HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհով մեկ հայտնի թանգարան, որը չի կարող ունենալ այցելու

Գյումրիի հին թաղամասերից մեկում, ուր ցեխի և ջրափոսերի պատճառով հնարավոր է անցնել միայն ամենագնաց մեքենայով, երկրաշարժից հետո ամրացված փոքրիկ շենքում զետեղված են Շիրակի մարզի պատմամշակութային անգնահատելի արժեք ունեցող հարստությունները: Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանի խոսքերով` 1930 թվականին ստեղծված թանգարանի մասին այսօր գիտեն ողջ աշխարհում, սակայն սովորական մահկանացուներս հնարավորություն չունենք տեսնել այն, ինչ հազարավոր դարեր պահպանվում էին Շիրակի մարզի հողերում:

Համազասպ Խաչատրյանի աշխատասենյակի կենտրոնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հսկայական կարասն է, սեղանին՝ երեք հազար տարեկան կանացի սկիզբ խորհրդանշող եռանկյունաձև քարի կտորը, իսկ պահարանի վրա՝ կարասներ և հավանաբար Հայաստանում ամենահին աղի կճուճը:

«Հետքի» հարցերին պատասխանում է  Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը:

-Որն է պատճառը, որ նման պատմություն ունեցող թանգարանը երբեք չի ունեցել առանձին շենք:

-Ժամանակին նորմալ չի մատուցվել, խնդրով չեն զբաղվել: Նախկինում թանգարանը զբաղեցնում էր Գյումրու Մանկավարժական ինստիտուտի առաջին հարկը, այն էլ այնտեղ գտնվում էր միայն ցուցադրությունը: 1984 թվականին թանգարանը հանեցին այնտեղից ու այդ իսկ օրից թանգարանը կոնսերվացվել էր: Երկրաշարժն էլ ամեն ինչ ավելի հետաձգեց: Իսկ  երկրաշարժից հետո առաջին հերթին լուծվեց քարաշեն դպրոցների հարցը, այնուհետ՝ հիվանդանոցների, և հիմա բնակարանաշինության հերթն է, որը դեռ ամբողջովին լուծված չէ:  Հաշվի պետք է առնենք այն, որ մինչ օրս մոտ երեք հազար ընտանիք անտուն է: Ճիշտ է, թանգարանի շենքային պայմանների հարցը բարձրացվել է մինչև հանրապետության նախագահը: Հարցը գրեթե լուծված էր, սակայն առաջացավ որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը, իսկ քաղաքի բոլոր շինություններն անխտիր սեփականաշնորհված են, ու ազատ շինություն ուղղակի չկա, որը պետությունը կարողանա հատկացնել թանգարանին: Շատ են դատարկ շենքեր, որոնք սեփականաշնորհված են և սարսափելի բարձր գներով են վաճառում:

-Խնդրի լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում:

-Մենք առաջարկել ենք երկու տարբերակ. կամ նոր շենքի կառուցում, կամ էլ Գյուլբենկյան հիվանդանոցի շենքի տրամադրումը, որտեղ անհրաժեշտ է կատարել միայն ներքին հարդարում: Սակայն քաղաքում ազատ շենքերի բացակայության պատճառով այնտեղ, հավանաբար, կտեղափոխվեն նախարարությունները:

-Փաստորեն, թանգարանը կա, գիտական ոլորտում աշխատանքներ կատարվում են, բայց միաժամանակ՝ այն գոյություն չունի:

-Մեր տեղը գիտեն ամբողջ աշխարհում, աշխատել ենք բազում խոշոր համալսարանների հետ, սակայն փողոցից անցորդները չեն կարող մտնել ներս և նայել: Պեղումների ժամանակ գալիս են խմբերով, օրինակ` անցած տարի մեզ այցելելու եկան գերմանացի պրոֆեսորներ իրենց ուսանողների հետ: Երկար տարիներ ճապոնացիների հետ ենք աշխատում՝ Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանից:

-Ներկայումս մարզում հնագիտական ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:

-Սեպասարի արշավախումբն է, որը վաղ բրոնզեդարյան տաճարական բնակավայր էր: Այն արդեն տասը տարի պեղում ենք: 2009-ից էլ՝ Հայկաձորում, մյուսը հայ-գերմանական Ազատանի արշավախումբն է. այն մի հսկայական հուշարձան է: Մեկ այլը Երերույքին է՝ հայ-ֆրանսիական, որի պայմանագիրը Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի հետ է: Մեկ այլ ծրագիր է պալեոլիտի ուսումնասիրությունը՝ դաշտային ուսումնասիրություն Հյուսիսային Հայաստանի չորս գետերի ավազաններում, ու ծրագիրը հիմնական հումքի աղբյուրների որոնում էր: Հետագայում ծրագիրն ընդլայնվեց նեոլիտի շրջանում, որն իրականացվեց նաև Սիսիանում, Արզնիում, Լուսակերտում,  և դեռ շարունակական է:

-Պեղումների ավարտից հետո ինչպե՞ս է կատարվում կոնսերվացիան, ստեղծվա՞ծ են պայմաններ այնտեղ տուրիստական արշավախմբեր տանելու համար:  

-Դե ամեն ինչ չէ, որ կոնսերվացվում է, միայն այն, ինչ վտանգավոր է: Հիմնական աշխատանքները մեծածավալ չեն, չեն ընդգրկում մեծ մակերեսներ: Տուրիստներ միշտ էլ լինում են:  Հուշարձան ունենալը քիչ է, տուրիզմի զարգացման համար մեզ մոտ բացակայում են մնացած բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրայի տարրերը:

-Իսկ եղե՞լ են փորձեր, երբ ձեր բացակայության ժամանակ պեղումնավայրում աշխատել են գանձեր որոնողները:

-Թալանողները որոշակիորեն մասնագիտացած են, մեզ մոտ նմանատիպ դեպքեր չեն եղել: Լսել եմ, որ նմանատիպ դեպք եղել է ժամանակին Լճաշենի դամբարանադաշտում: Նման դեպքում վարչական կամ քրեական միջոցները չեն, որ պետք է աշխատեն, մարդկանց գիտակցությունը: Օրինակ՝ Բենիամինում այդքան տարի աշխատում ենք, ու հիմա փորձվի մեկը գնա ու պտտվի այն կողմերում: Նման դեպքերում բնակիչներից մեկը գնում և հետաքրքրվում է, թե ի՞նչ գործ ունի նա այդ տեղանքում, քանի որ նրանք գոնե մի կաթիլ քրտինք ունեն թափած այնտեղ: Այսինքն` մարդկանց պետք է բացատրել հուշարձանի արժեքը: Հուշարձանների պահպանության ամենալավ ձևը դրանց ուսումնասիրությունն է, որքան շատ մարդ է աշխատում այնտեղ, այնքան շատ մարդ սկսում է գնահատել դրանց արժեքը:

- Շիրակի դաշտերի մեծամասնությունը գտնվում է դամբարանադաշտերի վրա, երբեմն` նույնիսկ բնակավայրերի տակ: Նման տեղանքներում աշխատելիս խնդիրներ չեն առաջանու՞մ: 

-Օրինակ` Ազատանը, որը հսկայական հուշարձան է, հայտնաբերվել էր 1995-ին պատահականորեն, գյուղացիների կողմից: Այդ ժամանակ ուսանողներիս հետ Բենիամինում պեղումներ էինք կատարում և արագ մեկնեցինք Ազատան: Գյուղացիները ցանկացել էին դաշտը լայնացնել՝ քարերը հետ էին քաշել ու, երբ արդեն նետասլաքներ էին գտել, լուր տվեցին մեզ գտածոների վերաբերյալ: Այդ պահին միջոցներ չունեինք, սակայն մեր միջոցներով կատարեցինք: Ազատանի հնավայրն ունի ամրոց, կացարաններ, բնակավայրեր, դամբարանադաշտեր: Վերջիններս չեն երևում, քանի որ մելիորացիա է արվել, ծածկասարերը հարթեցվել են, սակայն բուն դամբարանները հիմնականում դաշտերի տակն են: Կամ մի այլ հատվածում, մարդիկ իրենց տան բակում հին զուգարանի կողքը որոշում են նորը փորել ու հնի ու նորի արանքում հայտնաբերում են միջին բրոնզե դարի դամբարան: Կրկին գալիս և տեղեկացնում են մեզ: Պարզվեց, որ գյուղի ողջ հարավային կողմը նստած է դամբարանադաշտի վրա: Դեկտեմբեր ամիսն էր, րոպե առ րոպե սպասում էինք ձյան գալուն և չէինք կարող աշխատանքները թողնել հաջորդ տարի, որ խնդրեինք հավելյալ ֆինանսավորում ու նոր կատարեինք պեղումները: Հիմնականում նմանատիպ դեպքերում մենք կատարում ենք մեր հաշվին, քանի որ հնարավոր չէ թողնել ոչնչանան:

- Շիրակի մարզի կլիմայական պայմանները հաշվի առնվու՞մ են պեղումներ կատարելիս, ե՞րբ են սկսվում պեղումների աշխատանքները:

-Երբ փող եղավ, անկեղծ: Օրինակ` անցած տարի Հայկաձորում պեղումները սկսել ենք նոյեմբերին, քանի որ մինչ այդ գումար չկար (անկեղծորեն ծիծաղում է):

 

Առաջին լուսանկարում Համազասպ Խաչատրյանն է

Հարցազրույցը եւ լուսանկարները` Անահիտ Մինասյանի

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Կան մարդիկ, որոնք նվիրված են հայրենիքին ու ոչինչ չեն խնայում հանուն նրան... սակայն ցավոք նրանք քիչ են մեր օրերում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter