Օմբուդսմենն անդրադարձել է արդար դատաքննության իրավունքին
Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից և այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից: 2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով Պաշտպանին հասցեագրված դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թվի շուրջ 40%-ը: Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառությամբ դատարաններից:
Առանձին դատավորների անարդարության, դատական իշխանության բարձրագույն ղեկավարության ակնհայտ թերացումների և դատական համակարգի անկատարության պայմաններում մարդիկ կորցնում են արդարության զգացումն ու, որպես դրա հետևանք, ծայրահեղ հիասթափվում պետական բոլոր ինստիտուտներից:
Միջազգային կազմակերպությունների և տաբեր փորձագետների գործուն ջանքերով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվեց այն մոտեցումը, որ դատական համակարգը բացարձակ անկախ լինի բոլորից և ամեն ինչից: Այնինչ դատական անկախություն նշանակում է արդարամիտ և բարեխիղճ դատավորի ազատություն ամեն տեսակ ճնշումներից, այլ ոչ թե դատական համակարգի անպատասխանատու մեկուսացում և սեփական արատների մեջ բյուրեղացում:
Այսօր, ըստ օրենքի, դատավորի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է կամ վերադաս դատարանը կամ մեծամասամբ դատավորներից կազմված Արդարադատության խորհուրդը: Այսօր, իմ խորին համոզմամբ, դատավորն անկախ չէ որպես անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկվել դատական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից: Այսօր այդ ղեկավարությունը հաշվետու և պատասխանատու չէ հանրության առաջ, քանի որ չկան իրավական մեխանիզմներ դատական համակարգի իրավաչափ վերահսկողության համար:
Ներպետական դատական համակարգում եղած անարդարության զսպման հնարավոր իրական և իրավական միակ մեխանիզմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, ինչի մասին վկայում է այս ատյանին ուղղվող դիմումների քանակի էական աճը:
Դատական համակարգի նկատմամբ իրավաչափ վերահսկողության երաշխիք կարող էր դառնալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ Արդարադատության խորհրդի կազմի ընդլայնումը, որպեսզի դատավոր անդամները խորհրդում չկազմեին մեծամասնություն: Այս լուծումը, նույնիսկ եթե ընդունվի հասարակության և քաղաքական ուժերի կողմից, պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչն ինքնին երկարատև ու բարդ գործընթաց է:
Իմ լիազորությունները դատական համակարգում չափազանց սահմանափակ են: Ես չեմ կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակա է դատարանի կողմից քննության: Ես չեմ կարող նույնիսկ գնահատական տալ որևէ գործի, երբ այն գտնվում է դատարանի վարույթում: Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համար 2011 թվականի հունվարից օրենքով ինձ տրվել է միայն մեկ լիազորություն, այն է` երբ գործը դատարանում վերջնական ավարտվել է, և այլևս հնարավոր չէ որևէ կերպ ազդել մարդու տվյալ իրավունքի պաշտպանության վրա, Պաշտպանը կարող է Արդարադատության խորհրդին հաղորդել դատավորի կողմից թույլ տրված ապօրինության մասին, ինչի հետևանքով դատավորին կարող են ենթարկել պատասխանատվության, ընդհուպ մինչև՝ ազատել զբաղեցրած պաշտոնից:
Արդեն ավարտված գործով Պաշտպանին դիմելու հետևողականություն կարող են դրսևորել միայն քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ և բարձր իրավագիտակցությամբ օժտված անձինք, այդ թվում` փաստաբանները: Երբ փաստաբանները դատական սխալի կամ անարդարության պատճառով պարտվում են առանձին գործով, իրենք շահագրգիռ են շարունակել պայքարը՝ ապագայում նման գործերով արդարության հաստատման նպատակով: Հաշվի առնելով հենց այս հանգամանքը` 2011 թվականի մայիսի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ նախաձեռնել եմ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության ֆորում, որի ընթացքում կներկայացնեմ իմ կոնկրետ առաջարկները և քայլերը դատական համակարգի հետագա բարեփոխման և զարգացման համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել