
Արտակ Զաքարյան. «Քաղաքացիական հասարակության մի հատված տառապում է եվրաասոցացման հիվանդությամբ»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը
- Պրն Զաքարյան, Հայաստանն արդեն սկսե՞լ է բանակցությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ:
- Չեմ կարող ասել, բայց ես չեմ կարծում, որ բանակցելու անհրաժեշտություն կա:
- Բայց Ռուսաստանը՝ ի դեմս առաջին փոխվարչապետի, կարծում է, որ նման անհրաժեշտություն կա:
- Տարբեր հայտարարություններ են արվում, գիտեք, ես չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա: Հիմա, եթե այդպես լինի, տարբեր երկրներ տարբեր հայտարարություններ են...
- Հայաստանն այդ դիվանագիտական «հանձնարարությունը» չի՞ կատարելու:
-Հայաստանի կողմից դա որպես դիվանագիտական հանձնարարութուն չի դիտվել, իսկ եթե լրագրողների կողմից է դիտվել, այլ հարց է... Կրկնում եմ՝ ես չեմ կարծում, որ ԱՀԿ-ի հետ բանակցելու անհրաժեշտություն կա:
- Այդ դեպքում ինչպե՞ս են լուծվելու մաքսատուրքերի հետ կապված խնդիրները:
- Դրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք քննարկվում են Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում: Աշխարհում բազմաթիվ մաքսային միություններ կան, ու բոլոր երկրներն էլ այս կամ այն միությունների անդամներ են, բայց դա չի նշանակում, որ ԱՀԿ-ի հետ հակասություններ պետք է առաջանան:
- Վրաստանն այսօր ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Դա ի՞նչ կփոխի հայ-վրացական հարաբերություններում:
- Դա որոշակիորեն նոր, հետաքրքիր իրավիճակ կստեղծի: Ես միշտ ասել եմ, որ ողջունում եմ Վրաստանի որոշումը՝ շարունակել Ասոցացման համաձայնագիրը: Վրաստանի պարագայում շահերը մի փոքր այլ են, մեր դեպքում այլ են, մենք շարժվում ենք մեր շահերով, իրենք՝ իրենց: Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան սահմանին, ապա այն կարող է դիտարկվել երկու տեսանկյունից: Մեկը՝ որպես Եվրամիության հետ ՀՀ սահման, մյուսը՝ Եվրասիական միության և Եվրամիության սահման:
- Այսօր Հայաստանն էլ կարող էր ստորագրել կամ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ափսոսանք չե՞ք զգում:
- Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է երեք մասից, որոնք Հայաստանի համար մնում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարագում: Ասել, որ ափսոսում ենք, որ ինչ-որ բանով հետ մնացինք կամ մեզ դուրս դրեցինք դրանից, այդպես չէ: Դրա համար մենք շարունակում ենք խոսել «եւ-եւ» քաղաքականությունից: Համագործակցության տարբեր ձևաչափեր կան՝ հստակ տարանջատված տարբեր խնդիրներով, որոնք մեզ համար շատ կարևոր են: Մենք Եվրասիական տնտեսական միության մեջ մեր համագործակցությունը տեսնում ենք տնտեսական, էներգետիկ, անվտանգության խնդիրների շուրջ, որոնք Ասոցացման համաձայնագրում չկային: Հստակ է, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար անվտանգություն չէր ապահովելու...
- Բայց Ռուսաստանն էլ այսօր չի ապահովում:
- Ո՞վ ասաց, որ չի ապահովում:
- Երեկ կրկին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հերթական անգամ զենք է վաճառելու Ադրբեջանին: Հիմա էլ МТУ-90М տանկային կամրջաշիններ է մատակարարելու:
- Դա դեռևս չի նշանակում, որ ՀՀ անվտանգությունը ՀԱՊԿ համակարգում չէ: ՀՀ անվտանգությունը կա, գոյություն ունի, և մենք մեր անվտանգության միջավայրն անընդհատ ապահովում ենք, անկախ նրանից` Ադրբեջանին զենք վաճառո՞ւմ են, թե՞ ոչ: Իհարկե, անձամբ ես չեմ ողջունում այդ գործողությունները, և դա խիստ մտահոգության խնդիր է, որ մեր թշնամի պետությունը զենք է ձեռք բերում, բայց դա չի նշանակում, որ մենք մեր անվտանգության համակարգը չենք զարգացնում: Մենք էլ նմանատիպ զենքով ենք, չէ՞, պաշտպանվում: Պատկերն այն է, որ այն, ինչ մեզ խիստ անհրաժեշտ է, բայց Եվրամիությունը մեզ չի տալիս, մենք, բնականաբար, այդ խնդիրները լուծում ենք Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ:
- Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը անընդհատ ձգձգվում է: Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն կրկին վերադառնա եվրաինտեգրման ուղի:
- Ոչինչ բացառված չէ, բայց յուրաքանչյուր բան պետք է իմաստ ունենա: Մեզ մոտ քաղաքացիական հասարակության մի հատված կա, որը տառապում է եվրաասոցացման հիվանդությամբ, ասում են՝ ինչ ուզում է լինի, միայն ասոցացվենք: Բայց դա չէ խնդիրը, պետք է երևա մեր շահը, մենք պետք է տեսնենք՝ դա գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար լա՞վ տարբերակ է, թե՞ ոչ: Մենք հո ինքներս մեզ թշնամի՞ չենք, որ գնանք այն ճանապարհով, որը մեզ ոչինչ չի տալիս...
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել