չնչին հնարավորություններ ունեն:

Լուս.-ը՝ Getty Images   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter