HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի թիմերը իրար հետեւից անցնում են հաջորդ փուլ, իսկ եվրոպացիները տուն են վերադառնում

Աշխարհի առաջնությունում հայտնի դարձան փլեյ-օֆի եւս 4 մասնակիցներ: 

C խմբում առաջատար Կոլումբիան առանց դժվարության կարողացավ հաղթել Ճապոնիային: Նախ 17-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց Կուադրադոն, բայց առաջին կեսի վերջին րոպեին ճապոնացիները, այդուհանդերձ, հավասարեցրին հաշիվը՝ 1-1: Աչքի ընկավ Օկազակին: 55-րդ րոպեին Մարտինեսը նորից առաջ մղեց իր թիմին, իսկ 82-րդին նույն խաղացողը դուբլ ձեւակերպեց՝ 1-3: 90-րդ րոպեին էլ Խամես Ռոդրիգեսը հաշիվը դարձրեց խոշոր՝ խփելով այս առաջնությունում իր երրորդ գոլը: Ճապոնիա-Կոլումբիա՝ 1-4:

Խմբի մյուս խաղում մրցում էին Հունաստանն ու Կոտ դ՛Իվուարը: Այս խաղում որոշվում էր երկրորդ ուղեգրի հարցը: Ոչ-ոքին ձեռնտու էր աֆրիկացիներին, որոնք հույների 1-ի փոխարեն 3 միավոր ունեին: 42-րդ րոպեին Անդրեաս Սամարիսը հույս պարգեւեց իր թիմին ու երկրպագուներին: Հույներն ամբողջ խաղի ընթացքում ավելի նախընտրելի տեսք ունեին. պարզապես կամ նրանց բախտը չէր բերում, կամ գնդակը հետ էր մղվում դարպասաձողից: Այս ամենի արդյունքում 74-րդ րոպեին Վիլֆրեդ Բոնին հավասարեցրեց հաշիվը, բայց հույներն էլ ավելի ուժեղ սկսեցին գրոհել՝ փայփայելով խմբից դուրս գալու չնչին հույսեր: Ու նրանք հասան իրենց նպատակին. խաղին ավելացված ժամանակում էկվադորցի մրցավարը 11-մետրանոց նշանակեց աֆրիկացիների դարպասին: Հարվածը հստակ իրացրեց տուժողը՝ Գեորգիոս Սամարասը: Հունաստանը փոքրիկ հրաշքի հեղինակ դարձավ խաղի վերջին վայրկյաններին: Հանդիպման դիտարժան պահերը՝ այստեղ:  

C խումբը այսպիսի վերջնական տեսք ունի. 

1.Կոլումբիա- 3 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 9-2, վաստակած միավորները՝ 9
2.Հունաստան- 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 2-4, վաստակած միավորները՝ 4
3.Կոտ դ՛Իվուար- 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 4-5, վաստակած միավորները՝ 3
4.Ճապոնիա- 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 2-6, վաստակած միավորները՝ 1

D խմբում պայքարից դուրս մնացին եվրոպական գրանդ թիմերը՝ Իտալիան ու Անգլիան, չնայած վերջինս երկրորդ տուրից հետո արդեն ոչ մի հնարավորություն չուներ: Խմբի առաջատար Կոստա Ռիկայի ու Անգլիայի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0:

Իտալիա-Ուրուգվայ կենտրոնական մրցավեճը մեծ հետաքրքրություն էր առաջացրել. աշխարհի նախկին չեմպիոնները վիճարկում էին բաղձալի ուղեգիրը: Ոչ-ոքին ձեռնտու էր իտալացիներին: Առաջին կեսում հենց իտալացիներն էին տիրում նախաձեռնությանը, բայց դա որեւէ պտուղ չտվեց, իսկ երկրորդում հարավամերիկացիներն աստիճանաբար շտկեցին իրավիճակը: Հատկապես 59-րդ րոպեից հետո, երբ մեքսիկացի մրցավարը ոչ պարտադիր կարմիր քարտ ցույց տվեց Մարկիզիոյին, նախաձեռնությանը տիրեցին ուրուգվայցիները: 81-րդ րոպեին էլ թիմի ավագ Գոդինը գլխով գեղեցիկ գոլ խփեց՝ իր թիմին դուրս բերելով 1/8-րդ եզրափակիչ: Իտալիա-Ուրուգվայ՝ 0-1:  

D խմբի ամփոփոիչ տեսքն այսպիսին է.

1.Կոստա Ռիկա- 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 4-1, վաստակած միավորները՝ 7
2.Ուրուգվայ- 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 4-4, վաստակած միավորները՝ 6
3.Իտալիա- 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 2-3, վաստակած միավորները՝ 3
4.Անգլիա- 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 2-4, վաստակած միավորները՝ 1

Այսպիսով՝ 1/8-րդ եզրափակիչում կխաղան Բրազիլիա-Չիլի, Կոլումբիա-Ուրուգվայ, Հոլանդիա-Մեքսիկա, Կոստա Ռիկա-Հունաստան զույգերը: Ստացվում է, որ աշխարհի 20-րդ առաջնությունը Ամերիկա աշխարհամասի թիմերի համար երջանկաբեր է. եվրոպացիները, ինչպես եւ սպասվում էր, ավանդաբար խնդիրներ են ունենում Ամերիկայում: Կոնկրետ այս առաջնությունում եվրոպացիների համար թիվ մեկ հարցը թերեւս խոնավ ու շոգ կլիման է, այնինչ Լատինական Ամերիկայի ներկայացուցիչները կլիմայավարժեցման խնդիր չեն կարող ունենալ:

Հատկանշական է, որ առաջին 4 խմբերից հաջորդ փուլ են դուրս եկել Ամերիկա աշխարհամասի բոլոր ներկայացուցիչները. թերեւս խնդիր չեն ունենա նաեւ Արգենտինան ու ԱՄՆ-ն, իսկ Էկվադորի հարցն ավելի բարդ է: Չնայած փլեյ-օֆը մի տեսակ վերածվում է Հարավային Ամերիկայի առաջնության, սակայն սպասվելիք խաղերը յուրօրինակ դերբիներ են թիմերի միջեւ, այնպես որ հետաքրքիր պայքար է լինելու:

Այսօր 20:00-ին դաշտ դուրս կգան F խմբի Բոսնիա եւ Հերցեգովինա-Իրան, Նիգերիա-Արգենտինա զույգերը, իսկ կեսգիշերին՝ E խմբի Հոնդուրաս-Շվեյցարիա, Էկվադոր-Ֆրանսիա զույգերը: Արգենտինան ու Ֆրանսիան իրենց խմբերի առաջատարներն են, ու դժվար թե սայթաքեն վերջին խաղում, իսկ երկրորդ ուղեգրերի համար կպայքարեն Նիգերիան ու Իրանը, Շվեյցարիան ու Էկվադորը (Հոնդուրասը տեսական հնարավորություններ ունի): 

Լուս.-ը՝ Getty Images   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter