HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվել են իղձերը, փոխվել է նաեւ մայրաքաղաքը

Նունե Հախվերդյան

Վենետիկի 14-րդ Ճարտարապետական բիենալեն, որը բացվեց հունիսի 7-ին ու կտեւի մինչեւ հոկտեմբեր, առաջարկեց մասնակից ազգային տաղավարներին ուսումնասիրել ճարտարապետության հիմքերը, ֆունդամենտները: «Հիմքեր. Իրացվող մոդեռնիզմ» խորագիրը ոչ թե անհատ ճարտարապետների, այլ ճարտարապետական շերտերի մասին է զրույց բացում ու հայացքն ուղղում դեպի ետ` հասկանալու համար այսօրվա ճգնաժամային պատկերը: Թերեւս ողջ աշխարհում էլ ակտուալ է հենց այդ` պահպանելու ու զարգանալու, անցյալի ու ապագայի, հիմքի ու ածանցյալի անհանգիստ հարաբերությունը:

Այս տարվա բիենալեին Հայաստանը ներկայացավ մի մուլտիմեդիալ նախագծով, որտեղ քաղաքի շնչառությունր կապվեց ամենաանորսալի ու ամուր հիմքի հետ` սպասումի, երազանքի, իղձի: Նախագիծն ունի «The Capital of Desires»` «Իղձերի մայրաքաղաքը» խորագիրն ու ներկայացնում է Երեւանի կառուցապատման երեք հիմնական շերտերը:

Հայկական տաղավարի համադրողներ Ռուբեն Արեւշատյանը եւ Գեորգ Շյոելհամերը ընտրել են այն ժամանակահատվածը, որն ամենից ցայտուն է բնութագրում մեր մայրաքաղաքի ճարտարապետական բազմազանությունը` 1920-1991 թթ.: Այդ ընթացքում կողք կողքi են զարգացել, իրար հակասել ու անգամ` հակամարտել թամանյանական, կոնստրուկտիվիստական ու իսրայելյանական դպրոցները` յուրաքանչյուրն իր ձեռագրով ու փիլիսոփայությամբ: Ռուբեն Արեւշատյանը շեշտում է. «Եվ ամենակարեւորը. իրենց հստակ ձեւակերպված իղձերով»:

«Թամանյանի ճարտարապետությունը դասական, ազգային, ռոմանտիկ պատկերացումների վրա էր հիմնված: Միջնադարյան հատվածը նա տեղադրում էր կլասիցիստական ֆորմատի մեջ ու ձեւավորում իր իղձերի քաղաքը: Դրան զուգահեռ գոյություն ուներ կոնստրուկտիվիստների առաջ քաշած մոդելը, որի ռադիկալ, հեղափոխական գաղափարներն ուղղված էին սոցիալական հասարակության ձեւավորմանը: Երրորդ հատվածը 1960-ականներին առաջ եկած նոր ազգային դպրոցն էր: Ռաֆայել Իսրայելյանը, Ստեփան Քյուրքչյանը եւ այլ ճարտարապետներ եկան որպես ունիֆիկացման, ստանդարտացման ոճի հակակշիռ: Նրանք առաջ էին քաշում իրենց տեղային, անհատական, ազգային լեզվամտածողությունը»,- ասում է Ռուբեն Արեւշատյանը:

Հայկական տաղավարի համադրողներ
Ռուբեն Արևշատյանը և Գեորգ Շյոելհամերը

Երեք ուղղություններն էլ իրար հետ կոնֆլիկտ ունեցող դպրոցներ էին, բայց նրանց գոյությունը թույլ էր տալիս խոսել կենդանի, ոչ միատարր մայրաքաղաքի մասին, որն իր բնակիչների համար միջավայր էր ձեւավորում ու հեռանկարներ բացում: «Ճարտարապետությունը իղձերի արտահայտման ամենակարեւոր խողովակներից մեկն է, առավելեւս մոդեռնիզմի շրջանում: Իսկ Հայաստանի ճարտարապետությունն այդ ժամանակահատվածում բազմախողովակային է եղել»,- ասում է Ռուբեն Արեւշատյանը:

Վենետիկի Զենոբիո պալատում (նախկին Մուրադ Ռաֆայեկան վարժարան) ներկայացվում է այս հավաքական իղձերի արխիվը (էսքիզների, սլայդ-շոուի, վիդեո պրոեկցիաների ու գրքերի տեսքով), որի բազմախողովակային լինելն այսօր հարցականի տակ է: Շատ շենքեր մինչեւ 21-րդ դար չհասցրեցին դիմանալ` անճանաչելիորեն աղավաղվելով կամ պարզապես ջնջվելով քաղաքի հատակագծից:

Վաղ կոնստրուկտիվիստական ճարտարապետական նմուշներից քիչ բան է պահպանվել իր նախնական տեսքով (Կաուչուկի գործարանի աշխատավորների բնակելի շենքը, Շինարարների ակումբի` ներկայիս Սպորտկոմիտեի ու Ստանիսլավսկու անվան թատրոնի, նախկին անասնաբուժական ինստիտուտի հանրակացարանի շենքերը), իսկ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերի մեծ մասն այդպես էլ չիրականացավ Երեւանում:

«Ռաֆայել Իսրայելյանի ողջ էսթետիկան էր ազդեցիկ: Նա լրիվ նոր լեզվամտածողություն առաջ քաշեց եւ այլ կերպ դիտարկեց անցյալը, պատմությունը: Եթե Թամանյանը դիմում էր միջնադարյան եկեղեցաշինությանը, Իսրայելյանի ոգեշնչման աղբյուրը ժողովրդական ճարտարապետությունն էր, որը նա դիտարկում էր կոնստրուկտիվիստական տեսանկյունից, օրինակ`նույն հազարաշենը: Սարդարապատի համալիրն, օրինակ այդ նորի մանիֆեստն է: Նա Թամանյանի կլացիստական ֆորմատի մեջ դեկորատիվ տեղադրում չի անում, եւ կամարը դիտարկում է ոչ թե որպես դեկոր, այլ ֆունկցիա կատարող կոնստրուկցիա: Բայց միեւնույն ժամանակ` կամարը դուրս է հանում սիմվոլիստական, պայմանական հարթություն: Ի վերջո, նրա կամարն էլ ֆունկցիոնալ կամար չէ: Քյուրքչյանը նույնպես նոր մոտիվներ ու նոր էսթետիկա էր առաջարկում: Դրա փայլուն օրինակը Կամերային երաժշտության տունն է»,- ասում է Ռուբեն Արեւշատյանը:

Ճարտարապետ, արվեստագետ Յոհանես Պորշը հայկական տաղավարի ձեւավորման համար օգտագործել էր գիպսաստվարաթղթե սալերը: Ռուբեն Արեւշատյանը պատմում է, որ այդ այսօրվա պոպուլյար եւ ունիվերսալ նյութը անգամ չէր էլ ներկված, երեւում էին ճեղքերը, կոտրվածքները, մեխերի տեղերը, ինչը ընդգծում էր նյութի ժամանակավոր լինելը: Այդ մինիմալիստական ձեւավորման մեջ օգտագործված էին նաեւ հայելիները, որոնց մակերեսի վրա միաժամանակ հայտնվում էին եւ’ այցելուները, եւ’ պրոեկցիաները: «Հայելու մեջ նայելով, տեսնում ես այն, ինչն ուզում ես տեսնել: Այսինքն, ոչ այնքան իրականը, որքան ցանկալին: Պատկերը պրոեկտվում է քեզ վրա ու անընդհատ նորանոր պատկերներ գեներացնում»:

Շուտով կհրատարակվի նաեւ 20-րդ դարի հայաստանյան ճարտարապետության մասին պատմող գիրքը, որտեղ տեղ են գտել Կարեն Բալյանի, Անդրեյ Իվանովի, Վարդան Ազատյանի, Հրաչ Բայադյանի, Ռուբեն Արեւշատյանի, Գեորգ Շյոելհամերի վերլուծական աշխատանքները: Դա մեծ, նկարազարդ մեթոդաբանական աշխատություն կլինի: Իսկ հոկտեմբերի հայկական տաղավարը գիտաժողով կանցկացնի Վենետիկի բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում` Արսենալեում: Այն նվիրված կլինի խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը:

Հիբրիդ ճարտարապետությունը հիմնականում անոնիմ է

Վենետիկում ներկայացված չէր անկախ Հայաստանի ճարտարապետությունը: Ռուբեն Արեւշատյանը համարում է, որ հետմոդեռնիստական, նեոլիբերալ էպոխայի ճարտարապետությունն առ այսօր էլ գործածում է այս երեք հիմնական ուղղությունները, սակայն  ֆրագմենտար տեսքով եւ առանց հեռահար մոտիվացիայի. «Գեղագիտական տեսքը ընդամենը հավելված է, կարեւորագույն ֆունկցիան նպատակայնությունն է: Երբ նայում ես Հյուսիսային պողոտային, տեսնում ես, որ այնտեղ ամեն ինչ կա, բացակայում է միայն մոտիվացիան, որն ունեին Թամանյանը, Իսրայելյանը, Մազմանյանը, Քոչարը, Հալաբյանը, Մարգարյանը եւ այլոք: Հյուսիսային պողոտայում կտեսնեք տարբեր էլեմենտներ` վերցված թամանյանական, ֆունկցիոնալիստական, իսրայելական ոճից: Բայց բոլորը սինթեզված, հիբրիդացված մի մարմին են դարձել: Կարեւորն այն է, որ այդ մարմնին իմաստ հաղորդող իղձն է բացակայում: Դետալների օգտագործումն ընդամենը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Այսինքն, այսօրվա ճարտարապետությունը մակաբույծի պես է կիրառում մոդեռնիստական կոնստրուկտներն ու միաժամանկ հեգնում այդ ողջ էպոխան»:

Հետաքրքիր է, որ նոր շինությունները մեծամասամբ անդեմ են, եւ շատ քչերը գիտեն դրանց հեղինակների անունները: Ըստ Ռուբեն Արեւշատյանի` այսօր ճարտարապետությունը հիմնականում անոնիմ է. «Շատ ճարտարապետներ այսօր կարող են հանդես գալ որպես քաղաքը ձեւափոխողներ, բայց քչերն են ունակ ձեւակերպել նորը: Եվ խնդիրն այն է, որ այդ նորը ոչ թե ճարտարապետների առաջարկածն է, այլ պատվիրատուի, ավելի ճիշտ` համակարգի: Իսկ այս նոր համակարգին բազմազան բաղադրիչներով (մշակութային, սպորտային, կրթական) միջավայր պետք չէ: Նպատակը միակն է` անել այնպես, որ մարդու մոտ գնելու ցանկությունը միշտ արթուն մնա»:

Ժամանակակից սպառողական հասարակության դրաման հստակ երեւում է ճարտարապետության մեջ:  Եվ Վենետիկի բիենալեն շեշտադրելով ճարտարապետական ճգնաժամն ու նրա համատարած կախվածությունը շուկայից, ստիպեց նաեւ մեր սեփական խնդիրները վերանայել: Երբ գաղափարները, երազանքներն ու իղձերը փոխարինվում են զուտ շուկայական շահով, մտածողության մեջ փոսեր են առաջանում: Հանրային իղձերի բացակայությունը անպայման ներքին տագնապ է ստեղծում: Իսկ հետո արդեն` ագրեսիայով ինքնահաստատվելու ցանկություն:

Եվ պատահական չէ, որ նախագծի հեղինակներն ընտրել են ոչ թե «երազանք» քնարերգական բառը, այլ ամենօրյա գործածությունից ազատ, ֆոնետիկորեն ավելի ուժեղ եւ մկանոտ «իղձ»-ը: Դրա արտաբերումն անգամ աշխատատար է ու ստիպում է լարվել ու մտածել:

Ոչ թե իղձեր, այլ միրաժներ

Ճարտարապետությունը կոլեկտիվ մտածողության ապացույց լինելով`կոլեկտիվ սպասումներն ու իդեալներն է ուրվագծում: Դա այն առանցքն է, որից ճյուղավորվում են հասարակական տարբեր խավերի պատկերացումներն այն մասին, թե ինչպե՞ս են ցանկանում շփվել միմյանց հետ, ո՞ր գաղափարներն են իրենց հուզում ու վերջիվերջո` ինչպե՞ս լինել երջանիկ: Այսօր, վաղը, տաս տարի, քսան տարի հետո… 

« Հիմա նախեւառաջ գաղափարներ չկան: Իսկ միակ հեռանկարը թերեւս բարեկեցությունն է, որն իրականում միրաժ է: Մարդուն երազանքներ, մեծ խնդիրներ պետք չեն: Ավելի շատ փոքր, կոկիկ, տաքուկ ապրելու տեղ է հարկավոր: Ավտոմեքենա, լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա, որպեսզի երեխաներն ապահով մեծանան: Բայց երբ հարցնում ես` բա հետո՞… Հետո ի՞նչ կրթություն է ստանալու քո երեխան, որտե՞ղ է այն կիրառելու, պատասխան չի լինում: Իրականում դա փակուղի է, որն էլ այսօր տեսնում ենք: Ընդ որում` դա շատ տրավմատիկ փակուղի է: Մենք ապրում ենք այդ տրավման ու պրոեկտում այն մեր կառուցածի վրա»,- ասում է Ռուբեն Արեւշատյանը:

Խիտ, անհարմարավետ ու մեծ հաշվով` անիմաստ կառուցապատումը (հատկապես մայրաքաղաքի կենտրոնում) իր հետ նոր միջավայր է բերել` բավականին անկանխատեսելի մարդկային հոսքերով, պարապ ժամանացի նշաններով ու հաճախակի պոռթկացող ագրեսիայով:

Անգամ հիմնական շինարարական զանգվածը (առեւտրի կենտրոնները, բազմահարկ բնակելիները, մոլերն ու խանութները) ընդամենը քառակուսի մետրերով է չափվում ու իրացման նպատակ հետապնդում: Սպառողական հոգեբանությունն ամրապնդելուց բացի, դրանք այլ կոդեր չեն պարունակում: Ապրելու կոդն է վերացել:

Եվ զարմանալի չէ, որ դեռ ավարտին չհասցրած, չբնակեցված շենքերը քայքայվում ու մաշվում են անասելի արագությամբ: Նոր շենքերը ինքնաբերաբար են ջնջվում քաղաքի մակերեսից` չհասցնելով ստանալ իրենց վերջնական տեսքը: Այն, ինչը չի ապրում, մեռնում է: «Անգամ շենքի օդն է մեռնում»,- նկատում է Ռուբեն Արեւշատյանը:

Նա հիշեցնում է, որ ապրեցնելու համար հարկավոր է հասկանալ` ո՞վ է ապրելու այդ շենքերում եւ ո՞ւմ համար է ի վերջո, այս ամենը կառուցվում. «Ճարտարապետությունը ենթադրում է տարբեր կենսական ռեժիմներ, այն մարդու ապրելու միջավայր է ստեղծում: Եվ միեւնույն ժամանակ ձեւակերպում է այդ միջավայրը: Եվ շատ կարեւոր է, որ այդ ձեւակերպման մեջ հեռանկարներ լինեն: Այսօր ողջ աշխարհում է ստեղծվում այն պատրանքը, միրաժը, որ եթե լավ աշխատես, կգաս, ասենք, Հյուսիսային պողոտա ապրելու եւ կօգտվես երկրորդ միրաժից` մոտակա խանութներից: Այսինքն, մարդու ուղեղն ավտոմատ կերպով սկսում է աշխատել պրիմիտիվ սպառողական ռեժիմով: Եվ նա սկսում է իր իղձը, կյանքը, նաեւ իր երեխաների ապագան կառուցել հենց այդ տրամաբանությամբ: Եվ հետո մի գեղեցիկ օր կանգնում է ջարդած տաշտակի առջեւ` հասկանալով, որ ինքը երբեք չի կարողանալու այդ խանութներից ինչ-որ բան գնել, քանի որ դա միրաժ է: Բայց միեւնույն է նա պիտի անընդհատ ձգտի այն պատրանքի, որպեսզի լավ շահագործվի: Եվ այսօրվա ճարտարապետությունը հենց այդ նպատակին է ծառայում»: 

Իհարկե, ճարտարապետությունը քաղաքական վճիռների հետ է կապված: Ուղղահայաց, օլիգարխիկ շերտի պահանջները բավարարող եւ հորիզոնական սփռումը բացառող ճարտարապետությունն արդեն սկսել է բնակիչների նոր տեսակ ձեւավորել: Եվ այդ տեսակը հաստատ իղձերի կարիք չունի: Նրա կարիքները սահմանափակվում են կենդանական ցանկություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter