HY RU EN

Օձունում կազմակերպվել է «Ֆրեսկո» կինոփառատոնային ճամբար

Կինոճամբար դարձած Օձունի եկեղացամերձ հրապարակում երեկ` հունիսի 26-ին, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի  միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրվեց մրցութային երկու իտալական` «Աստված երկնքում է», «Փնտրելով ճիշտ ուղի» և մեկ իրանական ֆիլմ` «Ուխտագնացը»: Ցուցադրմանը ներկա էր «Աստված երկնքում է» ֆիլմի իտալացի ռեժիսոր Ջանդորա Սոդարոն: Հանդիսատեսի համար ցուցադրվեց նաև «Հայկ» ստուդիայի արտամրցութային «Օձուն» ֆիլմը:

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի  ժյուրիի անդամ, «Religion Today» համաեվրոպական  կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կատյա Մալատեստան «Հետքի» հետ զրույցում ցուցադրվող ֆիլմերը գնահատեց որպես գաղափարական և ուսուցողական: «Այդ երկու ֆիլմերն առանձնապես չեն ներկայացnում իտալական մշակույթը կամ սովորույթները, սակայն երկու ֆիլմերում էլ արծարծված են կարևոր  թեմաներ»,- ասաց իտալացի արվեստաբանը: Այսուհանդերձ Կատյա Մալատեստան «Փնտրելով ճիշտ ուղին» ֆիլմը  համարեց Իտալիայի  լավագույն վավերագրական  ֆիլմերից մեկը:

Վերջինս հիացած էր Օձունի եկեղեցու ճարտարապետությամբ. «Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Շատ գնահատում եմ այն փաստը, որ Հայաստանում գնահատում են մշակութային արժեքները»,- ասաց Կատյա Մալատեստան:

«Ֆրեսկո» փառատոնը նախաձեռնել է «Ֆորմիկա  Արդպրոդակշն» ստուդիան: «Ֆրեսկո» փառատոնը մեկնարկել է հունիսի 21-ին` Երևանում: Փառատոնի մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը «Հետքին» հայտնեց, որ  փառատոնի ֆիլմերի ընտրության հիմնական չափանիշը եղել է մարդասիրություն, սեր, հանդուրժողականություն քարոզելը: «Դրանք պետք է լինեն համամարդկային նշանակություն  ունեցող թեմաների մասին, չցուցադրեն բռնություն, չարության տեսարաններ: Մենք 500-ից ավելի ֆիլմ ենք ստացել 39 երկրից: Օբյեկտիվ պատճառներով ընտրվել է 57-ը, որոնցից միայն 21-ն է  ներկայացված մրցութային ծրագրով: Մնացած ֆիլմերն արտամրցութային են»,- ասաց մամուլի պատասխանատուն:

Փառատոնի շրջանակում իրականացվելու է նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության100-ամյակին: Այն ծրագրով նախատեսված չի եղել, բայց փառատոնի ժյուրին 8 ժապավեն է ստացել ցեղասպանության թեմայով և  որոշել է ամեն դեպքում ցեղասպանության 100-ամյակից առաջ նաև այդ ծրագիրն իրականացնել: «Ընդհանրապես հայաստանյան ֆիլմերը շատ պասիվ են ներկայացվել փառատոնին: 8 ժապավաններից միայն մեկը` Արա Երնջակյանի  ֆիլմն է ընդգրկված  մրցութային  ծրագրում: Այս առումով մենք հաջորդ տարի աշխատելու բան ունենք: Հույս ունենք, որ հայ ռեժիսորներն էլ ավելի ուշադիր կլինեն ու հաջորդ տարի մեր ծրագրում կընդգրկվեն հայաստանյան շատ ֆիլմեր»,- ասացՄանե Մադոյանը:

Վերջինս նաև բացատրեց, որ «Ֆրեսկոն» յուրօրինակ փառատոն է, որովհետև առաջարկում է նոր` կինոփառատոնային ճամբարների տարբերակը, որն առաջին անգամ ներկայացվեց հենց Օձունում:

Փառատոնի կազմակերպիչները խնդիր են ուեցել նաև փառատոնը հասանելի դարձնել հաշմանդամներին, այդ նպատակով բոլոր նախապատրաստական աշխատանքներում ներգրավվել են հաշմանդամություն ունեցող երիտասարադներ:

Փառատոնի մրցանակները պատրաստել են Խարբերդի  մանկատան սաները կավագործության իրենց արհեստանոցում:

Բոլոր ֆիլմերը շերտերի լեզվով համաժամանակյա թարգմանություն են  ունեցել: «Փորձել ենք այնպես անել, որ փառատոնի մասնակիցների թվում հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն, որովհետև շատ  ֆիլմեր նաև նրանց մասին են»,- ասաց Մանե Մադոյանը:

Բելառուսից ժամանած ռեժիսոր  Զոյա Կատովիչի` փառատոնին ներկայացրած ֆիլմը քաղցկեղով հիվանդ երեխաների մասին է: Ռեժիսորը հրաժարվեց պատմել իր ֆիլմի մասին: Նա լրագրողներին խորհուրդ տվեց  ֆիլմը դիտել:

«Հոգևոր ֆիլմերի  փառատոնը մեր երազանքն է եղել: Եթերում այնքան  բարոյական հարցերի պակաս ենք տեսնում: Մենք այսօր ուրախ ենք, որ «Ֆրեսկո» միջազգային փառատոնը ցուցադրվում է նաև Օձունում: Ինձ համար ամենակարևորը հոգևոր ֆիլմերի տպավորությունն է մեր երիտասարդության  վրա: Մարդկային ջերմ հարաբերությունների, Աստվածային մեծ սիրուն նվիրված ֆիլմերի պակաս կա»,- ասաց Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակության գործում բարձր գնահատեց  Օձունում  կազմակերպված  հոգևոր  ֆիլմերի ցուցադրումը: «Մենք ոչինչ չենք խնայել փառատոնի մասնակիցներին  Օձունում  ջերմությամբ ընդունելու  համար»,- ասաց Օձունի գյուղապետը:

«Ֆրեսկո» փառատոնի ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հրապարակում: