Աշխարհի առաջնությունը մտավ վճռական փուլ
Ավարտվեցին ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության խմբային փուլի հանդիպումները: Վերջին երկու խմբում եւս հայտնի դարձան 1/8-րդ եզրափակչի մասնակիցները: G խմբում առաջատարներ ԱՄՆ-ի ու Գերմանիայի հանդիպումն անցավ անզիջում պայքարում, եւ երկար ժամանակ գոլ չէր գրանցվում: Միայն 55-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը կարողացավ առաջ մղել գերմանացիներին՝ նաեւ խփելով այս առաջնությունում իր 4-րդ գոլը եւ այդպիսով հավասարվելով լավագույն ռմբարկուներ Նեյմարին ու Մեսիին: ԱՄՆ-Գերմանիա՝ 0-1:
Նույն խմբի հետնապահներ Գանային ու Պորտուգալիային անհրաժեշտ էր մեծ հաշվով հաղթանակ տանել, ինչպես նաեւ սպասել նմանատիպ արդյունքի մյուս խաղում: Բայց մի կողմից՝ Գերմանիան ընդամենը մեկ գնդակ խփեց, մյուս կողմից էլ՝ Պորտուգալիա-Գանա հանդիպումը գոլառատ չէր: 31-րդ րոպեին Բոյեն դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն ընդմիջումից հետո՝ 57-րդ րոպեին, Գյանը հավասարեցրեց հաշիվը: 80-րդ րոպեին, այդուհանդերձ, պորտուգալացիներին հաջողվեց խփել հաղթական գնդակը: Աչքի ընկավ Ռոնալդուն: Բայց ավելին անել Եվրոպայի «բրազիլացիները» չկարողացան եւ դուրս մնացին պայքարից: Պորտուգալիա-Գանա՝ 2-1: Փաստորեն Ռոնալդուի թիմի համար ճակատագրական եղավ գերմանացիներից կրած 0-4 հաշվով պարտությունը:
G խմբում ամփոփիչ պատկերն այսպիսին է.
1.Գերմանիա- 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 7-2, վաստակած միավորները՝ 7
2.ԱՄՆ- 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 4-4, վաստակած միավորները՝ 4
3.Պորտուգալիա- 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 4-7, վաստակած միավորները՝ 4
4.Գանա- 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 4-6, վաստակած միավորները՝ 1
H խմբում առաջատար Բելգիան, որն արդեն նվաճել էր փլեյ-օֆի ուղեգիր, որեւէ խնդիր չունեցավ հետնապահ կորեացիների հետ, չնայած ասիացիները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին Տիբո Կուրտուայի դարպասի մոտ: Չնայած 45-րդ րոպեին դաշտից հեռացվեց Դեֆուրը, եվրոպացիները հաղթեցին՝ շնորհիվ 78-րդ րոպեին Վերտոնգենի խփած գոլի: Խաղի տեսանյութը՝ այստեղ:
Մյուս խաղում երկրորդ ուղեգրի հարցն էին վճռում Ալժիրն ու Ռուսաստանը: Աֆրիկացիներին կբավարարեր նաեւ ոչ-ոքին, եւ նրանք հասան իրենց նպատակին: Արդեն 6-րդ րոպեին Կոկորինը գլխի հարվածով բացեց հաշիվը, սակայն գրեթե մեկ ժամ անց՝ 60-րդ րոպեին, Սլիմանին օգտվեց դարպասապահ Ակինֆեեւի կոպիտ սխալից, որը մրցակցի տուգանային հարվածի ժամանակ սխալ դուրս եկավ տեղից, չհասավ գնդակին, իսկ Սլիմանին գնդակը գլխով ուղարկեց անպաշտպան դարպասը: Ալժիր-Ռուսաստան՝ 1-1: Ակինֆեեւի սխալները, այսպիսով, ռուսներն զրկեցին կորեացիների ու ալժիրցիների հանդեպ հաղթանակներից, ու տրամաբանորեն նրանք դուրս մնացին հետագա պայքարից:
H խմբի վերջնական պատկերը.
1.Բելգիա- 3 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն, գոլերը՝ 4-1, վաստակած միավորները՝ 9
2.Ալժիր- 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 6-5, վաստակած միավորները՝ 4
3.Ռուսաստան- 0 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 2-3, վաստակած միավորները՝ 2
4.Հարավային Կորեա- 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, գոլերը՝ 3-6, վաստակած միավորները՝ 1
Այպիսով՝ 1/8-րդ եզրափակիչում ձեւավորվել է հետեւյալ պատկերը.
Բրազիլիա-Չիլի
Կոլումբիա-Ուրուգվայ
Ֆրանսիա-Նիգերիա
Գերմանիա-Ալժիր
Հոլանդիա-Մեքսիկա
Կոստա Ռիկա-Հունաստան
Արգենտինա-Շվեյցարիա
Բելգիա-ԱՄՆ
Նշված զույգերի հաղթողները դուրս կգան 1/4-րդ, որտեղ կմրցեն իրար հետ, պարտվողները դուրս կմնան հետագա պայքարից: Ինչպես երեւում է, առաջին 8-նյակն ավելի զորեղ է, այնպես որ այդ հատվածում ավելի թեժ պայքար է սպասվում: Այսօր հանգստյան օր է, իսկ ամսի 28-ին՝ 20:00-ին դաշտ դուրս կգա Բրազիլիա-Չիլի զույգը, կեսգիշերին էլ՝ Կոլումբիա-Ուրուգվայ:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել