Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական ՀԿ-ների խորհուրդը ողջունում է Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-ՔարթլիիՀայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով ողջունում է Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
«Վրաստանի կողմից Բրյուսելում, Եվրոմիության գագաթաժողովի ժամանակ ստորագրված ասոցացման համաձայնագիրը մեծ դռներ է բացում մեր երկրի առաջ, քանզի ակնհայտ է, որ Վրաստանը իր վրա է վերցնում մեծ բարեփոխումներ կատարելու պատասխանատվություն, ինչը առնչվելու է երկրի բոլոր բնագավառներին:
Մեր խորհուրդը մշտապես դրական է արտահայտվել Վրաստանի եվրոինտեգրման գործընթացին, քանզի Եվրոպական սկզբունքները հոգեհարազատ և ընդունելի են Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար: Մեր ժողովուրդը իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքում, որտեղ չի լինելու ոչ մի տեսակ խտրականություն:
Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը հույս ունի, որ Եվրոպական ուղին բռնած Վրաստանը անպայման հաշվի է առնելու իր հայաբնակ շրջանի քաղաքացիների պահանջները, որոնք բխում են Եվրոպական սկզբունքներից և Վրաստանի շահերից:
Մեր պահանջները մշտապես եղել են.
- Հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակիշնորհումը Վրաստանի կողմից
- Ջավախքի բոլոր քաղաքներին ինքնիշխան ապակենտրոն կարգավիճակի շնորհում
- Հասարակական, կրոնական, մշակութային, ուսումնական հաստատությունների նկատմամբ խտրական քաղաքականության վերացում
- Ուժային մարմինների կողմից ապօրինի վերահսկողության և միջամտությունների վերացում
- Վիճելի համարվող եկեղեցիների վերադարձ
- Հայ-վրացական համալսարանի ստեղծում
- Սամցխե-Ջավախքի ազգային դիմագծի արհեստական փոփոխության ջանքերին ուղղված ապօրինի գործունեության դադարեցում
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդի պահանջները արդար են և բխում են հայ հասարակության պահանջներից: Տվյալ պահանջները ոչ միայն չեն հակասում եվրոպական արժեքներին և այդ ուղին բռնած երկրի ազգային ու պետական շահերին, այլ հակառակը դրանց ընդունումը Վրաստանը կդարձնի ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, որի ապագան միայն ու միայն Եվրոպական միության լիիրավ անդամակցության մեջ է»:
30.06.2014թ. ք Ախալքալաք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել