Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել սահմանամերձ Այգեպարում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Տավուշի եւ Արագածոտնի մարզեր: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկել շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետն այնուհետեւ մեկնել է սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարել համայնքի մանկապարտեզում եւ դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով արդեն մեկնարկել են դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել գալիք տարվա հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվել են նաեւ շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը հանդիպել է նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Այնուհետեւ Ա.Գեւորգյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ: Քննարկվել են համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետեւ փոխվարչապետը մեկնել է մարզի Խաչարձան համայնք, որտեղ ներկա է գտնվել նորակառույց բուժկետի բացման արարողությանը: Նորակառույց շենքը, բացի բժշկական եւ տնտեսական սենյակներից, ներառում է նաեւ բազմաֆունկցիոնալ սրահ: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ արգենտինահայ բարերարներ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Ա. Գեւորգյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին՝ համայնքային նոր կառույցի շահագործման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել միջոցառմանը ներկա բարերարներ Հիլդա եւ Արտո Կալչիյաններին՝ համայնքային խնդիրների լուծման հարցում կառավարությանն աջակցելու համար: Փոխվարչապետը դրական է գնահատել «Հայաստան» հիմնադրամի կողմից համայնքներում իրականացվող նպատակային ծրագրերը, որոնք միտված են մարզերում բնակիչների կենսական պայմանների բարելավմանը:
Տավուշի մարզում ավարտելով այցը՝ փոխվարչապետը մեկնել է Արագածոտն: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզպետ Սարգիս Սահակյանը, «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը, վերջին օրերին կարկտահարության հետեւանքով տուժած Արտեմի, Արագածավան, Լուսակն համայնքների ղեկավարները, քննարկվել են գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին, աջակցության մեխանիզմներին առնչվող հարցեր: Մարզպետը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ այցելել են համայնքներ, ծանոթացել իրավիճակին, տեղերում քննարկել կառավարությանն ուղղված առաջարկությունները: Փոխվարչապետը նշել է, որ հարցը կքննարկվի կառավարությունում եւ ընդունված որոշումների մասին կտեղեկացվի բնակչությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել