
Արագածոտնի մարզպետարանը 97 միլիոն դրամի պայմանագիր է կնքել մարզպետի եղբոր ընկերության հետ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պետբյուջեի միջոցներով անարգելք շարունակում է հարստացնել իր եղբորը՝ «Ես և Նա» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Նաիրի Սահակյանին:
Հունիսի 12-ին Արագածոտնի մարզպետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման միանգամից երկու պայմանագիր է կնքվել մարզպետի եղբոր ընկերության հետ, որպեսզի վերջինս մինչեւ նոյեմբերի 30-ը վերանորոգի Վ. Բազմաբերդ համայնքի դպրոցը, իսկ մինչեւ դեկտեմբերի 10-ը վերանորոգի և ամրացնի Եղնիկ համայնքի դպրոցը:
Վ. Բազմաբերդ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներն արժեն 31 միլիոն 100 հազար դրամ, իսկ Եղնիկինը՝ 66 միլիոն դրամ:
Առաջին դեպքը չէ, երբ Արագածոտնի մարզպետն իր պաշտոնական դիրքն օգտագործելով հարստացնում է եղբորը: «Հետքն» անդրադարձել է այդօրինակ դեպքերին: «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը տարիներ առաջ ևս ահազանգում էր, որ Արագածոտնի մարզպետի եղբոր` Նաիրի Սահակյանի շինարարական կազմակերպությունը, ով նույնպես մշտական տենդեր շահողներից է, դպրոցի վերանորոգումներն իրականացնում է թերի եւ անորակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել:
Նշենք, որ վերը նշված երկու դեպքում էլ պայմանագրերը կնքվել են բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել