HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիեւը ԵԽԽՎ պատգամավորներին մեղադրում է ստախոսության մեջ

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ ու պատգամավորների հարցերին պատասխանեց նախագահող երկիր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցնում է բավական լարված մթնոլորտում:

Ալիևը նախ Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարային մեղադրեց կողմնակալության  ու ապատեղեկատվության տարածման մեջ, ապա հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆիլինին սուտ է խոսում, երբ իրենից «համարձակվում է» հետաքրքրվել Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումների մասին՝ ժխտելով դրանց առկայությունը:

«Դուք ստում եք: Դա սուտ է»,- բարկացավ Ալիևը՝ բարձրացնելով իր ձայնի տոնը:

Ալիեւն ասաց, որ եթե բրիտանացի պատգամավորն իրեն նման հարց է տալիս, ապա «հնարավոր է՝ այդ երկրում այդ կերպ է», բայց ոչ Ադրբեջանում: 

Թեև իր ելույթում Ալիևը մի քանի անգամ հայտարարեց, որ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ազատ են, կա խոսքի ազատություն, բացակայում է գրաքննությունը, որ իշխանությունները ապահովում են հարյուրավոր կուսակցությունների, ԶԼՄ-ների ազատ գործունեությունը, ամեն դեպքում պատգամավորները չեն դադարում այս մասին հարցեր ուղղել Ադրբեջանի ղեկավարին:

Ալիևը շարունակ վստահեցնում է նաև, որ երկրում կա ազատ ինտերնետ, որից օգտվում է բնակչության ավելի քան 70 տոկոսը: «Մենք չենք կարող սահմանափակել մամուլը, հակառակը՝ մենք ազատություն ենք տալիս, որովհետև դա ժողովրդավարություն է, որովհետև դա կարևոր է ժամանակակից Ադրբեջանի համար, որի համար մենք հպարտ ենք»,- նշեց նա:

Ալիևը նաև ասաց, որ հետխորհրդային պետություններում կոռուպցիան ժառանգության պես մի բան է, որի դեմ իրենք հաջողությամբ պայքարում են, ապա հեգնեց, որ եթե Եվրոպան ցանկանա, իրենք կարող են փոխանցել ադրբեջանական հաջող փորձը:

Ի դեպ, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորն էլ նկատեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում կանայք չկան՝ հույս հայտնելով, որ հաջորդ նիստում ինքը միայն տղամարդկանց չի տեսնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter