Հանրակացարանից պիտի գարշահոտ փչի
Արփինե Մինասյան
«Էս հոտը լուկից է, միշտ կա, դե հանրակացարան է, բա ի՞նչ եք ուզում, պայմանները նորմալ չեն»,- ասում է չորս երեխաների մայր Անուշը` շատ բնական ընդունելով Սեւան քաղաքի 9 հարկանի հանրակացարանի բակից փչող գարշահոտությունը:
Անուշն իր անչափահաս երեխաների հետ բնակվում է Նալբանդյան 42 հասցեի հանրակացարանի 3-րդ հարկում, երկսենյականոց բնակարանում: Ամուսինը մեկ տարի առաջ է մահացել` ընտանիքին բավականին մեծ պարտքեր «կտակելով»: Անուշ Սմբատյանի ամուսինը երեխաներից միայն մեծի հայրությունն է ճանաչել, մնացած երեքինը չի հասցրել: Անուշը դիմել է դատարան 3 երեխաների հայրությունը ճանաչելու պահանջով:
«Քանի տարի խոպան էր գնում, բայց էդքան փող չէր ուղարկում, մենակ մի տարի 300 դոլար ուղարկեց ու վերջ: Շատերին ենք պարտք»,- ընտանիքի սոցիալական վիճակն է ներկայացնում 30-ամյա Անուշը:
Անուշը սովորել է Սեւանի բժշկական ուսումնարանում, այնուհետեւ ծրագրավորման, դիզայներության դասերի է հաճախել, բայց այդ մասնագիտություններով չի աշխատում, որովհետեւ երեխաներին խնամող չկա: «Մանր-մունր գործեր եմ անում, որ երեխաներիս պահեմ, պատուհան, տուն եմ մաքրում, մի խոսքով` մաքրության գործ եմ անում, ամռան սեզոնին գնում եմ ծովի ափերը, դոմիկներում մաքրություն եմ անում: Էս տարի չգիտեմ` կկանչե՞ն, թե՞ չէ: Տուն մաքրելու համար 2-3 հազար դրամ են տալիս»,- ասում է նա: Անուշն անկեղծանալով ասում է, որ երեխաներին նույնիսկ մանկատուն հանձնելու մտադրություն է ունեցել, որ աշխատի ու պարտքերը վճարի:
Անուշի 8-ամյա ավագ որդին դպրոց է հաճախում, 6-ամյա աղջիկը` նախակրթարան, իսկ փոքր աղջիկն ու տղան մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ վարձավճարը բարձր է: Ընտանիքը 45.800 դրամ ընտանեկան նպաստ է ստանում եւ որպես ծնողազուրկներ`երեխաներին մոտ 20.000 դրամ թոշակ է տրվում:
Նրա ասելով` բնակարանի պատերը ձմռանը սառցակալում են: «Ձմռանը երեխուս հետ ճամփեքից չիչխանի ճյուղեր ենք բերում, վառում: Բաղնիքում երեխաներին մի կերպ եմ լողացնում, մրսում-հիվանդանում են: Մինչեւ գարուն երեխեքը հիվանդանոցից տուն չեն գալիս»,- պատմում է Անուշը: Ասում է, որ գազ շատ են օգտագործել, որի դիմաց 50 հազար դրամի պարտք են կուտակել, գործը հասել է դատարան: «Հետո տուգանք էկավ վրեն, հարազատներս տվեցին: Մեր տան գազօջախը հին էր ու ջարդված, գազը լցվում էր տուն, գալիս տուգանում էին, հարկադրված ապառիկով նոր գազօջախ գնեցի»,- պատմում է Անուշը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել