HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միայնակ» մայրերն այնքան էլ միայնակ չեն

Արմինե Ղուկասյան

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Սևանի տարածքային բաժինը 2014թ. առաջին կիսամյակում 131 ամուսնություն է գրանցել, որը 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 17-ով ավել է: Առաջին հայացքից թվում է, թե ամուսնություններն ավելացել են, ու ավելի շատ զույգեր են ընտանիք կազմել: Սակայն իրականում պատկերն այլ է. ամուսնությունների մեծ մասը գրանցվում է փաստացի ամուսնություններից շատ ավելի ուշ: Պարզապես այն թողնում են մի հարմար պահի, կամ էլ դրա նշանակությունը չի կարևորվում:

«Չգրանցված ամուսնություններին սովորաբար հաջորդում է հայրության ճանաչումը: Ամուսնությունը գրանցել չշտապողներին էլ կարելի է բաժանել երկու խմբի»,- ասում է ՔԿԱԳ Սևանի տարածքի բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանը: Նրա ասելով` որոշ զույգեր պարզապես չեն ցանկանում իրենց միությունը վավերացնել, ամուսինների մի մասն էլ ամուսնությունից օրեր անց մեկնում է արտերկիր, կա նաև ընտանեկան նպաստից օգտվելու խնդիր: Երկրորդ խմբում ընդգրկվածներին ժամանակը չի բավարարում, որոշ դեպքերում էլ ցուցաբերում են անտարբերություն, այդ մասին հիշում են այն ժամանակ, երբ ծննդաբերությանը հաշված օրեր են մնում: Սա նշանակում է, որ պետական փաստաթղթի նկատմամբ չկա պատշաճ վերաբերմունք:

Երիտասարդ կանայք էլ դառնում են մայրեր և համալրում միայնակների շարքը: Համաձայն վիճակագրության` 2013 թ.-ին տարածաշրջանում գրանցվել է հայրության 128 ճանաչում, այս տարի` անցած 6 ամիսների ընթացքում` 52: Փաստորեն, ստացվում է` ամուսիններն ապրում են նույն հարկի տակ, դաստիարակում իրենց երեխաներին, սակայն կանայք բավարարվում են «միայնակ մոր» կարգավիճակով:

2014թ. ընտանեկան աղքատության նպաստ համակարգում հաշվառվել է 129 միայնակ մոր: Բացառությամբ 3-4 ընտանիքի, մյուսներն ունեն մեկ երեխա: Պաշտոնապես միայնակ են համարվում այն մայրերը, որոնց երեխաների ծննդյան վկայականում հոր անունը գրանցված է մոր հայտարարությամբ: ՔԿԱԳ Սեւանի տարածքի բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանը ցույց է տալիս ծննդյան ակտի վկայականներ, որտեղ «հոր մասին տեղեկություններ» բաժինը բաց է, չկա որեւէ նշում: Սա արդեն, ինչպես նկատում է Կիրակոսյանը, միայնակ մոր իրական կարգավիճակի օրինակ է:

Սոցիալական ծառայության Սեւանի ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արմենուհի Նադարյանը եկել է այն համոզման, որ խնդրին չպետք է մոտենալ միանշանակ: «Կան դեպքեր, երբ ամուսիններն արտերկրում գրանցվելու համար այստեղ չեն վավերացնում իրենց ամուսնությունը: Շատերն ակնկալում են օգտվել որոշակի արտոնություններից, երբեմն էլ ամուսնու ընտանիքը հարմար է գտնում, որ իրենց հարսը «միայնակ մայր» դառնա»,- ասում է Ա. Նադարյանը:

Անշուշտ, կան կանայք, որոնք փաստացի միայնակ են, սակայն նրանք մեծ թիվ չեն կազմում: 2009 թ. մարտին կառավարությունն այս հարցը հստակեցրել է. մեկից ավելի նույն հայրանունով երեխաներ ունեցող մայրերը, չնայած գրանցվում են համակարգում եւ դառնում նպաստառու, սակայն սոցիալական կարգավիճակը չի լինում «միայնակ»:

«Ցավոք, մեր իրականության մեջ դեռեւս չի ձեւավորվել մշակույթ մինչեւ ամուսնությունը կամ այդ օրը վավերացնելու ամուսնությունը»,- ասում է ՔԿԱԳ Սեւանի տարածքային բաժնի պետը: Ամեն ինչ «հետոին» թողնող հայրերը շտապում են այն ժամանակ, երբ ծնվում է երեխան, կամ երեխան դառնում է դպրոցահասակ:

Շատերն անտարբեր են «թղթի այդ կտորի» նկատմամբ, որով չի կարող չափվել իրենց ընտանիքի ամրությունը: Ոմանք էլ փորձում են երեխաներին միայնակ մեծացնող մայրերին տրվող պետական աջակցությունից օգտվել իրենց սոցիալական վիճակը նման ձեւով բարենորոգելու ճանապարհով: Վերջերս աշխատանքային հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքապետերից մեկը նշեց, որ 4 երեխայի հայր է, սակայն «ամուսնացած չէ», այսինքն` ամուսնությունը վավերացված չէ եւ այն չի խանգարում իր ընտանիքի ամրությանը:

Սակայն կյանքում ոչինչ բացառված չէ: Ամուսնալուծվելիս, ինչպես ցույց են տալիս դեպքերը, կանայք իրենց «օրինական» ամուսիններից ոչինչ չեն կարող պահանջել, անգամ դատարան դիմել չեն կարող: Ամուսնությունների գրանցումը խրախուսելու նպատակով եղել են առաջարկներ` նորապսակներին ամուսնության վկայականների հետ միաժամանակ հատկացնել որոշակի գումար: Առաջարկը մերժվել է, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ սա կարող է դառնալ խթան, որպեսզի ամուսինները չմոռանան վավերացնել իրենց միությունը, ու կանայք էլ չհամալրեն «միայնակների» շարքը:

Իհարկե, հանրապետության որոշ համայնքներում կիրառվում է օրինակելի պրակտիկա. դրամական պարգեւավճար են ստանում նորապսակները, անգամ` նրանց առաջնեկները: Սակայն մի քանի համայնքով ազգային այս խնդիրը չի լուծվում, այն պահանջում է համալիր միջոցառումներ` հստակ ձեւակերպումներ, գրանցումից ծագող իրավունքների լայն  իրազեկում:

Մեկնաբանություններ (4)

Անի
Բարև ձեզ; ես Անին եմ ունեմ երկու տղա երեխա ։Զագսով ամուսնացած չեմ եղել; բաժանվել եմ և հիմա ապրում եմ ծնողներիս հետ; երեխաներիս հայրը միայն հայրությունն է ճանաչել։Ինչպես կարող եմ պետությունից օգնություն ակնկալել։
Հայաստան
բարև ձեզ ես Հայաստանն եմ ունեմ 2 անչապահաս երեխա ամունալուցվել եմ և ապրում եմ հայրական տանը երեխաներիս հետ ։ ես չունեմ ոչմի օգնություն։ ես շատ կխմդրեմ յեթե հնարաոր է ինձ պգնեք
Արմինե
Ունեմ երկու երեխա, հայրը համաձայնել է միայն ազգանուն տալ երեխաներին, մի հարկի տակ չենք ապրում, ապրում եմ ծնողներիս բազմանդամ ընտանիքում, խնդրում եմ մեկնաբանել իմ կարգավիճակը
Քրիստինե Կիրակոսյան
Բարեվ ձեզ Ես Քրիստինեն եմ ունեմ մեկ տղա երեխա 2.5-տրեկան։ Ժամանակավորապես բնակվում եմ ծնողներիս տանը։ Պետերբուրգի այստեղից դուրս գամ բայց չունենք բնակվելու տեղ և օգնող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter