HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեւանը լավ քաղաք ա, մեղք ա, պիտի զարգացնել»

Արփինե Մինասյան 

Սիրիահայ բժիշկ Վրեժ Սահակը շատ է սիրում իր մասնագիտությունը, քանի որ, ինչպես ինքն է ասում, կարողանում է օգնել մարդկանց: Վրեժն աշխատում է Սեւանի պոլիկլինիկայում, նա մաշկաբան-մաշկավեներոլոգ է: Նրան դիմողները շատ են, դիմում են մաշկային տարբեր հիվանդությունների, սեռավարակների հարցերով:

«Հայաստան առաջին այցս 1999թ.-ին էր, եկա ուսում ստանալու նպատակով: Սովորեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացա առաջին մասնագիտությունս` ընդհանուր վիրաբուժություն, այնուհետեւ վերադարձա Սիրիա»,- պատմում է 34-ամյա Վրեժը:

Մեկուկես տարի հետո դարձյալ վերադառնում է Հայաստան, մասնագիտանում երկրորդ` մաշկաբան-մաշկավեներոլոգ մասնագիտության մեջ: Ավարտելուց հետո առողջապահության նախարարությունը նրան գործուղում է Սեւանի պոլիկլինիկայում աշխատելու:

Վրեժ Սահակը ոգեւորությամբ է խոսում իր արմատների մասին: Հայրական կողմը Արեւմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից է, մայրական կողմը` Մուշից: «Ծնողներս եւ մենք Սիրիայում ենք ծնվել` 2 քույր եւ մեկ եղբայր ունեմ»,- ասաց Վրեժը:

Նրա ընտանիքն ապրում է Սիրիայի Կամիշլի քաղաքում: Մեր հարցին, թե  Սիրիայում տեղի ունեցող կռիվների ժամանակ կարողանո՞ւմ էր կապ հաստատել ընտանիքի ու հարազատների հետ, Վրեժը  պատասխանեց, որ Կամիշլին միակ քաղաքն է, որտեղ մինչ օրս կռիվներ ու բախումներ չեն եղել: 

Վրեժը Սիրիա վերադառնալու ցանկություն չունի, ուզում է մնալ Հայաստանում, քանի որ սովորել է այստեղի կյանքին: «Վերջիվերջո, սա իմ հայրենիքն է, ես իմ կամքով եմ եկել: Ոչ էլ հարազատներս են ցանկանում գալ Հայաստան, քանի որ այնտեղ աշխատանք ունեն եւ այսօրվա դրությամբ վտանգ չկա, եթե լինի ստիպված կգան»,-ասում է նա:

34-ամյա մաշկաբան-մաշկավեներոլոգը Սեւանում վարձով է բնակվում: «Սեւանը, որպես զբոսաշրջային քաղաք, մեղք ա, պիտի զարգացնել, էս քաղաքը լավ քաղաք ա: Աշխատանք պիտի լինի, որ մարդիկ աշխատեն, թե չէ երկրից հեռանում են, իմ հիվանդներից էլ են գնացել: Արտագաղթի պատճառներից հիմնականն այն է, որ մարդը տեսնում է նույն փողոցը, նույն փոսը, զզվում է: Որպես հայրենասեր մարդ, որպես բժիշկ, որպես քաղաքացի չեմ ցանկանում, որ իմ երկիրը դատարկվի, որովհետեւ դատարկության վրա ոչինչ չես կարող անել»,- նշում է բժիշկը:

Վրեժի պատմելով` Սիրիայի Քամիշլի քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել է ինքը, այդքան էլ բարեկարգ չէ, բայց աշխատանք կա: «Սիրիան մեծ երկիր է, փող կա, գործ էլ կա: Սեւանում պիտի զարգացնել զբոսաշրջությունը, այգիները սիրունացնել, ներդրումներ պիտի արվեն, սրճարաններ, ռեստորաններ պիտի կառուցվեն: Կարեւորն այն է, որ բոլորը լավ ապրեն»,- զբոսաշրջային քաղաք ունենալու իր տեսլական է ներկայացնում Վրեժ Սահակը:

Մեկնաբանություններ (4)

Ani
Դառը փորձ եմ ունեցել այսպիսի մի մուսուլմանական երկրից եկած բժշկի ձեռքն ընկնել, մի լավ հիվանդանալ: Ու շատ-շատ վախենում եմ, որ սրանք ինչ որ ագենտներ են, ուղարկված հատում, որ հայերին ՙօգնեն:: Հեռացեք մեր երկրից, ստոր թշնամիներ:
Արփինե Մինասյան
Հարգելի Անի, մի ընդհանրացրեք դեպքերը եւ մի վիրավորեք մարդկանց, ում է ուղղված պիտակը?? Եթե այդքան մտահոգված եք ագենտներով, ապա երեւի ինձանից լավ գիտեք, որ հայերի մեջ շատ ավելի լավ ու հաջողված կան: Ինչ վերաբերում է Վրեժ Սահակին, ասեմ, որ նա առաջին հերթին հայ է, ոչ թե մուսուլմանական երկրի ներկայացուցիչ:
Արփի
Հարգելի Անի, Հասկանում եմ, որ գուցե Դուք մեկ բժշկի հետ դառը փորձ եք ունեցել և դա բնականաբար Ձեզ մոտ մեծ վիրավորանք ու զայրույթ է առաջացրել, սակայն կարծում եմ Ձեր ասածները շատ կոպիտ և ընդհանրական են, ու մեկ անհաջող փորձը չարժե տարաժել բոլորի վրա: Թեկուզ իմ անձնական փորձով կիսվեմ, երկու սիրահայ հրաշալի և իրենց գործին նվիրված սրտաբաններ փրկել են իմ հայրիկի կյանքը: Ու մուսուլմանական երկրից կարող է ոչ միայն սփյուռքահայ գալ, այլև հենց մուսուլման, որը խաբելու հետ ընդհանրապես խնդիր չունի: Սիրիայում բնակվող հայերը մեր հայրենակիցներն են ու շատ ազնիվ և աշխատասեր մարդիկ են, և վստահաբար կարող եմ նշել, որ նրանց «ստոր թշնամի» անվանելը սխալ է, այս նույն մարդիկ ինչպես որ կարողացել են մեզ են օգնել այն ժամանակ, երբ մեզ մոտ պատերազմ էր և մութ ու ցուրտ տարիներ էին: Իսկ հիմա էլ մեր հերթն է:
Թլկատինցի
Կեցցե՛ս Սահակ եղբայր: Ամէնայն հաջողութիւն քեզի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter