Ինչու է թանկանում էլեկտրաէներգիան
«Հետքը» հարցում է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` խնդրելով պարզաբանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման առնչվող մի շարք հարցեր: Ստորեւ ներկայացնում ենք հարցերը եւ հանձանաժողովի պատասխանը:
| «Հետք» - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համաձայն տարածված հայտարարության, շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և հայտնաբերել է գործոններ, որոնք էական փոփոխություններ կբերեն ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքներում: Խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ գործոններ են դրանք և տրամադրել ձեր կատարած ուսումնասիրության արդյունքները, որտեղ նշվում է այդ գործոնների մասին: Հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ: Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ այդ հաշվարկներին: Ինչպե՞ս են այդ ընկերություններում առաջացել ֆինանսական ճեղքվածքներ, որոնք փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում: |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատասխանը (Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Մ. Սողոմոնյան)
Էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման և վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրականէներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկատվությունները և հաշվարկները տեղադրված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Միաժամանակ, սակագների վերանայման նգործընթացի թափանցիկությունը, հանրային վերահսկողությունն ու հրապարակայնությունը հանձնաժողովի կողմից ապահովվել է նաև տարբեր մարմիններում արտագնա լսումների և քննարկումների մասնակցության միջոցով (Ազգային ժողով, Հանրային խորհուրդ): Բացի այդ, հանձնաժողովի անդամները և աշխատակազմը հանդես են եկել տարբեր լրատվամիջոցներով (այդ թվում նաև՝ հեռուստաալիքներով)՝ հանձնաժողովի իրավասությունների շրջանակում պարզաբանումներ տալով սակագների վերանայման վերաբերյալ հանրությանը մտահոգող հարցերին:
Հայտնումենք, որ 2014-2015թթ. Հաշվարկային ժամանակահատվածի համար անհրաժեշտ ծախսային հոդվածների և պարտավորությունների վերջնական ճշգրտման արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է շուրջ 17.9 մլրդ դրամ, որով պայմանավորված՝ անհրաժեշտ է վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրականէներգիայի գործող սակագները բարձրացնել 3,85 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ԱԱՀ-ն): Ֆինանսական ճեղքվածքի առաջացումն՝ ըստ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, հետևյալն է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ 5,7 մլրդ դրամ, որը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով՝
-2013-2014թթ. ընթացքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով և սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ պակաս է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ պակասէ արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որի արդյունքում այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի համեմատաբար թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում, այսինքն՝ ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը՝ միայն նշված գործոններով պայմանավորված, պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով,
-ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 4.3 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով, այսինքն՝ ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 0,9 մլրդ դրամով,
-շահագործման ու պահպանման ծախսերի և այլ գործոնների փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը նվազել է 0,6 մլրդ դրամով:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ՝ 2 մլրդ դրամ, որը պայմանավորված է հաղորդման ցանցերում վերականգնման և վերազինման, ինչպես նաև միջպետական էլեկտրահաղորդման գծերի (այդ թվում՝ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի) կառուցման համար ներգրավված արտոնյալ վարկային միջոցների մարման և սպասարկման հետ կապված ծախսերի ավելացմամբ՝ համաձայն վարկային համաձայնագրերի ժամանակացույցի:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ՝ 0,53 մլրդ դրամ, որը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.
-ընկերությունը 2013 թվականին իրականացրել է շուրջ 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով, այսինքն՝ ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 0,56 մլրդ դրամով,
-շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը նվազել է 0,03 մլրդ դրամով:
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ՝ 7 մլրդ դրամ, որը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.
-վերանայվող սակագնի հաշվարկային ժամանակահատվածում ավարտվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված վարկի մարման արտոնյալ ժամկետը, և սկսվում է մայր գումարի ու տոկոսագումարի մարումը, որով պայմանավորված՝ ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 2,8 մլրդ դրամով,
-համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումներն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել թվով 3 կապիտալ բնույթի նորոգումներ, որոնցից ամենածավալուն և մեծ գումար պահանջող նորոգումը նախատեսված է 2014 թվականին. ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի աճը կազմում է 3,8 մլրդ դրամ,
-շահագործման և պահպանման ծախսերի փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,4 մլրդ դրամ:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ 1,6 մլրդ դրամ, որը պայմանավորված է շահագործման և պահպանման ծախսերի, այդ թվում՝ կայանի շահագործման անվտանգության բարձրացման, աշխատած վառելիքի պահպանմանն ուղղվող ծախսերի ավելացման, ինչպես նաև կայանի ռեզերվային ինքնավար ջրամատակարարումն ապահովելու համար լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների կողմից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներն իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 1 մլրդ դրամ, քանի որ նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն` յուրաքանչյուր տարի իրականացվում է սղաճով և արտարժույթի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների ճշգրտում:
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն» և էլեկտրաէներգետիկական համակարգի այլ ընկերություններում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված՝ ծախսերի ճշգրտում և գնաճով պայմանավորված՝ շահագործման և պահպանման ծախսերի ավելացում, որոնց գումարային մեծությունը գնահատվում է շուրջ 0.1 մլրդ դրամ:
Միաժամանակ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անհրաժեշտության դեպքում Ձեր մասնակցությամբ կազմակերպել քննարկում էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ՝ ներկայացնելու լրացուցիչ հիմնավորումներ և պարզաբանումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել