HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համեցեք Մաքսային Հայաստան ու ՄՄ շուկա» ռուս-հայկական քաղաքականությունը. իսկ հաճախորդները չեն շտապում-3

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբ  

Հունիսի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի վերլուծությունը հարկադրեց ընդհատել այս շարքն ու հետաձգել դրա եզրափակիչ մասի հրապարակումը: Սակայն, մյուս կողմից, դա նաեւ թույլ տվեց ավելի բազմակողմանի տեսնել քննարկվող խնդիրը՝ Սերժ Սարգսյանի «Համեցեք Մաքսային Հայաստան եւ ՄՄ շուկա» քաղաքականությունը եւ դրա հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը:

Եթե միանշանակ է, որ պաշտոնական Երեւանի համար այդ կոչը Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը համադրելու ու «ե’ւ..., ե’ւ»-ի քաղաքականությունը շարունակելու փորձ է, ապա տակավին հստակ չէ, թե որքանո՞վ է Ռուսաստանը խրախուսում ԵՏՄ/ՄՄ մտնել պատրաստվող Հայաստանի այդ նախաձեռնությանը. միգուցե ի հայտ եկած վերջին խոչընդոտը նաեւ դրա հե՞տ է կապված:

Ս.Լավրովի այցի վերլուծության մեջ մեր միարժեք դիտարկումներից մեկը այն էր, որ Ռուսաստանը Հայաստանին դրդում է ԵՏՄ/ՄՄ մտնելով կանգնել ԱՀԿ-ի իր առեւտրատնտեսական գործընկերներին պատճառվելիք վնասները փոխհատուցելու իրականության առջեւ, որն ընդհուպ կարող է հավասարազոր լինել միջազգային այդ կազմակերպությունից նրա հարկադրված դուրս գալուն. այսպիսի «լավ լուր» եկավ հենց Լավրովի այցի օրը Սոչիից: 

Որքան էլ միջազգային քաղաքականության մեջ փոքր ու տկար երկիր համարվի Հայաստանը, այդուհանդերձ, այդկերպ Ռուսաստանը փորձում է նրան ներքաշել Արեւմուտքի դեմ իր դիմակայության ճակատ: Միաժամանակ, Արեւմուտքի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները բարդացնելով կամ խզելով, Ռուսաստանը Եվրոպային զրկած կլինի Հարավային կովկասում տնտեսական խողովակներով իր ազդեցությունը մեծացնելու եւս մեկ խողովակից ու հաղորդիչից:

Սակայն, մյուս կողմից, ասել, թե Ռուսաստանը արմատապես դեմ է ԵՄ եւ ԵՏՄ տնտեսական տարածքները կամրջելուն, նույնպես սխալ է: Վերջին հաշվով այս տարվա մարտին՝ Ուկրաինական ճգնաժամի գագաթնակետին ՌԴ նախագահ Վ.Պուտինը ինքը հրապարակավ սրտնեղեց, թե Արեւմուտքը հետեւողականորեն եւ բազմիցս մերժել է Եվրասիական միության եւ Եվրոպական միության տնտեսական տարածքների միջեւ լիիրավ համագործակցություն հաստատելու իր առաջարկները: Դա նաեւ ընկած էր 2010թ. գերմանական «Զուդդոյչե Զայթունգ» թերթում տպագրված Վ.Պուտինի «Ռուսաստան եւ Եվրոպա. ճգնաժամի դասերն իմաստավորելուց դեպի գործընկերության նոր օրակարգ» հոդվածի հիմքում՝ ազատ տնտեսական գոտի Լիսաբոնից մինչեւ Վլադիվաստոկ:

Սերժ Սարգսյանի նորահայտ քաղաքականությունը թերեւս այդ տիրույթներում է, երբ Թբիլիսիին առաջարկում էր ոչ միայն ՄՄ-ից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ անմաքս ապրաքաշրջանառություն, այլեւ եվրոասոցացված Վրաստանի ու եվրասիականացված Հայաստանի միջեւ ազատ առեւտուր ունենալու գաղափարը: Ինչպես արդեն նշել ենք, այդ դեպքում Հայաստանն էլ Վրաստանի միջոցով կասոցացվեր ԵՄ-ի հետ ու նրա համար ներկայիս շատ մարտահրավերներ կվերանային:

Անշուշտ, Մոսկվան ամենւեին չի նախատեսում, որ ԵՄ-ի հետ իր կապավորը լինի Հայաստանը: Սակայն, մյուս կողմից, Հայաստանի «հարթակում» երկու տնտեսական տարածքների կամրջումը կարող է դրա առաջին քայլը դառնալ՝ ստիպելով Արեւմուտքին անել նաեւ հաջորդը, բայց արդեն ԵՏՄ-ի լոկոմոտիվի՝ Ռուսաստանի հետ:  Պատահական չէ, որ պաշտոնական Երեւանի այս առաջարկը օրերս ողջունեց նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ նշելով, թե եվրոպական ու եվրասիական տնտեսական գոտիների միջեւ հարաբերությունների կառուցման գաղափարը վերջերս լսել է եվրոպական շատ ազդեցիկ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից: 

Թեկուզեւ առաջին քայլում Հայաստանի միջոցով, բայց Ռուսաստանը այսպիսի լուծմանը միայն մի դեպքում կողմ կլիներ. եթե հընթացս բացվեր նաեւ աբխազական երկաթուղին, ինչը նրան թույլ կտար տնտեսապես ամրապնդվել Հարավային Կովկասում ու մտնել Վրաստան: Մինչդեռ, դրա չվերաբացվելու պարագայում եթե անգամ Բրյուսելից Թբիլիսին թույլատրվեր (ինչը անհավանական է գոնե այս պահին) բավարարել ազատ առեւտուր ունենալու Երեւանի առաջարկը, ապա դա կնշանակեր, որ այդ տնտեսական կամուրջից լավագույն դեպքում օգտվում են Վրաստանը, Հայաստանը եւ ԵՄ-ը:

Պատահական չէ, որ Հայաստանի եվրասիական խաղաքարտերը խառնվեցին, այն է՝  Մոսկվան ետ կանգնեց Երեւանին տրված իր խոստումներից այն բանից հետո, երբ վրացական կողմը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի հետ երկաթուղու վերագործարկման հարց չի էլ քնարկվել, ու դա տեխնիկապես եւ քաղաքականապես բարդ խնդիր է: Ինչպես նաեւ, Թբիլիսին մերժեց անմաքս բեռնափոխադրումներ ունենալու Սերժ Սարգսյանի առաջարկը:

Իսկ հունիսի 27-ից հետո, երբ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրեն Ասոցացման եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի փաթեթը, Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը միանգամայն այլ փուլ է թեւակոխում, ու չափազանց մեծանալու է Հայաստան-Վրաստանի սահմանի նշանակությունն ու լարվածությունը դրա երկայնքով: Հետեւաբար, Սերժ Սարգսյանի՝ Վրաստանում արտաբերած մտքերը կարեւոր են իրավիճակի բոլոր նրբերանգները հասկանալու համար:

Կա’մ դիմակայել երկուսով, կա’մ կորցնել երկուսով 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Անդրադարձանք, անշուշտ, նաեւ Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները եւ հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում եւ հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»: Թերեւս ասվածը հավելյալ մեկնաբանելու կարիք չունի:

Սակայն հունիսի 23-ին Սոչիից ստացված «լուրի» համատեքստում ստացվում է, որ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն ու իր տարածքում բարձրացնի մաքսադրույքները մինչեւ ՄՄ շեմը, ինչպես պահանջում է տրոյկան, ապա տեղի է ունենալու միանգամայն միակողմանի գործընթաց. հայկական կապիտալը փախչելու է դեպի Վրաստան, որտեղ ներդրումային միջավայրը հետզհետե ավելի գրավիչ է դառնալու, իսկ այնտեղից դժվար թե կապիտալ հոսի դեպի ավելի պրոտեկցիոնիստական դարձած հայկական շուկա: 

Թբիլիսիում իր ակնկալած հարցերի պատասխանները չստացած Սերժ Սարգսյանը վրացական կողմին հիշեցրել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ եւ ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը եւ ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով եւ միմյանց հետ»:

Այս տողերի տակ, անշուշտ, թաքնված է փոխադարձաբար երկու երկրների ընտրությունը՝ համապատասխանաբար Եվրասիական ու Եվրոպական միությունների ազատ տնտեսական գոտիներին միանալը հարգելը: Ակնարկը նաեւ վերաբերում է 2008թ ռուս-վրացական պատերազմից հետո պաշտոնական Երեւանի կողմից Աբխազիան ու Հարավային Օսիան չճանաչելու շրջահայաց ու նրբանկատ դիրքորոշմանը՝ Կրեմլի պահանջներին ու ճնշումներին դեմ հանդիման, եւ մյուս կողմից՝ ղարաբաղյան խնդրով Թբիլիսիի նույնքան նրբանկատ ու զգայուն դիրքորոշմանը:

Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ կողմերի համար կարեւորություն ներկայացնող վերոնշյալ հարցերով դիրքորոշումների հավասարակշռության խախտումը կարող է վտանգավոր լինել երկուսի համար էլ, եթե չհարգեն միմյանց շահերը. «Իհարկե, տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարեւորեցինք միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշման պահպանումը: Սա եւս չափազանց կարեւոր հանգամանք է: Վրաստանի Նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»:

Սերժ Սարգսյանը նաեւ հույս հայտնեց, որ «մեր համագործակցությունը հումանիտար ոլորտում կարեւոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետեւ մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում եւ բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է եւ՛ վրացական մշակույթը, եւ՛ հայկական»:  

Ահավասիկ ՀՀ նախագահի եւս մեկ կարեւոր հայտարարություն. «Մաքսային միութուն մտնել չի նշանակում, թե Հայաստանը ընտրություն է կատարել Եվրոպական միության եւ Մաքսային միության միջեւ: Այդ որոշումն ընդունվել է՝ ելնելով Հայաստանի ռազմական անվտանգության եւ տնտեսության կարիքներից: Դա ընտրություն չէ երկու քաղաքակրթությունների միջեւ: Որոշումն ընդունվել է Հայաստանի զարգացման նպատակով»:

Այդպիսով, Սերժ Սարգսյանի թբիլիսյան ուղերձներում առկա է թե’ առաջարկ, թե’ հորդոր, թե’ մտահոգություն, թե’ նախազգուշացում այն մասին, թե ինչ կարժենա Հայաստանի ու Վրաստանի համար, եթե փոխադարձաբար չհարգվեն երկու երկրների ընտրութունները եւ զգայունությունները, եւ եթե նրանք չմտածեն քաղաքական, տնտեսական ու հումանիտար կամուրջները պահելու ու զարգացնելու մասին. կա’մ Երեւանն ու Թբիլիսին բարդ իրավիճակին դիմակայելիս կհաջողեն երկուսով, կա’մ կկորցնեն երկուսով:

Առանց չափազանցության, Վրաստանը իսկապես պետք է շատ լուրջ վերաբերի իրադարձությունների հետագա զարգացմանը եւ այն վտանգներին, որ կարող են ի հայտ գալ հունիսի 27-ից հետո, եթե սեպ խրվի երկու երկրների միջեւ եւ նրանք խախտեն հավասարակշռությունը, ինչպես նաեւ՝ եթե Վրաստանը չօգնի Հայաստանին մեղմել վերջինիս համար ներկայիս անբարենպաստ վիճակը:

Իսկ կողմերը վստահ չեն եւ չեն շտապում...

Ամփոփելով երեք մասերում վերլուծվածը, հանրագումարենք.

  1. ԵՏՄ Մաքսային միությանը միանալու համար Երեւանը արդեն իսկ ընդունել էր եվրասիական եռյակի պահանջը՝ փաստացի իր հետ ՄՄ չտանել ԼՂՀ-ը եւ անդամակցել միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ամիսների բանակցություններից հետո Ռուսաստանը վերջերս համաձայնել էր, որպեսզի Հայաստանը ՄՄ մտնի «մուտքի շղթաներով». այսինքն առնվազն 5 տարի (Սերժ Սարգսյանը ցանկանում է դա դարձնել 7 տարի) չբարձրանան Հայաստանի տնտեսության համար զգայուն ապրանքատեսակների մաքսադրույքները: Դա շահեկան էր Երեւանի համար ոչ միայն համընդհանուր թանկացումներից խուսափելու առումով, այլեւ որ նա չի շեղվում մաքսադրույքների եվրոպական՝ ցածր ստանդարտներից եւ Արեւմուտքի հետ իր տնտեսական հարաբերությունները չի կանգնեցնում նոր իրավիճակի ու բարդությունների առջեւ:
  2. Երեւանը դա եւ ՄՄ 200 միլիոնանոց շուկա մուտքի հնարավորությունը համարում է իր ներդրումային գրավչությունը եւ ցանկանում է հարթակ դառնալ Արեւմուտքի ընկերությունների համար, նրանց նույնպես առաջարկելով իր միջոցով մուտք ստանալ այդ շուկա եւ օգտվել գազի, էլեկտրաէնեգիայի ու այլ ապրանքատեսակների համար Մոսկվայի առաջարկած արտոնյալ գներից: Երեւանի կարծիքով իր եւ Մոսկվայի շահերն այդ հարցում պետք է որ համընկնեն: Սակայն, Մոսկվան դրանով խանդավառված կլիներ, եթե Թբիլիսին զրկվեր Մոսկվայի հետ բանակցություններում աբխազական երկաթուղու վերագործարկման գործիքից եւ, համաձայնելով Երեւանի միջոցով արված առաջարկին, Ռուսաստանին երկաթուղային մուտք տար դեպի Կովկաս:
  3. Արեւմուտքը, մասնավորապես ԵՄ երկրները, որ լուրջ ներկայություն ունեն ռուսաստանյան շուկայում, ինչը նրանց երբեմն կաշկանդում է Մոսկվայի հանդեպ պատժամիջոցներն աստիճանական խստացնելիս, մի կողմից ձեւական ազատություն են ստանում կիրառելու պատժամիջոցները, մյուս կողմից՝ Հայաստանի միջոցով այլընտրանքային խողովակ են ստանում չկորցնել ռուսական շուկան: Որքան էլ դա դուր չգա Մոսկվային, այդուհանդերձ վերջինիս համար դա նույնպես անհրաժեշտություն է, քանի որ այդ կերպ անուղղակի եւ մասնակի կարող է ճեղքվել նաեւ իր տնտեսական ու քաղաքական մեկուսացման կարծրացող շղթան:
  4. Հրավիրելով արեւմտյան/եվրոպական ներդրումներ, Հայաստանը իր անկախության ու անվտանգության հարցում մեծացնում է Արեւմուտքի շահագրգռությունը թեկուզեւ սեփական բիզնեսը պաշտպանելու տեսանկյունից:  Հայաստանը ցանկանում է նաեւ կամրջել եվրասիական եւ եվրոպական տնտեսական տարածքները, այդ ընթացքում փորձելով ՄՄ անդամի կարգավիճակով տնտեսապես անուղղակի ասոցացվել ԵՄ-ի հետ ասոցացվող Վրաստանի հետ: Դրան զուգընթաց Երեւանը հստակ ազդանշան է հղում Բրյուսելին, որ պատրաստ է նաեւ ասոցացվել քաղաքական մասով:
  5. Եվրոպայից պոտենցիալ հաճախորդները չեն շտապում օգտագործել տակավին փակուղիներում խարխափող Հայաստանի առաջարկած հարթակը եւ պատասխանել նրա ազդանշաններին, գիտակցելով, որ նախ ՄՄ շուկայի մուտքի բանալին ամենեւին Երեւանի մոտ չէ, այլ Մոսկվայի: Ապա՝ ուկրաինական ճգնաժամի այս փուլում նրանք չեն շտապի թերթեւացնել պատժամիջոցների թիրախ դարձած Ռուսաստանի վիճակը, ով Ուկրաինայի հարավ-արեւելքում ոչ միայն նահանջի նշաններ չի ցույց տալիս, այլեւ ավելի ագրեսիվ միջամտության ու քայլերի է դիմում:
  6. Հունիսի 23-ին պարզվեց, որ Ռուսաստանը հրաժարվում է զգայուն ապրանքատեսակների մաքսադրույքները չբարձրացնելու մասով Երեւանին տված իր խոստումից: Մոսկվան զայրացած է, որ Թբիլիսին մերժում է երկաթուղին բացելու (վերջին շրջանում Ռուսաստանի երկաթուղային դիվանագիտությանը առանձին կանդրադառնանք) եւ դեպի Հայաստան ապրանքների անմաքս ձեւակերպման առաջարկները: Դրան էլ հավելած այն, որ Հայաստանի ՄՄ անդամակցության ճանապարհին չլուծված խոշոր խնդիրներից մեկը մնում է ՄՄ տարածքի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը:
  7. Վրաստանը գիտակցում է, որ ընդառաջելով ՄՄ-ից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների անմաքս փոխադրման Երեւանի շահերին, անուղղակի ուժեղացնում է եվրասիական նախագիծը եւ Ռուսաստանին: Մինչդեռ տակավին պարզ չէ, թե Ուկրաինայից հետո Կրեմլը ինչ քայլեր կձեռնարկի իր, Մոլդովայի եւ Ուկրաինայի հանդեպ՝ կասեցնելու համար նրանց եվրաատլանտյան ընթացքը: Թբիլիսիին ձեռնտու չէ նաեւ միայն հանուն Երեւանի շահերի բացել աբխազական երկաթուղին, որը, կրկնվենք, նրա ռազմավարական ակտիվներից է աբխազական ու հարավօսական հակամարտություններով Մոսկվայի հետ բանակցություններում:

Մի խոսքով՝ Հայաստանի պոտենցիալ հաճախորդները եւ այս գործընթացի կողմերից եւ ոչ մեկ չի շտապում վերացնել փակուղիները, որի պատճառով Հայաստանի փակուղիներն էլ չեն վերանում: Եւ ինչպես ապրիլի 4-ից տպագրված վերլուծական շարքում ենք կանխատեսել, Հայաստանի եվրասիականացման որոշման հարցը տեղափոխվում է առնվազն աշուն, այն էլ՝ պահպանվող անլուծելի խնդիրների բեռով:

Իսկ Մոսկվան արդեն գործի է դրել Հարավային Կովկասը Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյան մեջ աքցանելու տեսանելի քաղաքականությունը: Չնայած ռազմավարական շահերի տարբերությանը, մարտավարական առումով նրանք երեքն էլ արդեն տեւական շրջան է, ինչ դիրքավորվել են հակաարեւմտյան դաշտում եւ միասին ձեռնամուխ են եղել Կովկասի «սառեցված» հակամարտությունները՝ հայ-թուրքականից մինչեւ ղարաբաղյան, կարգավորելու ուղղությամբ համատեղ ջանք գործադրելուն: Բայց դա արդեն այլ քննարկման թեմա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter