Ֆրանսիա-Նիգերիա, Արգենտինա-Շվեյցարիա` փլեյ-օֆում
Հայտնի դարձան ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության E եւ F խմբերի այն մասնակիցները, որոնք կխաղան 1/8-րդ եզրափակիչում:
E խմբի առաջատար Ֆրանսիան 0-0 հաշվով ավարտեց իր հանդիպումը Էկվադորի ընտրանու հետ: Աշխարհի նախկին չեմպիոնները բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն բոլոր դեպքերում էլ փայլուն էր գործում Դոմինգեսը, որն էլ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:
Այս ոչ-ոքին ճակատագրական էր Էկվադորի համար, որովհետեւ նրա հիմնական մրցակից Շվեյցարիան մեծ առավելություն ուներ խմբի հետնապահ Հոնդուրասի հետ խաղում, ինչն էլ վերածեց գոլերի: Հանդիպման 6-րդ, 31-րդ եւ 71-րդ րոպեներին աչքի ընկավ ալբանական ծագումով շվեյցարացի Շաքիրին: Հոնդուրաս-Շվեյցարիա` 0-3:
E խումբը երեք տուրից հետո ստացավ այսպիսի տեսք.
1.Ֆրանսիա- 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 8-2, վաստակած միավորները՝ 7
2.Շվեյցարիա- 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 7-6, վաստակած միավորները՝ 6
3.Էկվադոր- 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 3-3, վաստակած միավորները՝ 4
4.Հոնդուրաս- 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն, գոլերը՝ 1-8, վաստակած միավորները՝ 0
F խմբում առաջատար Արգենտինան 3-2 հաշվով հաղթեց Նիգերիային, որը, սակայն, նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ: Հարավամերիկացիները Մեսիի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան 3-րդ րոպեին: Սակայն հաջորդ իսկ րոպեին աֆրիկացիների գրոհը գոլով եզրափակեց Մուսան` 1-1: Առաջին կեսի վերջին րոպեին տուգանայինից գեղեցիկ գոլ խփեց նույն Մեսին: Արգենտինացին խփեց առաջնությունում իր 4-րդ գոլը եւ հավասարվեց «Բարսելոնում» իր խաղընկեր, բրազիլացի Նեյմարին: Երկրորդ կեսի սկզբում` 47-րդ րոպեին, Մուսան նորից հավասարեցրեց հաշիվը` 2-2: Բայց շատ չանցած` 50-րդ րոպեին, անկյունայինից փոխանցումը ծնկով եզրափակեց պաշտպան Ռոխոն: Նիգերիա-Արգենտինա` 2-3:
Խմբի մյուս խաղում Նիգերիայի մրցակից Իրանը չկարողացավ հաղթել բոսնիացիներին, որոնք արդեն կորցրել էին խմբից դուրս գալու հնարավորությունը: Այնինչ հաղթանակի դեպքում հենց Իրանը դուրս կգար հաջորդ փուլ: Բոսնիացիներին 23-րդ րոպեին առաջ մղեց Ջեկոն, 59-րդին հաշիվը կրկնապատկեց Պյանիչը, 82-րդ րոպեին Ռեզան կրճատեց տարբերությունը, սակայն մեկ րոպե անց Վրշաեւիչը հաշիվը դարձրեց 3-1:
F խումբը նույնպես պատմություն դարձավ.
1.Արգենտինա- 3 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 6-3, վաստակած միավորները՝ 9
2.Նիգերիա- 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 3-3, վաստակած միավորները՝ 4
3.Բոսնիա եւ Հերցեգովինա- 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 4-4, վաստակած միավորները՝ 4
4.Իրան- 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 1-4, վաստակած միավորները՝ 1
1/8-րդ եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիա-Նիգերիա, Արգենտինա-Շվեյցարիա զույգերը:
Այսօր կկայանան G եւ H խմբերի վերջին հանդիպումները. 20:00-ին դաշտ դուրս կգան G խմբի Պորտուգալիա-Գանա, ԱՄՆ-Գերմանիա զույգերը: Հաջորդ փուլ դուրս գալու շատ լավ հնարավորություններ ունեն հենց վերջին զույգի թիմերը, որոնք վաստակել են 4-ական միավոր, իսկ պորտուգալացիներն ու գանացիները ունեն 1-ական միավոր: H խմբի թիմերն էլ կխաղան կեսգիշերին. Ալժիր-Ռուսաստան, Հրվ. Կորեա-Բելգիա: Բելգիացիներն արդեն հաջորդ փուլում են, իսկ մյուս ուղեգրի համար կպայքարեն ռուսներն ու ալժիրցիները, ընդ որում` աֆրիկացիներին կբավարարի ոչ-ոքին:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել