HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է մեղավոր

Էդգար Վարդանյան 

Հայաստանում հաստատված քաղաքական ռեժիմից դժգոհ ակտիվ փոքրամասնությունը շարունակում է «ստեղծված իրավիճակից» ելքի փնտրտուքները: Սրա մասին են վկայում այս խնդրի շուրջ առկա տարատեսակ հոդվածները, սեմինարները, ժողովները, ֆորումները, բողոքի ցույցերը, սոցիալական ցանցերում քննարկումները եւ այլն: Ամենաթեժ բանավեճի առարկա հանդիսացող հարցերից վերջերս հատկապես առանձնանում է հետեւյալը` ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատու «ստեղծված իրավիճակի» համար: Շատերը պնդում են, որ մեղավորը Սերժ Սարգսյանն ու նրա մերձավորներն են: Ոմանք էլ նշում են, որ, ընդհանուր առմամբ, հայ հասարակությունն է «ստեղծված իրավիճակի» պատասխանատուն:

Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավորներին մեղադրողները նշում են, որ նրանք բռնի ուժով եւ տարբեր մեքենայությունների միջոցով բռնազավթել են իշխանությունը եւ վերջինս ծառայեցնում են սեփական շահերին, ինչի պատճառով էլ ձեւավորվել է ներկայիս «ստատուս քվոն»: Ուստի, եզրակացնում են մեղադրողները, եթե նրանք հեռանան իշխանությունից ապա Հայաստանն, իհարկե, միանգամից դրախտ չի դառնա, բայց երկիրը կդրվի ճիշտ ռելսերի վրա:

Նրանք, ովքեր կարծում են, որ հիմնական մեղավորը հասարակությունն է, նշում են, որ հայաստանցիները իրենց ցածր գիտակցության պատճառով չեն կարողանում կառուցել նորմալ, իրավական պետություն: Այս տեսակետի կողմնակիցները համոզված են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ հայաստանցիները եւ, առաջին հերթին, ակտիվ քաղաքացիները վերափոխվեն, վերանայեն իրենց աշխարընկալումը։

Առաջինները չեն համարում, որ հասարակության գիտակցությունը ցածր է, նրանք նշում են, որ ցածր գիտակցության տեր հասարակությունը փողոց դուրս չէր գա, ինչպես արեց, օրինակ, 2008-ին եւ հայտարարում են, որ իրենք ցանկություն չունեն փոխվելու, քանզի իրենք ճիշտ ուղու վրա են: Երկրորդների հարցին` իսկ այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք այսպիսի իրավիճակի մեջ, նրանք պատասխանում են, որ խնդիրն այն է, որ բռնի ուժի միջոցով մեզ պարտադրել են այս իրավիճակը, մենք մեղավոր չենք:

Այս ամենի մեջ նկատվում է որոշակի մեթոդոլոգիական, քաղաքագիտական բնույթի որոշակի խառնաշփոթ եւ անհստակություն:

Նախ, հարկ է նշել, որ, ըստ իրավական պետության փիլիսոփայության, մարդու իրավունքների պաշտպանման համար պատասխանատու միակ ինստիտուտը` պետությունն է: Բանն այն է, որ հանրությունը ստեղծում է իրավական պետություն, նախ եւ առաջ, նրա համար, որ վերջինս պաշտպանի մարդու իրավունքները: Հանրությունը որոշակի դեպքերի համար պետությանը օժտում է ուժ կիրառելու լեգիտիմ իրավունքով եւ համապատասխան լծակներով եւ պետությունը միակ ինստիտուտն է, որը կարող է երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ միաժամանակ միակ ինստիտուտն է, որը կարող է խախտել մարդու իրավունքները: Մենք չենք կարող ասել, որ խախտվել են մարդու իրավունքները միայն այն հանգամանքից ելնելով, որ ինչ-որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրականացրել են իրավախախտում, հանցագործություն։ Այն ժամանակ կարող ենք ասել, որ մարդու իրավունքները խախտվում են, երբ պետությունը պատշաճ ընթացք չի տալիս օրենքի խախտումներին, կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում, կամ հենց ինքն է բռնանում մարդկանց իրավունքների նկատմամբ։

Այդ իսկ պատճառով հանրությունը ստեղծում է մի շարք պետական, դեմոկրատական ինստիտուտներ, որոնք հակակշռելով, զսպելով մեկը մյուսին նվազագույնի են հասցնում մարդու իրավունքների խախտումները:

Եվ ուրեմն, եթե հանրությունը իրավացի է, երբ հայտարարում է, որ երկրում տիրում է հակաիրավական մթնոլորտ, ուրեմն վերջինիս իրավական, քաղաքական պատասխանատուն պետությունն է, նշանակում է, որ պետությունը չի կատարում իր գործառույթները: Պետության ներկայացուցիչները չեն կարող ասել՝ դե, մենք ի՞նչ անենք, հասարակությունն է մեղավոր,  թե հասարակությունն անգիտակից է:

Եթե երկրում հակաիրավական իրավիճակ է, նշանակում է պետական ինստիտուտները չեն գործում, չեն կատարում իրենց գործառույթները: Եթե այդ ինստիտուտները ցանկանում են կատարել իրենց գործառույթները, բայց ինչ-որ պատճառներով չի ստացվում դա նրանց մոտ, ուրեմն պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի ապահովման համար պատասխանատու, դրա համար հատուկ լծակներ ունեցող պաշտոնատար անձինք պետք է հրաժարական տան, հակառակ դեպքում ստացվում է, որ նրանք զբաղվում են հակաիրավական, հակասահմանադրական գործունեությամբ: Բայց եթե պետությունը դե ֆակտո հրաժարվում է հարգել մարդու իրավունքները, ոտնահարում է իրավական սկզբունքները, այդ դեպքում ո՞վ պետք է կյանքի կոչի հայտարարված սահմանադրական պետությունը, ի՞նչպես պետք է ապրեն քաղաքացիները, ի՞նչ սկբունքներով պետք է հարաբերվեն միմյանց հետ, ո՞վ է որոշելու «ճիշտն» ու «սխալը»։

Հարց է նաեւ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկրում պետական ինստիտուտները չեն կատարում իրենց գործառույթները: Ինչպե՞ս է ստացվում, որ հանրությունը իբրեւ թե ցանկանում է իրավական պետություն կառուցել, սակայն ինչ-որ մարդիկ ուժով չեն թողնում դա անել: Ինչու՞ դեմոկրատական երկրներում այդպես չի լինում, ինչո՞ւ այդ տեսակ երկրներում չեն լինում իշխանությունը բռնազավթելու ցանկություն ունեցող մարդիկ, խմբեր, կամ եթե լինում են, ինչու՞ նրանք չեն մշակում իշխանությունը բռնազավթելու ծրագիր, կամ եթե մշակում են, ինչո՞ւ նրանց չի հաջողվում կյանքի կոչել այդ ծրագիրը։ Կարելի է ենթադրել, որ խնդիրը, միգուցե, քաղաքաքական ինստիտուտներն են, որոնք կանխարգելում, կամ արագ չեզոքացնում են նման երեւույթները: Բայց ինչպե՞ս են այդ ինստիտուտները ստեղծվել։ Արդյո՞ք ցածր իրավագիտակցության, ցածր քաղաքական մշակույթի տեր մարդիկ կարող են ստեղծել նման ինստիտուտներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter