Աշխարհի առաջնության փլեյ-օֆում վճռորոշ են վերջին րոպեները
Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչն անցնում է լարված պայքարում: Չկան հեշտ հաղթանակներ, մրցակից թիմերի ակնհայտ տարբերություն:
Առաջին մրցավեճը տանտեր բրազիլացիների ու չիլիացիների միջեւ էր: Հանդիպման հաշիվը անկյունայինից հետո բացեց Դավիդ Լուիսը՝ արագ կողմնորոշվելով տուգանային հրապարակում: 32-րդ րոպեին բրազիլացիներից Հալկը կոպիտ սխալ թույլ տվեց՝ գնդակը փոխանցելով այն դիրքը, որտեղ մրցակցի խաղացողն էր: Հետեւեց արագ փոխանցումը դեպի տուգանային հրապարակ, իսկ Ալեքսիս Սանչեսը հենց դրան էլ սպասում էր: Հարձակվողը վարպետորեն գրավեց Սեզարի դարպասի հեռավոր անկյունը՝ 1-1: Կարելի է ասել, որ Հալկն այս խաղի անհաջողակն էր, չնայած նրան հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, բայց մրցավարը ձեռքով խաղ արձանագրեց, չնայած բրազիլացին կրծքով էր ընդունել գնդակը: Խաղի հիմնական ժամանակի ու ավելացված 30 րոպեների ընթացքում գոլ չգրանցվեց, եւ նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար: Բրազիլացիներից աչքի ընկան Դավիդ Լուիսը, Մարսելոն, Նեյմարը, Հալկը հարվածեց դարպասապահի վրա, Վիլիանը շեղ հարվածեց: Չիլիացիներից դիպուկ էին Արանգիսն ու Դիասը, Պինիլյային ու Սանչեսին հաղթեց դարպասապահ Սեզարը, իսկ Խարայի հարվածը դիպավ դարպասաձողին (3-2), ինչն էլ հաջորդ փուլ դուրս բերեց աշխարհի հնգակի չեմպիոններին: Տեսանյութը՝ այստեղ:
Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ բրազիլացիների մրցակիցը: Կոլումբիա-Ուրուգվայ խաղն ավարտվեց դաշտի պայմանական տերերի հաղթանակով՝ 2-0: 28-րդ եւ 50-րդ րոպեներին աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը՝ առաջնության ռմբարկուների ցուցակում առաջ անցնելով բոլորից իր խփած 5 գոլով: Ուրուգվայցիների կազմում չէր խաղում հարձակման առաջատար Լուիս Սուարեսը, որի կծան ատամների հերթական զոհն էր դարձել իտալացի պաշտպան Կելինին. ուրուգվայցին այդ եւ նախկինում կատարած նմանատիպ կծոցների համար ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 4 ամսով եւ հավաքականի 9 խաղով:
Հուլիսի 4-ին Կոլումբիան 1/4-րդում կհանդիպի Բրազիլիային:
Փլեյ-օֆի հակադիր թեւում մրցեցին Հոլանդիան ու Մեքսիկան, Կոստա Ռիկան եւ Հունաստանը: Եթե ինչ-որ մեկը մտածում էր, թե հոլանդացիները հեշտությամբ կհաղթեն «ացտեկներին», համոզվեց, որ սխալ կանխատեսում է արել: Դեռ բրազիլացիների հետ խմբային խաղում էին մեքսիկացիներն ապացուցել, որ Օչոայի նման դարպասապահ ունեցող թիմը շատ ամուր ընկույզ է: 48-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց դոս Սանթոսը, եւ միայն 40 րոպե անց Սնեյդերին հաջողվեց փրկել իր թիմին վերահաս պարտությունից: Մրցավարը ավելացրեց 6 րոպե: Եվ 92-րդ րոպեին Մարկեսը սեփական տուգանայինում վայր գցեց Ռոբենին. հպում իսկապես կար, բայց հոլանդացին, իր սովորույթի համաձայն, տպավորիչ ձեւով ընկավ: 11-մետրանոցը 94-րդ րոպեին հստակ իրացրեց Հունտելաարը: Հոլանդիա-Մեքսիկա՝ 2-1:
Հավասար պայքարում անցավ նաեւ Կոստա Ռիկայի ու Հունաստանի հանդիպումը: Ամերիկա աշխարհամասի ֆուտբոլիստները, որ փայլել էին խմբային փուլում, տիրում էին նախաձեռնությանը, իսկ դժգույն խաղով աչքի ընկնող հույները պաշտպանվողի դերում էին: Տրամաբանական էր, որ 52-րդ րոպեին կոստառիկացիների ավագ Ռուիսը բացեց խաղի հաշիվը՝ վարտին հասցնելով գեղեցիկ գրոհը: 66-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ ու դաշտից հեռացվեց Դուարտեն, ինչն էլ դժվար կացության մեջ գցեց ամերիկացիներին: Հույները նետվեցին խաղը փրկելու: 91-րդ րոպեին Սոկրատիսը հավասարեցրեց հաշիվը, եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Սակայն ի վերջո բանը հասավ 11-մետրանոցներին: Կոստառիկացիները հստակ իրացրին բոլոր 5 հարվածները, իսկ հույներից Գեկասի հարվածը, որը 4-րդն էր (5-րդի կարիքը չեղավ), հետ մղեց դարպասապահ Նավասը: Ամերիկացիները հաղթեցին 1-1 (5-3), եւ դուրս եկան 1/4-րդ, ինչն այդ երկրի համար աննախադեպ արդյունք է:
1/4-րդում կհանդիպեն Հոլանդիան եւ Կոստա Ռիկան:
Այսօր կկայանան 1/8-րդի Ֆրանսիա-Նիգերիա (20:00) եւ Գերմանիա-Ալժիր (24:00) հանդիպումները:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել