HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու է Հովիկ Աբրահամյանը նոմենկլատուրան պաշտպանում հասարակությունից

Նախրդ շաբաթ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ մի յուրօրինակ հայտարարությամբ: Առիթ դարձնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի վրա «Դեմ եմ» շարժման ակցիայի մասնակիցների կողմից, որպես կուտակային համակարգի դեմ բողոքի նշան,  մանրադրամներ նետելու իրողությունը` վարչապետը հայտարարեց, թե դա անթույլատրելի արարք է, որով խախտվում են նախարարների ու պատգամավորների մարդկային իրավունքները: Ըստ նրա` իշխանության ներկայացւոցիչների նկատմամբ նման վարքագիծը ամենաթողության ու անարխիայի դրսևորում է: Եվ քանի որ անարխիան պետական անվտանգությանն սպառնալիք է, հանձնարարեց  Արդարադատության նախարարին և Ոստիկանապետին` դրա դեմն առնելու ողւղությամբ միջոցներ ձեռնարկել:

Քաղաքացիական ակտիվիստների կողմից դա մանրադրամ նետելու առաջին դեպքը չէր: Մինչ այդ էլ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, այդ թվում նաև նախարարներ և պատգամավորներ էին աչքի ընկել քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքով: Սակայն նախորդ որևէ դեպքում Հովիկ Աբրահամյանը ոչ իբրև նախարար, ոչ որպես ԱԺ նախագահ և ոչ էլ որպես վարչապետ, մարդու իրավունքների նման ջերմեռանդ պաշտպանի դեր չէր ստանձնել: Ինքնին հետաքրքրական էր նաև այն փաստը, որ նա Կառավարության նիստին խոսում էր ոչ թե առհասարակ բոլորի իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին, ինչը տվյալ դեպքում պետք է լիներ միակ տրամաբանական մոտեցումը, այլ`բացառապես իշխանության ներկայաւցուցիչների դեմ ուղղված գործողությունների: Այնպիսի փորձառու գործչի համար, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, նման հասարակության  մեջ օտարի և յուրայինների նման բաժանում կատարելը չի կարող զուտ պատահականություն լինել:

Ըստ էության վարչապետը բացահայտ ու ճակատային կերպով իր անձնական պաշտպանության տակ է առնում իշխանության ներկայացուցիչին, նոմենկլատուրայի անդամին, որը տվյալ դեպքում, զուտ պատահական համընկնման արդյունքում, կերպարանավորվեց Արտեմ Ասատրյանի անձով: Սա ուղերձ չէր հասարակությանը, որն իր անպաշտպանվածությունը վաղուց է զգացել` անկախ դրա մասին Աբրահամյանի կողմից ավելորդ անգամ հիշեցումից: Այլ` ուղերձ էր հենց նոմենկլատուրային առ այն, որ վարչապետը պատրաստ է անմիջականորեն ստանձնելու նրա, որպես համակարգի, քաղաքական երշախավորի դերն ու պատասխանատվությունը:

Այլ կերպ ասած` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոնկրետ քայլ է կատարում համակարգում իր նկատմամբ վստահությունը բարձրացնելու և, վարչական ողջ ապարատն այդպիսով իրեն ավելի մերձեցնելու ուղղությամբ: Սա քաղաքական և անձնական իշխանության ամրապնդման յուրօրինակ ակցիա էր, ինչը նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը սկսել է իշխանությունը վերցնելու մի թաքուն պրոցես և դա սկսել է այն ոլորտից, որտեղ իր հնարավորությունները և ազդեցության լծակներն այս պահին չափազանց մեծ են:

Նման ամբիցիոզ նպատակների հասնելու համար, ելնելով հայասատանյան քաղաքական համակարգի առանձնահատկություններից, Հովիկ Աբրահամյանը պետք է կարողանա լիակատար ազդեցություն և հեղինակություն դառնալ երեք հիմնական համակարգերում. բանակ և հատուկ ծառայություններ, ոստիկանություն, ինչպես նաև բյուրոկրատիա կամ վարչական համակարգ: Դրանից հետո քաղաքական մակարդակում լիդերի կարգավիճակ ձեռք բերելը, հիմնվելով առնետավազքի «լավագույն ավանդույթների» շարունակման վրա, ինչպես ասում են, դառնում է տեխնիկայի հարց:

Եվ ահա Հովիկ Աբրահամյանը սկսել է երրորդից, որն ի տարբերություն մյուս երկու համակարգերի` իր համար ավելի հեշտ իրագործելի են: Բանակի հետ կապված նրա ձեռքերը դեռևս զգալիորեն կարճ են, բայց ահա Ոստիկանությունը, որն իր կարգավիճակով գտնվում է Կառավարության նեթակայության ներքո բոլորովին այլ հարց է:

Եվ հիմա նա կարծես թե վարչական ապարատին զուգահեռ փորձում է յուրացնել նաև այդ համակարգը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ոստիկանապետը լինի ոչ թե նախագահի, այլ իր վստահորդը կամ առնվազն նրանց միջև կոնսենսուսային ինչ-որ տարբերակ: Այս իմաստով ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրա համար հնարավորինս շուտ հանելու ենթակա սեպ է, որի աքցանները, սակայն, իր ձեռքերում չեն գտնվում:

Վարչապետի պաշտոնում նշանակվելու հենց առաջին օրվանից Աբրահամյանը ցանկացած առիթ օգտագործում է` Գասպարյանի նկատմամբ իր անվստահությունը հայտնելու, նրա հետ ունեցած ներքին հակասությունները, որոնք այս պահին թվում են առավելաբար դիրքային, զգացնել տալու համար: Այս իմաստով բոլորովին պատահական չէր, որ Կառավարության նիստի ժամանակ նա որոշեց հենց Վլադիմիր Գասպարյանին նկատողություն անել բարձր խոսելու համար: Այս վարքագիծն ուղղված է մեկ հիմնական նպատակի. այնպիսի ճնշում գործադրել Ոստիկանապետի վրա, նրա համար այնպիսի միջավայր ստեղծել, որոնց պայմաններում վերջինս այլընտրանք  չունենա, քան ինքնակամ հեռանալը: Այլ կերպ վարվելու տարբերակ վարչապետը չունի, քանի որ հրաշալի հասկանում է, որ Ոստիկանապետի դիրքերն ամուր են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ նա վայելում է գործող նախագահի գրեթե լիարժեք վստահությունը:

Ոստիկանապետի գլխին սև ամպեր կուտակելու վարչապետի ցանկության ենթատեքստն ու նշանակությունը հասկանում են նաև Վլադիմիր Գասպարյանը, առավելևս նախագահ Սերժ Սարգսյանը: Վեջինս, իհարկե, սկզբունքորեն դեմ չէ Հովիկ Աբրահամյանին իշխանությունը թողնելու հեռանկարին, սակայն` միմիայն իր սցենարով և ապագա իշխանության իր տեսլականի շրջանակում: Այս խնդիրը նա անցկացնում է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների պրիզմայով, որի համատեքստում գոնե այս պահին այդքան էլ միանշանակ չի թվում Հովիկ Աբրահամյանին իշխանության ժառանգորդ դարձնելու տարբերակը:

Այս տեսանկյունից Վլադիմիր Գասպարյանը նրա համար իսկապես առանցքային ֆիգուրի դեր է կատարում, որովհետև ի դեմս նրա, Ոստիկանությունը մնացել է այն միակ համակարգը, որի վրա կարող է լիարժեքորեն հենվել: Թե նոմենկլատուրայի, թե քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ի և թե բանակի պարագայում նա գործ ունի, ըստ էության, երկիշխանության հետ, քանի որ անցած 7 տարիներին այդպես էլ չկարողացավ այդ համակարգերի վրա ունեցած նախկին նախագահի ազդեցությունը լիարժեքորեն չեզոքացնել և դրանք ամբողջապես իրեն ենթարկել:

Հենց դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չփորձեց մոնոլիտ իշխանություն ձևավորել` նախապատվությունը տալով կառավարելի քաոսի մեթոդաբանությամբ հարաբերական իշխանությունը պահելու տարբերակին:

Մամուլում արդեն գրվել է, որ Հովիկ Աբրահամյանի վարչապտ դառանալուց հետո Վլադիմիր Գասպարյանը մի քանի անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, որոնք, սակայն, չեն ընդունվել նախագահ Սարգսյանի կողմից: Որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, գիտեն միայն ոստիկանապետն ու նախագահը:

Սակայն հաշվի առնելով վարչապետի հետ Ոստիկանապետի  ունեցած հարաբերությունների առանձնահատկությունները, դա բացարձակապես անհիմն չի թվում: Եվ եթե այդ աղաղակող հակասությունները տեսնելով հանդերձ` նախագահը չի ուզում ազատվել Գասպարյանից, նշանակում է` վերջինս այդ կարգավիճակում դեռ պետք է իրեն: Ինքնին հրաժարական ներկայացնելը տակտիկական քայլ է Ոստիկանապետի կողմից` ստուգելու իր նկատմամբ նախագահի վստահության չափը: Եվ ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանը Գասպարյանի համար իրեն հանգիստ և ազատ զգալու բավարար ֆորա է ապահովում:

Գասպարյանի դերը ներիշխանական վերադասավորումներում, փաստորեն, դառնում է Հովիկ Աբրահամյանին հակակշռելը և նրա նկատմամբ ինչ-որ իմաստով վերահսկողության իրականացումը: Այս փուլում դա ուղղակի անհրաժեշտություն է, քանի դեռ գործող նախագահը վերջնականապես չի պարզել իր հարաբերությունները նախկին նախագահի հետ և չի ըմբռնել, թե Քոչարյանի պլաններում ինչ դեր է վերապահվել հենց Հովիկ Աբրահամյանին: Մանավանդ` այս փուլում, երբ գործող իշխանության տարբեր օղակներին ուղղված հրապարակային կոշտ քնադատություններով նախկին նախագահն անընդհատ հիշեցնում է իր մասին, իսկ վարչապետը, թեկուզ իրոնիայիով, հայտարարում է, թե դեմ չէ Քոչարյանի հնարավոր վերադարձին:

Հենց այս անորոշությունն իր համար պարզելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությունը ևս երեք ամսով երկարաձգելու նախագահի որոշումը: Թերևս դա այն ժամկետն է, որի ընթացքում վերջնականապես պարզ կլինի` նախագահը գնալու է իշխանությունը հանձնելո՞ւ  ճանապահով, թե՞ այն պահպանելու համար սահմանադրական աճպարարություններին ապավինելու: Դրանից էլ պարզ կդառնա թե որքանով կբացվեն դեպի ոստիկանություն, բանակ տանող ճանապարհները Հովիկ Աբրահամյանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter